Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՍԻՄԻ «ԿՅԱՆՔԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ» ԳԻՐՔԸ

Հոկտեմբեր 31,2009 00:00

Ստամբուլում «Ժամանակ» թերթի հիմնադրման 100-ամյակի առիթով Թուրքիայում հրատարակվել է խմբագիր, հրապարակախոս, գրող, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Քասիմի (Միսաք Գոչունյան) «Կյանքի տեսարաններ» գիրքը: Հատորը կազմել եւ խմբագրել են Գրիգոր Հակոբյանն ու Սեւան Տէյիրմէնճեանը: Ի դեպ, օգոստոսին Ստամբուլի Գնալը կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում արդեն կայացել է «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր Միսաք Գոչունյանի «Կյանքի տեսարաններ» եւ երջանկահիշատակ խմբագիր Արա Գոչունյանի «Ողջույն ամենքին» գրքերի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ «Ժամանակը» հիմնադրվել է Պոլսում, 1908թ. հոկտեմբերի 28-ին՝ Միսաք եւ Սարգիս Գոչունյան եղբայրների կողմից, ներկայումս էլ նրանց գործը շարունակում է Արա Քոչունյանը:
Դառնալով «Կյանքի տեսարաններին», հավելենք, որ այնտեղ զետեղված է ոչ միայն գիրքը կազմողների «Երկու խօսքը», Քասիմի համառոտ կենսագրությունը, այլեւ հետաքրքիր առաջաբան՝ գրված Նիկոլ Աղբալյանի կողմից: Գրաքննադատի գրախոսականը 1897-ին տպագրված է եղել Թիֆլիսի «Մուրճ» ամսագրում:
«Կեանքի տեսարաններում» ուրուագծւում են դէպքեր, դրութիւններ, վարք ու բարք, անձնաւորութիւններ. մատիտով շտապ գծած թերանկարների են նման այդ հատուածները: Հեղինակը ցոյց է տալիս, թէ ինչ օրի են Պոլսում հասարակ մահկանացուները. ձեզ ծանօթացնում է նրանց շարժուածքի, նիստ ու կացի, չնչին շահերի, մանր կիրքերի, անձնական կարիքների հետ,- գրել է Աղբալյանն ու խորհուրդ տվել անպայման ձեռք բերել Քասիմի գիրքը:- Ոչ ոք չի ափսոսալ կորցրած ժամանակը, դեռ շնորհակալ էլ կը լինի»:
«Թէ ինչու ամէն փեսացու անկեղծ չէ», «Թէ ինչու ամէն ժամասէր քրիստոնեայ չէ», «Թէ ինչու կը սիրեմ Ժօլին եւ ոչ Ժիւլին», «Թէ ինչու չեմ ամուսնանար» եւ մյուս ստեղծագործությունները կարդալով՝ ընթերցողը կգտնի բազմաթիվ ինչուների պատասխան, որոնք արդիական են նաեւ այսօր: Նշենք նաեւ, որ «Կյանքի տեսարանները» կարդացվում է մեկ շնչով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել