Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան ռեստորանների «սխալ» ինտերիերը

Հոկտեմբեր 31,2009 00:00

Մեկնաբանում է «Երեւանի լավագույն ռեստորան 2009» մրցանակաբաշխության նախաձեռնողը

«Երեւանի լավագույն ռեստորան 2009» մրցանակաբաշխությունը, որի հաղթողներն ընտրվում են ռեստորաններ, սրճարաններ հաճախողների կողմից, այս տարի Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Մրցույթի հաղթողներն արդեն հայտնի են, հոկտեմբերի 29-ին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում կազմակերպված համերգային ծրագրում մրցանակները հանձնվեցին հաղթող ռեստորանատերերին: Ամիսներ շարունակ այցելուները հնարավորություն ունեին www.yerevancity.am կայքում քվեարկել իրենց նախընտրած ռեստորանի համար: Մրցանակաբաշխությանը հնարավորություն է ունեցել մասնակցել 120 ռեստորան՝ 12  անվանակարգերում՝ «Լավագույն հայկական խոհանոց», «Լավագույն արտասահմանյան ազգային խոհանոց», «Լավագույն միջավայր», «Լավագույն սպասարկում», «Լավագույն ինտերիեր», «Լավագույն ռեստորանահյուրանոցային համալիր», «Լավագույն սրճարան», «Լավագույն գիշերային ակումբ» եւ այլն: «Լավագույն հայկական խոհանոց» անվանակարգի առաջին մրցանակին արժանացավ «Երեւան պանդոկը», «Լավագույն արտասահմանյան ազգային խոհանոցին»՝ «Պեկին» ռեստորանը, «Լավագույն սպասարկումին»՝ «Լ՝օրանժ», «Լավագույն ինտերիերին»՝ «Քամելոտ» ռեստորանները, իսկ «Գոլդեն Թուլիփը» ճանաչվեց որպես «Լավագույն ռեստորանահյուրանոցային համալիր»: «Լավագույն ինտերիեր» անվանակարգում՝ առաջին եւ «Լավագույն միջավայր» անվանակարգում 2-րդ տեղը զբաղեցրած «Camelot» ռեստորանի տնօրեն Գեւորգ Եսայանը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջին տարին են մասնակցում մրցանակաբաշխությանը, իսկ մրցույթը ռեստորաններին ճանաչում է տալիս. «Հասկանում ես քո չարչարանքի, աշխատանքի արդյունքը, հատկապես որ՝ գնահատվում ես հենց հաճախորդի կողմից»:
«Երեւանի լավագույն ռեստորան 2009» մրցանակաբաշխության նախաձեռնողը Պրահայում եւ Մոսկվայում բնակվող ռեստորանային բիզնեսի հայազգի մասնագետ  Գայանե Բրեիովան է: Նա ռեստորանային բնագավառում աշխատում է շուրջ 15 տարի: Վերջինս «Առավոտին» խոստովանեց, որ հեշտությամբ չի հասել ռեստորանային համալիրի տնօրենի աստիճանին: «15 տարիների ընթացքում աշխատել եմ ե՛ւ բարմեն, ե՛ւ մենեջեր ու միայն այժմ ինձ կարող եմ համարել ռեստորանային բիզնեսի մասնագետ»,- նշում է մրցանակաբաշխության նախաձեռնող, 2 մոսկովյան եւ մեկ չեխական ռեստորանների տնօրեն Գ. Բրեիովան: Մեր հարցին՝ ի՞նչ նպատակ ունի նմանատիպ մրցույթների անցկացումը եւ ինչո՞ւ որոշեց Հայաստանում անցկացնել այն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն տարի գալով Հայաստան, չնայած ռեստորանային հետաքրքրություններին, հասկանում էի, որ ինչ-որ բան պակասում է. Հայաստանում ռեստորանային ինդուստրիայի մարդիկ  իրար մոտ չեն, չեն շփվում, որպեսզի փոխանցեն միմյանց իրենց փորձը: Կարծում եմ, այս մրցանակաբաշխությունը լրացնում է այդ բացը»: Գ. Բրեիովայի համոզմամբ՝ երեւանյան ռեստորանների  ինտերիերի համար հիմնականում ոչ ճիշտ դիզայներներ են աշխատել, որոնց աշխատանքի արդյունքում նույնիսկ խոհանոցային դրվածքը ճիշտ չէ. «Ե՛վ Ռուսաստանում, ե՛ւ Եվրոպայում նման խնդիրներ կան, սակայն Հայաստանում դա շատ ավելի պարզ է երեւում, որովհետեւ այստեղ ռեստորանային ինդուստրիայով զբաղվում են ոչ թե ռեստորատորները, այլ փող ունեցող մարդիկ՝ բիզնեսի համար: Տնտեսական ճգնաժամը այս պարագայում օգտակար էր, որովհետեւ ասպարեզում կարողացան մնալ միայն պրոֆեսիոնալները»: Հայաստան ժամանած հյուրին նյարդայնացնում է հայկական ռեստորաններում ու սրճարաններում սպասարկման համար հաշվարկվող 10 տոկոսի վատ ավանդույթը. «Ռեստորանի տերերը չեն հասկանում, որ յուրաքանչյուր մատուցողուհի այցելուին սպասարկելիս միշտ ասում է կամ հասկացնում, որ այդ 10 տոկոսն իրենը չի: Այսպես խայտառակ են լինում տերերը, եւ երկրորդ՝ ինձ որպես հաճախորդ հաճելի է, որ ինքս որոշեմ, թե ինչքան գումար եմ թողնելու սպասարկման համար՝ 5, 10 տոկո՞ս, թե՞ ընդհանրապես ոչինչ: Ռուսաստանում, Եվրոպայում նման բան գոյություն չունի»: Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է մի օր էլ Հայաստանում որոշի ռեստորան ունենալ, Գ. Բրեիովայի պատասխանը բացասական էր. «Ռեստորանային գործով զբաղվելը մեծ եռանդ է պահանջում, եւ  անհրաժեշտ պայման է ֆիզիկապես տվյալ երկրում լինելը, որպեսզի կարողանաս սիրով սպասարկել քո հաճախորդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել