Լրահոս
Օրվա լրահոսը

Գո՞ղ, թե՞ կլեպտոման

Հոկտեմբեր 31,2009 00:00

Իրավաբանները՝ «հակման խախտումների» մասին

Օրերս հայտնի մտավորականներից մեկը հեռուստատեսությամբ այնքան անկեղծացավ, որ հայտնեց, թե սիրում է հյուրանոցներից, սրճարաններից, հանգստյան տներից անձեռոցիկներ, ատամի չոփեր, մոխրամաններ գողանալ ու տուն բերել: Պարզ է, որ մենք գործ ունենք ոչ թե գողի, այլ՝ հիվանդի հետ: Ինչպես տարբերել գողին՝ կլեպտոմանից: «Առավոտի» սույն հրապարակումը պատրաստվել է իրավաբանների եւ հոգեբանների կարծիքների հիման վրա:
Վերջին ժամանակներս, երբ նորաձեւ է դարձել բառերն օտար տերմիններով փոխարինելը, գողերին սկսեցին կոչել կլեպտոմաններ, որն էլ հանգեցրեց  պրոֆեսիոնալ հոգեբանների արդարացի տարակուսանքին: Չէ՞ որ կլեպտոմանիան հազվադեպ հոգեկան խախտում է, եւ միամիտ կլիներ կարծել, թե յուրաքանչյուր գող տառապում է այդ հիվանդությամբ:
Կլեպտոմանիան գողություն անելու հոգեբանական ձգտում է, եւ ի հայտ է գալիս իմպուլսիվ ձեւով, ինչպես՝ «սերն առաջին հայացքից»: Իսկ գողությունը կանխամտածված գործողություն է, որի արդյունքում անձը նյութական արժեքներ է ձեռք բերում (իրացնում), եւ ոմանց համար վաստակի միակ միջոցն է: Կլեպտոմանիկ գողությունը նյութական շահ չի հետապնդում. գողոնը կլեպտոմանին առհասարակ պետք չէ, բայց այն «թռցնելու» ցանկությունն անհաղթահարելի է։ Դրանից կլեպտոմանը հաճույք է զգում, իսկ հետագայում կարող է խորապես ամաչել իր արարքի համար, տառապել մեղքի զգացողությունից, սակայն գողության պահին նա վայելքի գագաթնակետին է:
Կլեպտոմանիայի հարցերով զբաղվողները պարզել են ախտորոշման մի քանի չափորոշիչներ.
– Ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան գողանալու մոլուցքին դիմակայելու անհաջող փորձ:
– Մինչ գողությունը լարվածության կամ ակնկալվող ուրախության զգացում:
– Բավարարվածության եւ թեթեւության զգացողություն՝ գողության ընթացքում եւ դրանից հետո:
– Գողությունը չի կատարվում՝ ելնելով վրեժխնդրությունից, զայրույթից կամ էլ լարվածության պահին:
– Գողը շիզոֆրենիայով չի տառապում:
– Կլեպտոմանիկ գողությունը տեղի է ունենում առանց կողմնակի օգնության. բացառվում է համագործակցության փաստը:
Նույնիսկ ամենամոլեռանդ կլեպտոմաններն ամեն օր «գործի չեն գնում», քանզի չափազանց մեծ կլիներ հոգեբանական ծանրաբեռնվածությունը: Նրանք ավելի շուտ փոխզիջման տարբերակներ են գտնում: Ըստ արեւմտյան գիտնականների՝ գողանալիս կլեպտոմանը որոշ ժամանակ բավարարված է լինում դրանով, ինչպես թմրամոլը՝ դեղաչափն ընդունելիս:
Կյանքում կլեպտոմաններն ավելի շատ են, քան նրանք, ովքեր փորձաքննության են ենթարկվում կամ ընկնում արդարադատության ձեռքը: Նրանք «գործի մեջ» բռնվում են հիմնականում առեւտրի սրահներում:
Ըստ վիճակագիրների՝ խանութային գողերի շուրջ 5%-ը կլեպտոման է, մնացածը՝ պարզապես մանր գողեր: Նրանց մի մասը դեռահասներ են, որոնք այդ քայլին դիմում են որպես հասուն կյանք մուտք գործելու յուրօրինակ արարողակարգ, նաեւ՝ երիտասարդական ըմբոստության կամ էլ շրջապատում պարծենալու դրդմամբ:
Կա կարծիք, որ իգական սեռի հիվանդների մեծ մասը (միջին տարիքը՝ 36) կլեպտոմանիայով տառապում է շուրջ 16 տարի: Անգամ այս բնագավառի փորձառու բժիշկներն են դժվարանում տարբերել կլեպտոմանիան հասարակ գողությունից:
Գոյություն ունեն հակման մի շարք խախտումներ՝ ձգտում դեպի թափառաշրջությունը, պիրոմանիան (երբ մարդը հաճույք է ստանում կրակի տեսքից եւ հրդեհներ է կազմակերպում): Մյուս շեղումներից են բուլիմիան (հակում շատակերության նկատմամբ), անորեքսիան (հակառակ տարբերակը), սեռական շեղումները թերեւս բացատրելի են, մինչդեռ կլեպտոմանիայի եւ  պիրոմանիայի դեպքում շատ դժվար է պարզել, թե ո՞ր բնազդի կամ ներքին մղումի հիման վրա են դրանք զարգանում:
Կլեպտոմանիան նման է խաղամոլությանը. մարդն առանձնահատուկ հաճույք է ստանում ռիսկից, նյարդախաղից, յուրատեսակ խաղից, որում գրավում է այն, որ դու չես բռնվել: Դա հաճույք ստանալու յուրատեսակ մեխանիզմ է:
Կա ինքնապահպանման բնազդի խախտման ծայրահեղ մի տեսակ՝ սուիցիդոմանիան, ինչը կյանքին սպառնացող վտանգի պահին հաճույք ստանալու ձգտումն է: Դրանով են տարբերվում կասկադյորները, ռոքերները, էքստրեմալ մարզաձեւերի սիրահարները. մարդը մշտապես կյանքի եւ մահվան բալանսի մեջ է եւ դրանից հաճույք է ստանում: Կլեպտոմանիան գրեթե նույնն է, պարզապես ռիսկի աստիճանն է ավելի փոքր: Մոտոցիկլետավարի մոտ առկա է կյանքի նկատմամբ ուղղակի սպառնալիք, իսկ կլեպտոմանի մոտ՝ անուղղակի, այն է՝ սպառնալիք սոցիալական ազատության նկատմամբ:
Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է բուժվել կլեպտոմանիայից, պարզվում է, որ հակման խախտումները» ավելի դժվար են ենթարկվում բուժման, առավել եւս, որ մենք գրեթե չգիտենք, թե դրանք որտեղից են ի հայտ գալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել