Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-Ն ԷԼ ՉԸՆԴՈՒՆԵՑ

Նոյեմբեր 03,2009 00:00

Վարդան Խաչատրյանին կրկին հեռացրել են

Անցած հանգստյան օրերը, պարզվում է, բավականին անհանգիստ են եղել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության եւ նրա նորաթուխ անդամ, «Ժառանգությունից» հեռացված Վարդան Խաչատրյանի համար: Բանն այն է, որ հոկտեմբերի 31-ին՝ շաբաթ օրը, կայացած արտահերթ նիստում դադարեցվել է Վարդան Խաչատրյանի 7-օրյա անդամակցությունը կուսակցությանը: Այդ առիթով կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Համաձայն ՍԴՀԿ կանոնադրության անդամակցության մասին դրույթի 4-րդ կետի՝ Հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել՝ այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն մեկ տարի անց»: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ներկուսակցական այս ինտրիգի պատճառի արմատները հասնում են մինչեւ Հայ ազգային կոնգրես: Ընդամենը 1,5 տարի առաջ կուսակցությանն անդամագրված եւ արդեն ՍԴՀԿ ԿՎ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ՍԴՀԿ ԿՎ որոշ անդամների հետ հակված է փոխել Հայաստանյան ՍԴՀԿ-ի, այսպես ասած, հունը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն հավատարմորեն շարունակում է մնալ ՀԱԿ-ի կողքին, ինչը շատերին արդեն չի բավարարում: Վարդան Խաչատրյանին ներգրավելով կուսակցական աշխատանքում՝ աստիճանաբար պետք է փորձ արվեր կուսակցության ներկայիս ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին փոխարինել Վարդան Խաչատրյանով: Իսկ դրան, հավանաբար,  կհաջորդեր ՍԴՀԿ-ի՝ ՀԱԿ-ից դուրս գալը: Նկատենք, որ ՍԴՀԿ ԿՎ-ն միանշանակ չի ընկալել կուսակցության հայաստանյան կառույցի անդամակցությունը ՀԱԿ-ին, եւ այս ընթացքում էլի փորձեր են եղել հակակոնգրեսական կեցվածք դրսեւորելու: Նույնիսկ վերջերս տեղի ունեցած համահնչակյան համագումարից առաջ համառորեն լուրեր էին շրջանառվում, որ ՍԴՀԿ-ի՝ ՀԱԿ-ից դուրս գալու հարցն էլ պիտի դրվի քննարկման: Վահան Շիրխանյանը երեկ հրաժարվեց խոսել թեմայի շուրջ՝ միայն անդրադառնալով Վարդան Խաչատրյանին հեռացնելու փաստին, ասաց. «Համբերենք, մինչեւ կուսակցությունն ինքն իր ներքին խնդիրը կլուծի եւ վերջնական հայտարարությամբ հանդես կգա։ Այսօր-վաղը կենտրոնական վարչության հայտարարությունը կլինի՝ ամեն ինչ պարզ կդառնա»: Վարդան Խաչատրյանի հետ խոսել երեկ չհաջողվեց: Վերջինիս հեռախոսն անջատված էր ողջ օրվա ընթացքում:
ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ կուսակցության կանոնադրության այդ կետը չէ՞ր գործում, երբ Վարդան Խաչատրյանին ընդունում էիք կուսակցության շարքերը, պատասխանեց. «Կուսակցությունում նման նախադեպ չէր եղել, երբ նորերս այլ կուսակցությունից հեռացված մարդը փորձեր անդամագրվել ՍԴՀԿ-ին, հավանաբար, բացթողումն այդտեղ եղավ: Բարեբախտաբար, կուսակցության «հնաբնակները» շատ ավելի զգոն գտնվեցին եւ պահանջեցին, որ հավատարիմ մնանք կանոնադրության տառին: Բայց Վարդան Խաչատրյանն ինքը լավ ուսումնասիրել էր կուսակցության կանոնադրությունը, ուստի պիտի որ լավ իմանար, որ ՍԴՀԿ-ին անդամակցելու հարցով չի կարող դիմել: Երբ անդամագրվում էր, իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են կուսակցությանն անդամագրվելու հարցին պատասխանեց՝ ոչ, ասաց, որ լավ ծանոթ է կուսակցության կանոնադրությանը»: «Առավոտի» հարց-ենթադրությունը՝ Վարդան Խաչատրյանի անդամակցության հարցում ՍԴՀԿ-ի կամ Վարդան Խաչատրյանի նկատմամբ ճնշումնե՞ր են եղել, տիկին Սարգսյանն անպատասխան թողեց: Իսկ 7 օր առաջ որտե՞ղ էին կուսակցության «հնաբնակ»-օրինապաշտները՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ Վարդան Խաչատրյանի անդամակցության գործընթացը շատ հապճեպ է եղել. «Դա մեր մի շարք ընկերների ցանկությունն էր, չեմ ուզում կոնկրետացնել, թե՝ ում, վարչությունն էլ ընդառաջ է գնացել՝ թյուրիմացաբար բացթողում անելով. հիմա որոշել ենք շտկել: Այստեղ անձի խնդիր չկա: Մեկ տարի հետո, ընդունված կարգի համաձայն, պարոն Խաչատրյանը թող դիմի՝ ՍԴՀԿ-ին անդամակցելու համար՝ կքննարկենք»: Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ՍԴՀԿ ԿՎ-ն վերականգնել է Վարդան Խաչատրյանի անդամակցությունը կուսակցությանը, տիկին Սարգսյանն ասաց. «Չհավատաք ոչ մի այլ հայտարարության, բացի հայաստանյան վարչության հայտարարություններից: Ըստ կանոնադրության, նման որոշումներ իրավասու է կայացնել միայն ՍԴՀԿ հայաստանյան վարիչ մարմինը: Իսկ մենք իրավունք չունենք վտանգելու Հայաստանում ՍԴՀԿ-ի գործունեությունը»:
Արդյոք այս պատմությունն ածանցյա՞լ է վերջերս տեղի ունեցած ՌԱԿ, ՀՅԴ եւ ՍԴՀԿ առաջին դեմքերի՝ Հայաստանում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել էր նաեւ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Տիկին Սարգսյանն ասաց, որ Աճեմյանը պարտավոր չէր այդ հանդիպման մասին իրենց հաշվետվություն տալ, մանավանդ, որ այն վերաբերել էր երեք կուսակցությունների սփյուռքյան գործունեությանը՝ համահայկական հարցերի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել