Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՊԵՐ ԷՐԻԿԸ ՄԻԱՅՆ ԿԵՂԾ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ

Նոյեմբեր 03,2009 00:00

Նա նաեւ կեղծ ցուցմունք է կորզում

Հուլիսի 1-ին Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, «Փարիզյան սուրճ» խանութի մոտ, հայրենի ոստիկանության ներկայացուցիչները Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի իրազեկման թերթիկներ բաժանող երիտասարդների վրա հերթական հարձակումն էին կատարել: Հիմնականում քաղաքացիական հագուստով ոստիկանները ուժի գործադրմամբ նախ՝ փորձել էին խլել բարձրախոսը, հետո՝ թռուցիկները, ու դաժանորեն ծեծել էին մի քանի երիտասարդների, որոնց թվում եղել էին նաեւ անչափահասներ: Տուժածներից երեքը՝ Սահակ Մուրադյանը, Հերբերտ Գեւորգյանն ու Տիգրան Առաքելյանը, որի գլխին ոստիկաններից մեկը հարվածել էր զենքի խզակոթով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հաջորդ օրը մեղադրանքներ էին առաջադրվել ոչ թե իրենց խուլիգանի պես պահած ոստիկանների, այլ միջադեպի արդյունքում տուժած եւ հիվանդանոց տեղափոխված երիտասարդների նկատմամբ: Հուլիսի 5-ին էլ ոստիկանին վիրավորելու եւ խուլիգանություն անելու մեղադրանքով կալանավորվել էր Տիգրան Առաքելյանը: Նա այսօր էլ  մեղադրվում է իր կրկնակի քաշն ունեցող  ոստիկանության աշխատակցին՝ ոստիկանության Կենտրոնի բաժնի «օպերիկ» Էրիկ Պողոսյանին (նկարում), ընդհուպ մինչեւ անգիտակից վիճակի հասնելու աստիճան ծեծելու մեջ:
Նախաքննական մարմնին այս օպերը պատմել էր, թե Տ. Առաքելյանն իրեն ծեծելով գցել է գետնին ու էնպես է քացով խփել գլխին, որ նա արթնացել է մեկ էլ հիվանդանոցում ու զգացել, որ «շարիկներս փռռում են»: Թե էդ ի՞նչ շարիկ էին փռռացել օպերի գլխում՝ դժվար է ասել:
Իսկ միջադեպի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից գլխին ստացած հարվածների պատճառով տեսողությունն արդեն մեկուսարանում աստիճանաբար կորցնող Տիգրանի խափանման միջոց կալանքը փոխվեց միայն հոկտեմբերի 8-ին:
Նրա գործով նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Մինչ այս երեք առերեսումներ են եղել Տիգրանի եւ եւս երեք ոստիկանների, այդ թվում՝ նաեւ հենց Է. Պողոսյանի հետ: Ինչպես եւ կանխատեսվում է, բոլոր վկա ու տուժող ոստիկանները նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել: Թե իր գործը ե՞րբ  դատարան կմտնի, Տիգրան Առաքելյանը տեղյակ չէ: Նա կասկած հայտնեց, թե իր գործով որպես տուժող անցնող օպեր Պողոսյանին ընդհանրապես որեւէ մեկը ծեծի է ենթարկել: «Առնվազն այնտեղ, որտեղ նրա եւ մյուս ոստիկանների նկարագրությամբ իրեն ծեծել են՝ ես չեմ եղել: Ես եղել եմ նրանց նշած վայրից մոտավորապես մի 50-70 մետր հեռու: Դալանի մոտ մեր տղաների վրա հարձակվելու պահին ես հեռվից տեսա, որ այդտեղ ինչ-որ բան է կատարվում եւ վազեցի այդ ուղղությամբ: Հետս քաղաքացիական հագուստով երկու հոգի էլ էին վազում: Դեռ տեղ չհասած, տեսա, որ դրանցից մեկի ձեռքին զենք կա, բայց չհասցրի նույնիսկ գոռալ, զգուշացնել մեր տղաներին, որ նա զենք ունի, թիկունքից խփեց գլխիս: Սա է եղել ողջ պատմությունն ու իմ մասնակցությունն այդ միջադեպին»,- երեկ «Առավոտին» պատմեց Տիգրանը՝ շեշտելով, որ այդ զենքով մարդը Է. Պողոսյանը չի եղել: Վերջինիս նա դեմքով տեսել է միջադեպից հետո, այն էլ՝  թերթերից: 
Որ ոստիկանները ընդդիմության ակտիվիստների կամ արդեն հայտնի քաղաքական գործիչների դեմ ապօրինություններ գործելուց հետո իրենք են հայտնվում տուժողի կամ վկայի կարգավիճակում՝ արդեն օրինաչափություն է: Օրինաչափություն կարելի է համարել նաեւ այն, որ նման եւ ավելի այլանդակ պատմություններում որպես գլխավոր «հերոս» ավելի հաճախ է մատնանշվում հենց Էրիկ Պողոսյանի անունը: Նա  է հենց այն օպերը, ով մինչեւ մարտիմեկյան իրադարձությունները որպես վկա էր անցնում նախկին քաղբանտարկյալ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գործով, իսկ «Մարտի 1»-ից հետո ե՛ւ «վկայի», ե՛ւ «տուժողի» կարգավիճակում ընդգրկված էր բազմաթիվ քաղբանտարկյալների գործերում: Վերջին այդպիսի գործերից մեկը, որ քննվում էր դատարաններում, «Յոթի» գործն էր: Է. Պողոսյանն այնտեղ էլ էր ներկայացել որպես «պիտուշ» տուժող:  Սա արդեն, ինչպես տեսնում եք, Է. Պողոսյանի «վատ խասյաթի» մասին է խոսում:
Հենց այս էլ նկատի ունենալով՝ Տ. Առաքելյանը նկատեց, որ էդ մարդուն՝ օպեր Էրիկին,  ոստիկան լինելը հակացուցված է. «Չի կարողանում ոստիկանություն անի, թո՛ղ իրեն ուրիշ գործ ճարի: Կամ էլ ինքն իսկապես իր տեղում է, եւ նրա պարտականությունը հենց սուտ վկա կամ սուտ տուժող լինելն է»:
Բայց ամենասկանդալային պատմությունը, որի համատեքստում շոշափվում է այս Էրիկ Պողոսյանի անունը, կապված է 2009թ. սկզբներին ոստիկանության Կենտրոնի բաժնում 18 եւ 22-ամյա քույրերին ու նրանց հորը խոշտանգումների ենթարկելու փաստի հետ: Այս օրերին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է անցյալ տարի դեռ անչափահաս մի աղջկա նկատմամբ սեռական բռնության գործով մի դատավարություն: Սեփական դստերը, իբր,  բռնաբարելու, մյուս դստերը, իբր, խոշտանգելու մեջ մեղադրվում է մի թալինցի, թեեւ մեղադրյալի աթոռին՝ բռնության ենթարկված աղջկա ասելով, պիտի լիներ այլ մարդ՝ իսկական հանցագործը՝ Տիգրան անունով: Իսկ այդ գործը «թխվել» է հենց Կենտրոնի ոստիկանությունում: Այստեղ «նախաքննություն» կոչվածի ընթացքում խոշտանգումների են ենթարկվել ե՛ւ այսօր ամբաստանվող հայրը, ե՛ւ նրա դուստրերը: Խոշտանգողներից մեկն էլ եղել է հենց Էրիկ Պողոսյանը, ով ե՛ւ աղջիկներին, ե՛ւ նրանց հորը նաեւ ծեծի է ենթարկել՝ նրանցից ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Պատկերացրեք՝ ստացվել է: Ու թեեւ այս պատմության մասին բոլորը գիտեն, բայց հայրենի ՀՔԾ-ն, չգիտես ինչու, դրանով չի զբաղվում. Էրիկ Պողոսյանն էլ շարունակում է աշխատել որպես օպեր: Թերեւս այն պատճառով, որ նա շատ թանկարժեք «տուժող» եւ «վկա» է բոլոր քաղբանտարկյալների գործերով:
Թե այդքանից հետո որքանո՞վ արժանահավատ կարող է լինել  ծանր հանցագործության մեջ մեղադրվող օպեր Էրիկի որեւէ ցուցմունք որեւէ քաղաքացու գործով՝ դատեք ինքներդ: Այս մասով մեզ հետ զրույցում Տ. Առաքելյանը միայն մի բան նկատեց.  «Երեւի այդ Է. Պողոսյանի մոտ հենց դա է ամենալավը ստացվում. կատարել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ՝ կեղծ ցուցմունքներ տալ, կեղծ ցուցմունքներ կորզել ու դրանց հիման վրա ակնհայտ անմեղ մարդկանց վրա նյութեր սարքել, պաշտոնեական լիազորություններն անցնել: Նա երեւի լավ տիրապետում է այդ գործին, ու հենց դրա համար է, որ նման գործերը հենց նրան են հանձնարարվում: Իսկ ինչի չանի՞ որ, ո՞վ է նրա ձեռքը բռնելու կամ դատապարտելու դրա համար»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել