Հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ կանադական Transeuro Energy ընկերությունը 2010-ի երկրորդ կեսից վերսկսելու է Հայաստանում գազի որոնման աշխատանքները, եւ ՀՀ կառավարությունն էլ, ընդառաջ գնալով ընկերությանը, որոշել է մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 30-ը սարքավորման ներմուծման արտոնյալ մաքսային ռեժիմ սահմանել: Այս ռեժիմով ընկերությունը հորատման սարքավորում կբերի Հայաստան:
Հայաստանում գազ հայտնաբերելու նպատակով դեռեւս 2007 թվականի սեպտեմբերին էր կանադական ընկերությունը Արմավիրի մարզի Կողբավան գյուղի մերձակայքում հորատման աշխատանքներ սկսել: Աշխատանքը նախատեսվում էր ավարտել երկու ամսվա ընթացքում եւ հորատել 2500 մետր խորություն: Սակայն գործն անավարտ մնաց. նախատեսված 2500-ի փոխարեն ընկերության աշխատակիցները հորատել էին ընդամենը 1500 մետր: Հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ կանադացիները անավարտ թողեցին սկսածը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ ճիշտ ուղղությամբ չէին հորատել: «1500-1600 մետր հորատել էին, երբ չափումների միջոցով հասկացան, որ թեքությամբ են ընթացել: Դրանից հետո դադարեցրին աշխատանքը»,- ասաց մարզպետը: