Իր պատմության ընթացքում ֆուտբոլը բազմիցս բախվել է բռնությունների՝ իրենց տարաբնույթ արտահայտումներով. ազգային հավաքականի ֆուտբոլիստին գնդակահարում են ինքնագոլի համար, մաֆիոզ կառույցները գրավում ու կառավարում են մի ողջ էլիտար առաջնություն, սեւ տոտալիզատորն իր դիկտատուրան է հաստատում ու ֆիզիկական ոչնչացման ենթարկում իր համար օպտիմալ արդյունքները չապահովող անձանց…
Ընդամենը մի քանի օր առաջ հարավամերիկյան ջունգլիներում վենեսուելական ոստիկանությունը հայտնաբերեց 15 դիակ: Դրանք կոլումբիական սիրողական «Լոս Մանիսերոս» թիմի ֆուտբոլիստներն էին, որոնք դեռեւս հոկտեմբերի 11-ին, խաղի ժամանակ, առեւանգվել էին անմիջապես խաղադաշտից: Ֆուտբոլիստներից հաջողվել է կենդանի մնալ միայն 18-ամյա մի կոլումբիացու, որը մահացած է ձեւացել գնդակահարությունից հետո: Կատարվածի մասին մի շարք տեղեկություններ հայտնել է հենց վերջինս, մասնավորապես նշելով, որ առեւանգիչները երկու տասնյակից ավելի էին, եւ բոլորը կրում էին Չե Գեվարայի պատկերներով շապիկներ: Թեեւ հանցագործության մոտիվները դեռ անհայտ են, սակայն, ըստ վենեսուելական ոստիկանության տվյալների, այս ահաբեկչության ետեւում կանգնած է կոլումբիական ուլտրաձախ «Ազգային ազատագրման բանակ» խմբավորումը, որի պարագլխին կոչում են El Payaso (Ծաղրածու): 2001-ին նաեւ այս խմբավորման ակտիվ գործունեության հետեւանքն էր Կոլումբիայում Հարավային Ամերիկայի առաջնության բոյկոտը մի շարք հարավամերիկյան հավաքականների կողմից: Թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ Հարավային Ամերիկա տարածաշրջանն էապես առանձնանում է ֆուտբոլում թե՛ «փողոցային» եւ թե՛ կազմակերպված հանցագործությունների բարձր տոկոսով: Արգենտինայում «Բարրաբրավաս» խմբավորումն արդեն չի բավարարվում ֆուտբոլիստների վաճառքից ու սեւ տոտալիզատորի եկամտից իրեն «հասանող» տոկոսներով ու փորձում է առանձին ռեկետի ենթարկել նաեւ հայտնի ֆուտբոլիստներին ու ակումբների ղեկավարներին՝ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքներով կամ նրանց հարազատներին առեւանգելով: Գրեթե նույն պատկերն է Ուրուգվայում: Իսկ Բրազիլիայում մրցավարն իրեն կարող է թույլ տալ խաղի ավարտից հետո հանդերձարանում գնդակահարել ֆուտբոլիստին միայն այն բանի համար, որ վերջինս հանդիպման ընթացքում հարվածել է իրեն: Սակայն անգամ այս համատեքստում Կոլումբիան շեշտակիորեն առանձնանում է, եւ դա, առաջին հերթին, պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով: Արդեն շուրջ 40 տարի է, ինչ տեղի իշխանությունները յուրօրինակ «քաղաքացիական պատերազմ» են մղում ձախակողմյան պարտիզանական ու թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների դեմ: Այս պայքարը փոխանցվել է նաեւ ֆուտբոլային հարթություն: Կոլումբիայում մաֆիան ի զորու է հավաքականի մարզչական շտաբի հրաժարական կազմակերպել կամ էլ ազգային թիմի ֆուտբոլիստներին հրահրել ու բոյկոտ պարտադրել, ինչպես 1990թ. աշխարհի առաջնությանը, իսկ դրանից ընդամենը 4 տարի անց աշխարհի առաջնության հերթական հանդիպումից հետո գնդակահարել հավաքականի ֆուտբոլիստին՝ ինքնագոլի համար… Ասել է թե՝ 2009թ. հոկտեմբերի 11-ին կատարված ֆուտբոլիստների առեւանգումը աննախադեպ չէր:
Հետխորհրդային տարածքում ֆուտբոլի վրա կրիմինալի ազդեցության բարձր մակարդակի տեսանկյունից յուրատեսակ «Հարավային Ամերիկա» է Վրաստանը: Կարելի է հիշել այնտեղ կատարված մի շարք խոշոր միջադեպեր: 90-ականների սկզբին «Մխեդրիոնի» ահաբեկչական խմբավորումը սպանեց նախկինում հայտնի ֆուտբոլիստ Գեորգի Սվանաձեին, որն այդ ժամանակ զբաղվում էր մարզական բիզնեսով: 2001-ին փրկագին ստանալու նպատակով առեւանգվեց «Միլանի» եւ Վրաստանի ազգային հավաքականի պաշտպան Քախա Քալաձեի եղբայրը: Վերջինիս մարմինը հայտնաբերվեց միայն 5 տարի անց, իսկ մինչ այդ Քալաձեն անգամ բոյկոտեց հավաքականը՝ վերջնագիր ներկայացնելով պետության ղեկավարությանն ու հատուկ ծառայություններին: Այդ ընթացքում եւս մի խոշոր սպանություն տեղի ունեցավ. 2002թ. աշնանը վարձու մարդասպանը գնդակահարեց հայտնի ֆուտբոլային մարզիչ եւ գործիչ Քախա Ասաթիանիին… Ակնհայտ է, որ Վրաստանում, ինչպես Կոլումբիայում եւ, առհասարակ՝ ողջ Հարավային Ամերիկայում, վերոնշյալ հանցագործությունները պայմանավորված էին ներքաղաքական անկայուն իրավիճակով:
Անհանգիստ ներքաղաքական, հասարակական կյանքը Հայաստանին նույնպես անծանոթ չէ, սակայն մեզ մնում է միայն ուրախանալ, որ կրիմինալը չի ներխուժել բազմաթիվ բացթողումներ ու թերություններ ունեցող մեր ֆուտբոլի աշխարհ: