Երեկ Վրաստանի վերաքննիչ դատարանում ավարտվեց ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր դատավճռի բողոքարկման գործով դատավարությունը: Վերաքննիչ դատարանը լսեց Չախալյանների փաստաբաններ Ստեփան Ոսկանյանի եւ Նինո Անդրիաշվիլիի պաշտպանական ճառերը, այնուհետեւ խորհրդակցական սենյակում կարճ ժամանակ (15-20 րոպե) անցկացնելուց հետո հրապարակեց իր որոշումը: Ըստ այդ որոշման, անփոփոխ մնաց Վահագն, Ռուբեն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից ընդունված դատավճիռը: Պաշտպանական կողմը կբողոքարկի այս որոշումը՝ Վրաստանի գերագույն դատարանում: Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման, հասարակական կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, Ռուբեն Չախալյանը դատապարտվել էր 5000 լարի (շուրջ 3000 ԱՄՆ դոլար), իսկ Արմեն Չախալյանը՝ 2000 լարի (շուրջ 1200 ԱՄՆ դոլար) տուգանքով: