ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ տեղեկացրեց, որ ստացել է մի շարք դիմումներ, որոնցով անաշխատունակ եւ կարիքավոր ծնողները խնդրել են Պաշտպանին աջակցել իրենց՝ ծերերի խնամք իրականացնող սոցիալական պաշտպանության հաստատություններ տեղավորման հարցում՝ աշխատունակ չափահաս զավակների կողմից վերջիններիս ապրուստի միջոցներ չտրամադրելու արդյունքում:
«Թեեւ ՀՀ ընտանեկան օրենսգրքով նախատեսված է անաշխատունակ եւ օգնության կարիք ունեցող ծնողների կողմից չափահաս աշխատունակ զավակներից դատական կարգով ալիմենտի բռնագանձման հնարավորությունը, սակայն գերակշռող դեպքերում այս անձինք իրենց տարիքի, հիվանդության, հաշմանդամության կամ այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողանում կամ չեն ցանկանում օրենքով սահմանված կարգով իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը»,- հայտնում են գրասենյակից: Պաշտպանի դիտարկմամբ, բոլոր վերը հիշատակված դեպքերում այս անձինք հայտնվում են ծայրահեղ անպաշտպան վիճակում: Վերոնշյալ խնդիրների լուծման համար ճանապարհներ գտնելու ուղղությամբ Պաշտպանի գրասենյակում ներկայումս իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը: