Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանի» հաղթարշավը

Հոկտեմբեր 31,2009 00:00

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը վերջերս ներկայացվել է Անթալիայում «Ոսկե նարինջ» կինոփառատոնում եւ արժանացել «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին: Երեկվա ասուլիսում ռեժիսորն ու ֆիլմի բեմադրող-օպերատոր Վրեժ Պետրոսյանը պատմեցին փառատոնում իրենց ունեցած հաջողությունների մասին: Պարոն Պետրոսյանի համոզմամբ, ֆիլմը ստացել է արժանի գնահատական. «Փառատոնում ներկայացված էին անվանի ռեժիսորների աշխատանքներ, գլխավոր մրցանակը հայկական ֆիլմը կիսել է ռուս հայտնի կինոռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Թղթե զինվոր» ֆիլմի հետ»: Հ. Խաչատրյանի խոսքով, միջազգային փառատոներում 6 մրցանակի արժանացած «Սահման» ֆիլմը Հայաստանում դեռեւս միայն անտարբերության է արժանանում. «Հայաստանում սպորտսմեններին բնակարան, մեքենա են նվիրում, անվերջ շնորհավորում են… Այս անֆիլմ երկրում, որտեղ տարին մեկ կամ երկու անգամ ընդամենը միջին որակի ֆիլմեր են ստեղծվում, իսկ մեկ տարվա ընթացքում 6 մրցանակի արժանացած իմ ֆիլմը դեռ ոչ ոքի կողմից շնորհավորանքի չի արժանացել»: Հ. Խաչատրյանը պատմեց, որ Թուրքիայում ֆիլմը մեծ արձագանք է գտել, Ստամբուլում իրենց թոք-շոուի են հրավիրել. «Հնչեցին բազմաթիվ հարցեր թե՛ ժյուրիի, թե՛ հանդիսատեսի կողմից: Օրինակ, ինչպե՞ս ենք ընկալում ֆիլմի թեման, ի՞նչ նշանակություն ունի սահմանի բացումը հայերի համար եւ այլն…»:
«Սահմանի» բեմադրող-օպերատորի խոսքով, ֆիլմն առանձնահատուկ էր ժանրային հատկանիշներով. «Այն գեղարվեստավավերագրական ժանրի աշխատանք էր, որտեղ ոչ թե միայն դերասաններ են կամ սարքովի տեսարաններ, այլ սովորական մարդկային միջավայր է:  Ամենաբարդ ժանրերից մեկն է, երբ նկարահանում ես գեղարվեստական ֆիլմ՝ վավերագրական հիմքի վրա, փաստագրական միջավայրում էլ գործում են ոչ դերասաններ»:
Թուրքական փառատոնին զուգահեռ՝ «Սահմանը» մասնակցում էր նաեւ Վարշավայում, Պուսանում եւ Տոկիոյում ընթացող միջազգային կինոփառատոներին: Շաբաթներ առաջ «Սահմանը» ռումինական փառատոնին էլ արժանացել է կինոքննադատների ժյուրիի հատուկ մրցանակին՝ «Գաղթական լինելու ողբերգությունը նորարար եւ պատկերային ձեւով մեկնաբանելու համար»:
Նոյեմբերի 1-7-ը Հ. Խաչատրյանի ֆիլմը «կմեկնի» Ֆլորենցիա, իսկ նույն ամսի 19-29-ը կմասնակցի Իսպանիայի հնագույն Խիխոնի միջազգային կինոփառատոնին: Դեկտեմբերի 1-6-ն էլ նախատեսվում է Հ. Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն՝ Թբիլիսիում:
Հ. Խաչատրյանն այժմ աշխատում է նոր՝ «Անվերջ փախուստ եւ անվերջ վերադարձ» կինոաշխատանքի վրա, որտեղ անդրադառնալու է հետեւյալ հարցին՝ ինչո՞ւ են հայերը փախչում Հայաստանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել