Լրահոս
Օրվա լրահոսը

Քշիշտոֆ Պենդերեցկու օրեր

Հոկտեմբեր 31,2009 00:00

Աշխարհահռչակ երաժիշտը Հայաստանում էր

«21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում  հոկտեմբերի 26-29-ը 2-րդ անգամ անցկացվեց «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարը: Փառատոնի պատվավոր հյուր՝ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Ք. Պենդերեցկու ստեղծագործությունները 4 օր շարունակ հնչել են «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Առաջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել նաեւ աշխարհահռչակ «Շանհայ կվարտետը», որը կատարել է Պենդերեցկու «3-րդ կվարտետը» ստեղծագործությունը:
Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում 30 րոպե ուշացումով լրագրողներին ներկայացավ Քշիշտոֆ Պենդերեցկին, պատճառը կոնսերվատորիայի ուսանողների հետ նրա հանդիպումն էր: «21-ի հեռանկարների» նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը այսպես բնութագրեց Պենդերեցկուն. «Ինչպես Պիկասոն նկարչության մեջ, այնպես էլ Պենդերեցկին երաժշտական աշխարհում երաժշտական բազում նոր ոճերի հեղինակ է»: Հայ հանդիսատեսի մասին Ք. Պենդերեցկին կարծիք կազմել է դեռեւս անցյալ տարի. «Իմ երաժշտությունը, որն այնքան էլ հեշտ ընկալելի չէ, այստեղ հանդիսատեսը մեծ ջերմությամբ է ընդունում: Նկատում եմ, որ հայ հանդիսատեսի 40-50%-ը երիտասարդներ են, դա ինձ հիշեցնում է 50-ականների Արեւելյան Եվրոպան: Իսկ այժմ նույն Եվրոպայում, այդ թվում եւ Լեհաստանում, ունենք միայն սպիտակահեր հանդիսատես»:  
Պենդերեցկի ամուսինները բազմաթիվ զուգահեռներ են նկատել հայերի եւ լեհերի միջեւ: «Մենք նաեւ պատմությամբ ենք իրար նման, միշտ խնդիրներ ենք ունեցել հարեւան երկրների հետ, եղել է շրջան, որ Լեհաստանը վերացել է քարտեզի վրայից, բայց հայերի նման միշտ գոյատեւել ենք»,- ասաց կոմպոզիտորը: Նրա տիկինը՝ Էլժբետա Պենդերեցկայան Լեհաստանում 14 տարի է՝ ղեկավարում է Բեթհովենի անվան միջազգային փառատոնը, որի շրջանակում տարվա ընթացքում հրավիրվում են 3-4 նվագախումբ, աշխարհահռչակ դիրիժորներ, մենակատարներ: Փառատոնը Լեհաստան է բերում հազարավոր օտարերկրացի երաժշտասերների, օրինակ՝ նախորդ տարի 1700 մարդ է ժամանել հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով: Հրավիրվել է նաեւ «Հովեր» կամերային երգչախումբը:
Փառատոնի բյուջեի 45%-ը Վարշավայի քաղաքապետարանի պետական աջակցությունն է, մնացած 55%-ը գոյանում է ղեկավարի ջանքերով, բայց, Պենդերեցկայայի խոսքով՝ այս տարին փառատոնի համար ֆինանսական ճգնաժամի պատճառով բարդ է եղել:
Հայկական արմատներով, բնության նկատմամբ առանձնակի վերաբերմունք ունեցող անվանի Ք. Պենդերեցկին նկատել է, որ Հայաստանը վերջին տարիներին փոխվել է, բայց լուսավոր է դարձել միայն մայրաքաղաքի կենտրոնը: Նա ցավով նշեց. «Երեւանը կանաչ չէ, լավ կլիներ, որ վերաբերմունքը այս հարցում փոխվեր: Քաղաքը քաոսային տեսք ունի, տեսնում եմ շենքեր, որոնք ճիշտ տեղերում չեն կառուցված եւ ավելի լավ կլիներ, որ չլինեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել