Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 31,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ հինգերորդ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՍԵՐԻԱԼ

Դեռեւս սովետական տարիներին Հախվերդյան Հովիկն իր ու բոլորիս փորձից գիտեր, որ հայերս աշխարհի արժեքներն ավելի լավ գիտենք, քան՝ մերը, եւ ես գեղեցկուհի Էլենի ու իր նշանած Ժակի օրինակով նաեւ գիտեմ, որ էդ հարցում մյուս ազգերն էլ են մեզ պես, ընդ որում՝ ոչ միայն թանգարանների առումով. ծովափի բնակիչները, ի տարբերություն հովեկների, իրենց ունեցած ծովի արժեքը չգիտեն ու ամառվա ընթացքում, ի տարբերություն հովեկների, իրենց սեփական ծովից գրեթե չեն օգտվում, եւ էս ու նմանատիպ երեւույթները գալիս են հաստատելու, որ մարդ արարածը հակված չէ տեսնել ու գնահատել իր իսկ ունեցածը եւ, ընդհակառակը, իր չունեցածն է մշտապես տեսնում ու գնահատում, եւ հատկապես հայերս ենք ուրիշների ունեցածը բոլորեքյան տեսնում ու գնահատում, եւ հեչ պատահական չի, որ հենց մեր մտքում է ծագել ու առաջացել «հարեւանի հարսը սիրուն ա» թեւավոր միտքը, ու էսքանից հետո հեչ էլ պատահական չի, որ Հախվերդյան Հովիկն իր «Մատենադարան» սերիալի սցենարներն այլազգի Կիմ Բակշիին է հանձնարարել, չնայած, այդուհանդերձ, հայկական էդ առաջին սերիալի գաղափարն անձամբ Հովիկինն էր, ու էդ գաղափարի իրագործումը, ըստ Հովիկի, իմ էս «Հայկական ժամանակ» կոչվող սերիալի պես անվերջ էր լինելու ու շարունակվելու, բայց էնպես ստացվեց, որ Սովետի օրոք Հովիկի էդ գաղափարը սկզբնավորվեց, մարմնավորվեց ու կյանքի կոչվեց, իսկ Հայաստանի անկախացումից հետո աստիճանաբար մարեց ու, փաստորեն, ավարտվեց, ավելի ճիշտ՝ կիսատ մնաց, եւ, ցավոք սրտի, մեր մեծահարուստների փողերը՝ որ ամեն ինչի համար նախատեսվում են, Հովիկի ու մեր Մատենադարանի համար չնախատեսվեցին, ու հայկական էդ առաջին սերիալը՝ որ ապազգային Սովետի օրոք սկսվել էր, մեր ազգային պետության օրոք ընդհատվեց, մինչդեռ, Հովիկի ասելով, Մատենադարանի գանձերն էնքան շատ են, որ ինքն ամբողջ կյանքում պիտի նկարահաներ ու նկարահաներ, բայց, ցավոք սրտի, հայոց էդ առաջին սերիալը չափազանց վաղաժամ ընդհատվեց, ու էս տխուր փաստն էլ է հաստատում, որ օտարները մեր արժեքներն ընդհանրապես եւ մեր Մատենադարանը հատկապես ավելի են կարեւորում ու գնահատում, քան՝ մենք, ու մեր դուդուկն էլ, փաստորեն, օտարների կողմից գնահատվեց ու պանծացվեց, եւ, ի տարբերություն Հովիկի, Ջիվան Գասպարյանի բախտն էականորեն բերեց, որովհետեւ օտարների շնորհիվ ոչ միայն մեր դուդուկը վերաիմաստավորվեց, այլեւ՝ Ջիվան Գասպարյանի կյանքը, եւ դուդուկն ու Ջիվանն օտարների կողմից էն աստիճանի գնահատվեցին ու վերաիմաստավորվեցին, որ հիմա ողջ աշխարհն է դուդուկ լսում՝ ներառյալ հայ քաղքենին, եւ հայ քաղքենին՝ որ ժամանակին դուդուկը ռաբիս էր համարում եւ իր հարազատների հոգեհանգիստներին էլ բացառապես ջութակահարների կվարտետ էր հրավիրում, հիմա դեմքի լուրջ արտահայտություն ստանձնած՝ կարող է ժամերով դուդուկ լսել եւ չամաչել՝ մանավանդ էն դեպքերում, երբ մեր դուդուկն օսկարակիր ֆիլմերից է հնչում, եւ չնայած քաղքենին միշտ էլ քաղքենի է մնում ու միշտ էլ քննադատության որեւէ թիրախ գտնում է, այդուհանդերձ, դուդուկից ու Ջիվանից վազն անցավ, եւ դա դուդուկի ու մանավանդ Ջիվանի բախտից էր, եւ Ջիվանը՝ որ հիմա պիտի ծերացած ու իսկական պապիկ դառած լիներ, դուդուկի գլոբալիզացիայից հետո ավելի ջահելացավ ու ջիվանացավ, որովհետեւ էս դժվարին ժամանակներում, ի տարբերություն Հովիկի ու շատերի, ոչ միայն մշտական աշխատանք ունի, այլեւ իր մշտական աշխատանքը մեկին մեկ համընկնում է իր սրտի աշխատանքին. ավելին. Ջիվանը դուդուկի գլոբալիզացիայից հետո ոչ միայն մշտական աշխատանքով ապահովվեց, այլեւ անվիճելի ու անառարկելի հեղինակություն դարձավ, եւ եթե իր ջահել ու ջիվան տարիներին շատերն իրեն Վաչե Հովսեփյանից ու Լեւոն Մադոյանից ցածր էին դասում, հիմա ինքն արդեն դուդուկի գծով որեւէ կոնկուրենտ չունի, որովհետեւ հայոց դուդուկի գլոբալիզացիայի իրողությունը վերջնականապես ու անդառնալիորեն է կապվում Ջիվան Գասպարյանի անվան հետ, եւ եթե Հայաստանի անկախացումը վերջ դրեց Հախվերդյան Հովիկի «Մատենադարան» ֆիլմին, դուդուկին ու մանավանդ Ջիվանի դուդուկին միանգամայն նոր կյանք պարգեւեց, եւ չնայած մեր ու անձամբ Ջիվանի դուդուկի գլոբալիզացիայի գործը հիմնականում օտարների ջանքերի արդյունքն էր, այդուհանդերձ, դուդուկի ու մանավանդ Ջիվանի դուդուկի գլոբալիզացիան կատարվեց ու տեղի ունեցավ Հայաստանի անկախացումից հետո միայն, ու հավանաբար նաեւ դա է պատճառը, որ ամեն տարի սեպտեմբերի քսանմեկին Ջիվան Գասպարյանը հեռուստացույցով անձամբ ու սրտանց է շնորհավորում մեր անկախության տոնը, որովհետեւ Հայաստանի անկախացումը Ջիվանին ոչ միայն անկախություն պարգեւեց, այլեւ՝ ապահովություն, ինչպես նաեւ՝ մինչեւ կյանքի վերջ սիրած գործով զբաղվելու հնարավորություն, մինչդեռ նույն էդ անկախությունը Հովիկին ու շատերին զրկեց իրենց սիրած գործով զբաղվելու հնարավորությունից, ու հեչ պատահական չի, որ մեր քաղաքամոր լայնահուն պողոտաներից մշտապես մեզ է ժպտում Գասպարյան Ջիվանը՝ «իմ զենքը իմ դուդուկն է» վերտառությամբ, ու էս դեպքում, ի տարբերություն այլ դեպքերի, մենք ոչ թե պնակալեզության ու իշխանամետության հետ գործ ունենք, այլ՝ բացարձակ ճշմարտության, որովհետեւ դուդուկն իսկապես Ջիվանի զենքն է, որի շնորհիվ ինքը գրավեց ու շարունակում է գրավել աշխարհը, եւ դուդուկի շնորհիվ ինքը ոչ միայն չի ծերանում, այլեւ, ընդհակառակը, ջահելանում է, եւ չնայած էս ընթացքում Հախվերդյան Հովիկն էլ չի ծերացել ու համարյա նույնն է մնացել, Հովիկի չծերանալն իր մասնագիտության ու մանավանդ մեր անկախության հետ որեւէ կապ չունի. իր չծերանալը զուտ ցեղական ու տոհմիկ երեւույթ է, որովհետեւ իր եղբայր Լեւոն Հախվերդյանն էլ, չնայած առաջացած տարիքին, չծերացավ ու բիձա չդառավ, եւ Հախվերդյան Ռուբոն էլ դժվար թե երբեւէ ծերանա, իսկ ինչ վերաբերում է անձամբ Հովիկին, ինքը ոչ միայն չի ծերացել ու բիձա չի դառել, այլեւ հումորի զգացումն էլ չի կորցրել, եւ ամեն իրեն տեսնելիս էն զգացողությունն եմ ունենում, թե՝ էս քսան տարիները չեն էլ եղել, եւ իր հումորն էլ է նույնը, եւ չնայած վերջին տարիներին իրեն հիմնականում մեր նշանավորների թաղումների ժամանակ Կոմիտասի պանթեոնում եմ հանդիպել, իր հումորն էնքան ինքնաբուխ է, որ նույնիսկ թաղման արարողության ժամանակ չի ինքնազսպվում, եւ չնայած իր ստեղծագործական կյանքն ու իր սկսած «Մատենադարան» ֆիլմն անկախության տարիներին բուռն շարունակություն չունեցան, իր անզուգական հումորն անդադար շարունակվում ու չի ընդհատվում, եւ երբ վերջին անգամ Պանթեոնում իրար տեսանք, շշուկով հարցրեց՝ «արա՞, էդ «Առավոտում» սերիալ ե՞ս տպում», եւ ես շշուկով ասացի՝ «առաջին մարդն ես, որ գլխի ես ընկել», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչն եմ գլխի ընկել», եւ ես ասացի՝ «գլխի ես ընկել, որ էդ գրածս սերիալ ա», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «մոռանում ես, որ հայկական սերիալի հիմնադիրը ես եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց ես հիմնադիրը», եւ Հովիկն ասաց՝ «քո կարծիքով՝ իմ «Մատենադարանը» սերիալ չէ՞ր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դժվար ա ասել», եւ Հովիկն ասաց՝ «հեչ էլ դժվար չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հեչ պարտադիր չի, որ սերիալի հերոսն իրա մորաքրոջ հետ ամուսնանա», եւ ես ասացի՝ «քո ֆիլմում վաբշե հերոսներ չկային», եւ Հովիկն ասաց՝ «իմ ֆիլմում բոլորն են հերոս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեր գրիչներն ու ծաղկողներն իսկական հերոսներ են», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «համոզեցիր» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «փաստորեն, հայկական սերիալի հիմնադիրն ես», եւ Հովիկն ասաց՝ «դու էլ քո՛ չափով ես հիմնադիր», եւ ես հարցրի՝ «ե՞ս ինչի հիմնադիրն եմ», եւ Հովիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ես կինոսերիալի հիմնադիրն եմ, դու՝ գրական ու գրավոր սերիալի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «բայց քո սերիալը կիսատ մնաց», եւ Հովիկն արդարանալով ասաց՝ «իմ մեղքով չէր», եւ ես հարցրի՝ «քանի՞ սերիա նկարեցիր», եւ Հովիկն ասաց՝ «հաշիվը կորցրել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց տասը էդքան էլ պիտի նկարեի, որովհետեւ ասելիք շատ կար», եւ ես հարցրի՝ «բա խի՞ չես շարունակում», եւ Հովիկը հեգնանքով ասաց՝ «իբր չգիտես» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «որ Արամն էդ սերիալդ չտպի, կարող ա՞ շարունակես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դժվար թե», եւ Հովիկն ասաց՝ «քո գործը մենակ քեզնից ու Արամից ա կախված, բայց կինոն հազար ու մի ուրիշ բաներից էլ ա կախված», եւ ես ասացի՝ «կինոյի համար շատ փող ա պետք», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «ահագին խելոքացել ես. ո՞նց գլխի ընկար», եւ ես ասացի՝ «ո՞վ չգիտի, որ կինոն թանկ հաճույք ա», եւ Հովիկը հոգոց հանելով ասաց՝ «ցավոք սրտի՝ էդպես ա», եւ ես հարցրի՝ «չես կարո՞ւմ փող ճարես», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ փորձել», եւ ես հարցրի՝ «բա խի՞ չես փորձել», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի լավ ա բոմժ դառնանք, քան՝ մուրացկան», եւ ես ժպտալով ասացի՝ «մեծապատիվ մուրացկան», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մուրացկանը մուրացկան ա մնում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մուրացկաններն իրանց համար են փող խնդրում», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «բա ե՞ս ում համար պիտի խնդրեմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ազգի», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «ո՞ր ազգի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մեր ազգի», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «մեր ազգն ի՞նչ կապ ունի իմ փող ուզելու հետ», եւ ես ասացի՝ «էդ ֆիլմդ ավելի շատ մեր ազգին ա պետք, քան՝ քեզ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ինձ ե՞ս խաբում, թե՝ քեզ», եւ ես հարցրի՝ «խի՞ եմ խաբում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ վեպդ՝ որ սկսել ու չես վերջացնում, ազգին ա՞ պետք, թե՝ քեզ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «իմ վեպն ու քո ֆիլմը շատ տարբեր բաներ են», եւ Հովիկը հարցրեց՝ «ինչո՞վ են տարբեր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քո ֆիլմն ազգի մասին ա, իմ վեպը՝ իմ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ ա թվում», եւ ես հարցրի՝ «ինձ ի՞նչ ա թվում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ ա թվում, թե իմ ֆիլմն իմ մասին չի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «կարող ա քո մասին ա, բայց ազգի համար ա», եւ Հովիկն ինձ հարցրեց՝ «մի բան որ ասեմ՝ հո չե՞ս մեծամտանա», եւ ես հարցրի՝ «խի՞ պիտի մեծամտանամ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզնից հեռու չի», եւ ես հարցրի՝ «մեծամտանալս ե՞րբ ես տեսել», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «միշտ», եւ ես ժպտալով ասացի՝ «առաջին մարդն ես, որ ինձ մեծամիտ ա համարում», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «մեծամիտը մեծամիտ ես, բայց որ մի բան ասեմ՝ ավելի կմեծամտանաս», եւ ես ժպտալով ասացի՝ «ասա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ քեզ ա թվում, որ էդ վեպդ ազգի համար չի», եւ ես ժպտալով ասացի՝ «շոյված եմ», եւ Հովիկն ասաց՝ «կշոյվես՝ խի՞ չես շոյվի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «սկզբում շոյվում են, հետո, որոշ ժամանակ անց, մեծամտանում են», եւ ես սկսեցի ծիծաղել, եւ Հովիկն ասաց՝ «կամաց հռհռա. մարդ ա մահացել» եւ մի քիչ լռելուց հետո ավելացրեց՝ «համ մեծ մարդ էր, համ էլ՝ մեծ դերասան», եւ ես ասացի՝ «Խորիկը շատ մեծ դերասան էր», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «որպես իգդիրցի ե՞ս գովում, թե՞ հասկանալով ես ասում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հասկանալով եմ ասում» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «համենայն դեպս, ես Խորիկին ավելի մեծ եմ համարում, քան՝ դու», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ ես ասացի՝ «որ էդ «Մատենադարան» ֆիլմի ռեժիսորը ես ըլնեի, էդ ֆիլմի տեքստերը Խորիկին կտայի կարդար», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «Սոսը վատ ա՞ կարդում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ լավ ա կարդում, բայց Խորիկը երեւի ավելի լավ կկարդար», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «հասկանալով ե՞ս ասում, թե՝ որպես իգդիրցի», եւ ես ժպտալով ասացի՝ «որպես ռեժիսոր եմ ասում», եւ Հովիկն ասաց՝ «սուս. Սոսն ա խոսում», եւ ես ասացի՝ «ուրիշներն էլ էին խոսում», եւ Հովիկն ասաց՝ «Սոսի խոսալը լրիվ ուրիշ ա», եւ երբ Սոս Սարգսյանը մահախոսականն ավարտեց, Հովիկն անմիջապես ասաց՝ «շատ հզոր ելույթ էր», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ էր հզոր», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմաստով», եւ ես ասացի՝ «սովորական ելույթ էր», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեծամիտների համար ամեն ինչ սովորական ա», եւ ես հարցրի՝ «մահախոսականի հզորը ո՞րն ա», եւ Հովիկն ասաց՝ «որ ուշադիր լսեիր՝ կհասկանայիր» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրա խոսքը մյուսների ելույթներից շատ էր տարբեր», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց մյուսների ելույթները չէիր լսում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես առանց լսելու էլ գիտեմ՝ ով ինչ պիտի ասի», եւ ես ժպտալով ասացի՝ «ես շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ քեզ հասնեմ», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «մեծամտության իմաստով», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էս դո՞ւ ինչի չես ելույթ ունենում», եւ ես զարմացած հարցրի՝ «որպես ի՞նչ ելույթ ունենամ», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «որպես իգդիրցի», եւ ես ասացի՝ «կյանքումս մահախոսական ասած չկամ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուզես չուզես՝ մի օր պիտի ասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «գիտես թե՝ Սոսը սաղ կյանքում մահախոսական ա՞ ասել», եւ ես ասացի՝ «Ֆրունզի թաղմանն էլ Սոսը խոսաց», եւ Հովիկն ասաց՝ «որովհետեւ Ֆրունզն էլ էր իրա ընկերը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Սոսը միշտ էլ Խորիկին ու Ֆրունզին շատ բարձր ա գնահատել», եւ ես ասացի՝ «բայց ահագին վախտ իրար հետ խռով են էղել», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բամբասանքներին շատ մի հավատա», եւ ես ասացի՝ «որ խռով չըլնեին, գոնե մի անգամ իրար հետ կխաղային», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ ես ու դու էինք «Մենք ենք, մեր սարերի» մեջ խաղում», եւ ես ասացի՝ «թատրոնում իրար հետ չեն խաղացել», եւ Հովիկը քամահրանքով հարցրեց՝ «էդքան լավ թատրոն գիտե՞ս», եւ ես ասացի՝ «որ իրար հետ խաղացած ըլնեին՝ հաստատ կիմանայի», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «լավ կըլնի՞, որ քո մասին էլ ըտենց բաներ տարածեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տարածես», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «տարածեմ, որ Սիրունյան Ղուկասի կամ, ասենք, Միլիտոնյան Էդիկի հետ խռով ես» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «գրողներն իրարից ավելի են զզվում, քան՝ դերասանները», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «գրողները որ իրարից խռովեն էլ, դրանից գրականությունը չի տուժի, բայց որ լավ դերասաններն իրար հետ չեն խաղում, թատրոնը շատ ա տուժում» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «թատրոնը կոլեկտիվ արվեստ ա՝ ոնց որ ֆուտբոլը», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «լա՜վ համեմատեցիր» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու պիտի թատերագետ դառած ըլնեիր», եւ ես շարունակելով ասացի՝ «կարային խռով ըլնելով էլ իրար հետ թատրոնում խաղային» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «Մարգարովն ու Անդրեասյանն իրար հետ խռով էին, բայց հենց մտնում էին դաշտ, իրանց խռով ըլնելը մոռանում էին ու ամենից շատ իրար էին պաս տալի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրեւում ա՝ էդ բուքմեյքերականներից չես կարում կտրվես», եւ ես ժպտալով ասացի՝ «ճիշտ գլխի ընկար», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հեչ չես փորձե՞լ թարգես», եւ ես հարցրի՝ «ի՞նչը», եւ Հովիկն ասաց՝ «ղումար խաղալը», եւ ես ասացի՝ «ֆուտբոլի վրա ստավկա դնելը ղումար խաղալ չի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչն էլ ղումար ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, էս սաղ կյանքն ա ղումար՝ գրականությունն ու արվեստն էլ հետը» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «գրողներն իրար մեջ են ղումար խաղում, դերասաններն իրար մեջ են խաղում, գաջ քաշողներն էլ՝ իրար մեջ», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ռեժիսորնե՞րը», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «ռեժիսորների մասին չենք խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «ռեժիսորների մասին՝ կամ լավ, կամ՝ ոչինչ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու անսպասելի հարցրեց՝ «կարող ա՞ իմ թաղմանն էլ մահախոսական չասես», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «դու արսըզ ես. ինձնից շատ կապրես», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «որ ասում եմ մեծամիտ ես՝ չես հավատում», եւ ես հարցրի՝ «խի՞ եմ մեծամիտ», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «մեռնելու հարցում էլ ես ուզում սաղիցս առաջ ընկնես», եւ ես ժպտալով հարցրի՝ «է՞լ որ հարցում եմ առաջ ընկել», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, իմ սերիալն ընդհատվեց, բայց քոնը շարունակվում ա», եւ ես ժպտալով ասացի՝ «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «քեզ չի սազում», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչը չի սազում», եւ ես ասացի՝ «դուխից ընկնելը» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «իզուր ես հույսդ կտրել», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչ հույս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ Սոսն ուզենա, ձեր էդ սերիալի համար կարա փող ճարի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «հիմի լրիվ ուրիշ սերիալների համար են փող տալի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «էդ ուրիշ սերիալներից խի՞ չես նկարում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ո՞վ ա առաջարկել, որ չեմ նկարել», եւ ես ասացի՝ «առաջինը քեզ պիտի առաջարկեին», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «խի՞ պիտի ինձ առաջարկեին», եւ ես ժպտալով ասացի՝ «ինչքան չըլնի՝ հայկական սերիալի հիմնադիրն ես», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենակ էս էրկուսս գիտենք, որ հիմնադիրն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ չասեի՝ երեւի դու էլ չէիր իմանա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դու որ չասեիր՝ իմ հիմնադիր ըլնելն էլ չէի իմանալու», եւ Հովիկը ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, քո արժանիքներից լրիվ բեխաբար ես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց էդ շատ լավ ա», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա լավ», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «որ լրիվ արժանիքներդ իմանայիր, պատկերացնում եմ՝ ինչքան կմեծամտանայիր», եւ ես ժպտալով ասացի՝ «առանց էդ էլ մեծամիտ եմ», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու մեծամտանալու տեղ ունես, որովհետեւ գրավոր սերիալի հիմնադիրն ես» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ իսկականից հետները խռով ես», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ հետ եմ խռով», եւ Հովիկն ասաց՝ «Ղուկասի ու Էդոյի», եւ ես ասացի՝ «խի՞ պիտի խռով ըլնեմ», եւ Հովիկը հարցրեց՝ «բա խի՞ իրանց հետ չես կանգնել», եւ ես ասացի՝ «իրանց չէի տեսել» եւ ժպտալով ավելացրի՝ «համ էլ՝ քո հետ ավելի հետաքրքիր ա», եւ Հովիկն ասաց՝ «թաղմա՞ն ես էկել, թե՝ թատրոն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան էլ իրար նախանձեք, մեկ ա՝ Վանոն սաղիցդ լավ ա գրում», եւ ես ասացի՝ «ուրախ եմ, որ ընկերոջդ բարձր ես գնահատում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրան որպես գրող եմ գնահատում, ոչ թե՝ որպես ընկեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ լավ ընկեր ըլներ, էդ սերիալս մինչեւ հիմի կշարունակվեր», եւ ես հարցրի՝ «էդ հարցով իրան դիմե՞լ ես», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընկերներին չեն դիմում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց իրան չեմ մեղադրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իրա վիճակը հիմի ավելի բարդ ա, քան՝ մերը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էսօրվա դրությամբ՝ մենակ Խորիկի վիճակն ա պարզ», եւ ես ասացի՝ «Խորիկը հեչի պես կարար մի քսան տարի էլ ապրեր», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ո՞նց կապրեր. քեզնից բեթար էր ծխում» եւ հանդիմանանքով ավելացրեց՝ «էս մի քանի րոպեում էդ պաչկեդ համարյա դատարկեցիր, տնաշեն», եւ ես ասացի՝ «ծխելու հարցում ոչ մեկս չենք կարա Խորիկի հետ համեմատվենք», եւ Հովիկն ասաց՝ «դու լավ էլ կարաս» եւ ծխախոտիս տուփին նայելով հարցրեց՝ «էսօր էս ո՞րերորդ պաչկեդ ա», եւ ես ասացի՝ «երկրորդ», եւ Հովիկն ասաց՝ «օրը դեմդ ա. օրվա վերջում չորրորդին կհասնես», եւ ես ասացի՝ «Խորիկն օրական չորսից հինգ պաչկա էր ծխում», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչ գիտես», եւ ես ասացի՝ «ինքն ա ասել», եւ Հովիկն ասաց՝ «չէիր կարա՞ ուրիշ հարցերում Խորիկից օրինակ վերցնեիր», եւ ես ծխախոտս վառելով հարցրի՝ «ո՞ր հարցերում», եւ Հովիկն ասաց՝ «տնաշեն, մեկը չվերջացրած՝ մյուսն ես կպցնում», եւ ես ասացի՝ «Խորիկն էլ էր վրա-վրա ծխում», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «ուզում ես ասես՝ դու էլ ե՞ս տաղանդավոր», եւ ես ասացի՝ «ոչ մի բան էլ չեմ ուզում ասեմ», եւ Հովիկը Ղուկասենց կողմ նայելով՝ ինձ ասաց՝ «էսքան վախտ կոլեգաներդ ոչ մի հատ չեն ծխել» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «իրանք ղումար էլ չեն խաղում, չէ՞», եւ ես ասացի՝ «իրանք ղումարից էնքան են հեռու, ինչքան խոզը՝ տուռնիկից», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի օր էդ տուռնիկից կզոմփաս ու գյաբառլամիշ կըլնես», եւ ես ժպտալով ասացի՝ «տանձիդ մի դիր», եւ Հովիկը հարցրեց՝ «ո՞նց չդնեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ գյաբառլամիշ ըլնես՝ մահախոսականս ո՞վ ա ասելու», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ կանես՝ ավելի հարմար մարդ ճարես», եւ Հովիկը հարցրեց՝ «ավելի հարմարը ո՞րն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «պիտի նայես՝ ծխող ու խաղացող չըլնի», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ըտենց մարդ կա՞», եւ ես ասացի՝ «խի՞ չկա», եւ Հովիկը հարցրեց՝ «ո՞վ ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ոնց մտածում եմ՝ ամենահարմարը Սոսն ա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սոսը Խորիկից բեթար ա ծխում», եւ ես ասացի՝ «բայց ղումար չի խաղում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ուզում ես ասես՝ Խորիկը խաղում է՞ր», եւ ես ժպտալով ասացի՝ «ուզում եմ ասեմ՝ Սոսը շատ հարմար ա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համ էլ՝ Սոսի հետ ահագին աշխատել ու ընկերություն ենք արել» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով հարցրեց՝ «ուզում ես ասես՝ Սոսն ինձնից շատ ա՞ ապրելու», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի բան էլ չեմ ուզում ասեմ. էդ մահախոսականի թեման դու բացեցիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել