Մշակույթով՝ վասն սոցիալական խնդիրների լուծման
Այս տարվա ապրիլի 2-ին «Համայնքները՝ համերգներում» լուրով տեղեկացրել ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ մաեստրո Արամ Ղարաբեկյանի ղեկավարած պետական կամերային նվագախումբը ՀՀ մարզերում համերգներով հանդես կգա, նպատակ ունենալով ուշադրություն սեւեռել սոցիալական խնդիրների վրա՝ գործազրկություն, գենդերային հիմնախնդիրներ, մարդու իրավունքներ եւ հանդուրժողականություն եւ այլն: Երեկ ՄԱԿ գրասենյակում ներկայացվեցին վեց մարզերում կազմակերպված յոթ համերգներին զուգահեռ նկարահանված յոթ վավերագրական ֆիլմերը եւ նախաձեռնության նախապատմությունը:
Արդեն 11 տարի է՝ ինչ Արամ Ղարաբեկյանը ու նրա նվագախումբը մարզերում համերգներով են հանդես գալիս: Այս ընթացքում արդեն 80 համերգ է կայացել: Մաեստրոն ասաց, որ մարզային համերգները իրենց ստեղծագործական կյանքի ամենակարեւոր մասերից են:
Հենց այս քայլն էլ ոգեւորել է ՄԱԿ-ի գրասենյակին ու ծնվել է սոցիալական խնդիրների վրա մշակույթով ուշադրություն սեւեռելու համագործակցությունը: Ըստ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի, ՄԱԿ-ը որոշեց սատարել այս նախաձեռնությանը՝ ցույց տալու համար, թե ինչպես են ապրում Հայաստանի մարզերում՝ ուր սոցիալական խնդիրներն առավել սուր են: Ֆիլմերը նկարահանել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Շնորհանդեսին ներկա էր հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Արա Գալոյանը, ում կարծիքով, դժվար է գերագնահատել այս նախաձեռնության նշանակությունը. «ոչ բոլոր համերգներն էին հաջողված, բայց անգամ տապալված համերգի ժամանակ կային մի քանի մանկական փայլուն հայացքներ, հանուն որոնց արժեր կազմակերպել համերգը»: Ֆիլմերը մեր իրականությունը մեզ օբյեկտիվորեն են ցույց տալու, առանց որեւէ բան քողարկելու՝ նկատեց Արամ Ղարաբեկյանը: