Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հարցադրումների մասին այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հանրային խորհրդի՝ վերջերս տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման մասին ՀՅԴ-ի եւ որոշ տնտեսագետների այն դիտարկմանը, որ մեր երկրի տնտեսությունը պատրաստ չէ այդ քայլին, քանի որ հայկական ապրանքները մրցունակ չեն, հետեւյալ հարցադրումն արեց. «եթե մեր տնտեսվարողները չեն կարող մրցել թուրքական արտադրողների հետ, ապա ինչպե՞ս են պատրաստվում մրցել առավել զարգացած եվրոպական երկրների հետ»: Այս եւ նախագահի բարձրացրած այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Ըստ պատգամավորի, նախագահի վերոնշյալ հարցադրումները ոչ պրոֆեսիոնալ են. «Նախ պետք է հաշվի առնել, որ մեր տնտեսությունը մոնոպոլիզացված է, մրցակցությունը խայտառակ վիճակում է, օլիգարխիկ տնտեսություն է: Այդ տնտեսավարողները արհեստական կերպար են ստեղծել շուկայում եւ երբ բախվում են դրսի լուրջ ընկերությունների հետ, այդ միֆը փշրվում է: Բացի այդ, մեր կազմակերպությունները չեն մտածում, որ մրցակցող ապրանքներ թողարկելու եւ արտահանելու համար անհրաժեշտ է ներդրում կատարել: Նրանք առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով. ինչքան հնարավոր է՝ շուտ ու ավելի շատ շահույթ, երկարաժամկետ ռազմավարություն չկա»: Պարոն Մինասյանի խոսքով, եթե նույնիսկ որոշում են ներդրումներ անել, ապա ներմուծման մենաշնորհ ունեցող սուբյեկտի հետ լուրջ խնդիրների են բախվում. «Մեղքը միայն բիզնեսմենի վրա բարդել չի կարելի, որովհետեւ չկա պետական այն համակարգը, որը կերաշխավորի ներդրումը, սեփականության իրավունքը: Մեզ մոտ չկա արտահանման քաղաքականություն: Որեւէ խոշոր կամ միջին գործարար չի կարող դուրս գալ թուրքական եւ եվրոպական շուկա եւ նվաճել այդ շուկայի մի հատվածը, եթե թիկունքում չունի պետություն»: Խնդիրը լուծելու համար պարոն Մինասյանն առաջարկում է բիզնես միջավայրը բարելավել ոչ թե խոսքով, այլ գործով՝ հեշտացնել հարկային եւ մաքսային վարչարարությունը: Բացի այդ, որպեսզի թե Թուրքիա եւ թե այլ առաջատար երկրներ արտահանում ունենանք, ՀՅԴ-ն նաեւ առաջարկում է ստեղծել պետական ընկերություն, որը կկազմակերպի հայկական ապրանքների համախմբումն ու արտահանումը. «Կան առանձին ապրանքատեսակներ եւ ծառայություններ, որտեղ բիզնեսմենը ապրանքը արտահանելու դեպքում մեծ դժվարությունների է բախվելու: Բացի այդ, հայ ներդրողները Թուրքիայում սահմանափակումներ են ունենալու, որովհետեւ այդ երկրում օտարերկրյա ներդրողները 51%-ից ավելիի սեփականատեր չեն կարող լինել: Ուստի, անհրաժեշտ է միջպետական համաձայնագրերով ստանձնել պարտավորություններ եւ տվյալ երկրի շուկայում, այսպես ասած, տարածքներ վերցնել մեր ապրանքները իրացնելու համար, քանի որ միջպետական համաձայնագրերով արտահանողը որոշակի քվոտաներ է ստանում»: Պարոն Մինասյանի ներկայացմամբ, ի տարբերություն Հայաստանի, Թուրքիայի կառավարությունն իր արտադրողին եւ սպառողին պաշտպանելու համակարգ ունի. օրինակ, երկրի ոչ զարգացած շրջաններում՝ սպառողների պաշտպանության համար ունի հստակ ծրագիր. քաղաքացին, որպես սպառող, պետությունից գումար է ստանում, որ խրախուսվի եւ գնի տեղական արտադրանքը, բացի այդ, իր արտադրանքը կարողանում է արտահանել ավելի էժան գներով:
ԱԺ պատգամավորը մեկ այլ կարեւոր փաստարկ էլ ներկայացրեց, ըստ որի՝ մեր տնտեսությունը անհավասար պայմաններում է Թուրքիայի տնտեսության հետ: Ըստ Ա. Մինասյանի, այս երկու պետությունները թեեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, սակայն Թուրքիան մի շարք առավելություններ ունի. «Այս առումով մենք խեղճ վիճակում ենք: Թուրքիան ազատ առեւտրային համաձայնագրի գոտում է: Մի շարք ապրանքների արտահանումը կատարվում է 0 տոկոս դրույքաչափով, ինչը մեզ մոտ էլ պետք է կիրառվի: Կան առանձին ապրանքատեսակներ, որտեղ Հայաստանը, ուզի, թե չուզի, պաշտպանական քաղաքականություն պետք է վարի: Հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտում»: Պարոն Մինասյանի ներկայացմամբ՝ եթե անգամ կիրառվեն 0-ական տոկոսադրույքները, միեւնույն է, Թուրքիան օժանդակում է իր գյուղացուն, իսկ մենք՝ ոչ: Չնայած մենք ունենք հանքարդյունաբերական ապրանքատեսակներ, որոնք մրցունակ են եւ կարելի է արտահանել, ասենք՝ ցեմենտը, ավազը եւ այլն, սակայն սրանք էլ մենաշնորհային են: Պատգամավորի խոսքով, այս ոլորտից ստացած օգուտը եւ գյուղատնտեսության վնասներն անհամեմատելի են, այսինքն. «Պետք է հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը 400-500 հազար է, իսկ հանքարդյունաբերությունում՝ տասնապատիկ քիչ: Եթե հանքարդյունաբերության արտահանումից օգտվում են, ասենք՝ 100 մարդ, գյուղատնտեսության ոլորտի արտահանումից կօգտվի 100 հազարից ավելի մարդ՝ գյուղացուն ֆինանսապես խրախուսելու դեպքում: Այս պայմաններում խոսել արտահանման մասին՝ առնվազն միամտություն է: Չի կարելի աչքակապությամբ զբաղվել, մեր տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացվի: ՀՆԱ-ում գյուղատնտեսության կշիռը պետք է լինի արդյունաբերության կամ շինարարության տեսակարար կշռին համապատասխան: Եթե ոչ, ուրեմն կրկին օլիգարխիկ տնտեսության շահերը պաշտպանելու միտում կլինի»: Եվ որպեսզի ՓՄՁ-ներն էլ կարողանան մրցունակ ապրանքներ ստեղծել եւ արտահանել, ըստ Ա. Մինասյանի, մեր կառավարությունը պետք է նախ այդ ձեռնարկություններին ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրի, այլ ոչ թե միջազգային վարկեր ստանա ու դրանք տրամադրի բանկերին, որոնք էլ իրենց հերթին բարձր տոկոսադրույքներով տան ՓՄՁ-ին. «Պետությունը պիտի ոչ թե ամեն գնով պետական բյուջեն լցնելով զբաղվի, այլ որոշակի հարկային արձակուրդների մեխանիզմ կիրառի, որպեսզի ձեռներեցը կարողանա իր արտադրանքը իրացնի՝ նոր վճարի հարկերը»:
Հանրային խորհրդում քննարկումների ժամանակ, տնտեսագետների այն դիտարկմանը, որ սահմանի բացման դեպքում մեր երկիրը թուրքական էժանագին ապրանքներով կողողվի, ՀՀ նախագահը այսպես արձագանքեց. «Ինչ է, մենք չե՞նք ուզում էժան ապրանքներ ունենալ»: Այս առնչությամբ էլ Ա. Մինասյանն ասաց. «Խոսքը էժանի մասին չէ, այլ էժան եւ անորակ: Մեր վերլուծության մեջ նշում ենք, որ Հայաստանում սննդի նկատմամբ պատշաճ վերահսկողություն չկա: Չունենք համապատասխան լաբորատորիաներ: Մեր քաղաքացիները պետք է իմանան. վճարելու են էժան՝ իրենց առողջության հաշվին: Բայց եթե անգամ լինեն էժան եւ որակով ապրանքներ, ապա դա բացառապես թուրքական կառավարության օժանդակության հաշվին է, իսկ մեզանում այդպես չէ: Փաստորեն, ծով ենք դուրս գալիս մակույկով եւ առանց փրկարար բաճկոնի, իսկ այդպես՝ կխեղդվենք»: