Հոկտեմբերի 10-13-ը Արգենտինայի մայրաքաղաքում տեղի է ունեցել «Հաճն» հայրենակցական ընդհանուր միության 20-րդ համագումարը, որին միության հիմնադրումից՝ 1910 թվականից հետո, առաջին անգամ մասնակցել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը՝ «Հաճն» միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը: Հավաքին մասնակցել են «Հաճն» միությունների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Ուրուգվայից: «Հաճն» միություններ կան նաեւ Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, այլ երկրներում:
Մեզ հետ զրույցում Հովհաննես Գրիգորյանը ասաց, որ համագումարը լսել է կենտրոնական վարչության եւ մասնաճյուղերի հաշվետվությունները, քննարկել Հայաստանի Նոր Հաճն քաղաքում գտնվող Մեծն Մուրադի դպրոցին՝ հետագայում էլ սատարելու խնդիրը: Հաճնցիները արդեն օգնել են Նոր Հաճնի պոլիկլինիկայի եւ մանկապարտեզի նորոգմանը:
Եկող տարի լրանում է Հաճնի հերոսամարտի 90-ամյակը եւ քննարկվել է տարեդարձը հավուր պատշաճի նշելու եւ Նոր Հաճն քաղաքի թանգարանի վերանորոգման խնդիրը: Այսօր անմխիթար վիճակում է թանգարանը, բարվոք չէ նաեւ հարակից տարածքը: Բուենոս-Այրեսում ընտրել են կենտրոնական վարչության ատենապետ եւ անդամներ: Առաջին անգամ 11 հոգանոց կենտրոնական վարչության անդամ է ընտրվել ՀՀ ներկայացուցիչը: Ավանդաբար 11 հոգուց վեցը ընտրվում են Արգենտինայից, մնացածը՝ այլ երկրներից:
Մեզ ավելի շատ հետաքրքրում էր, թե հաճնցիները խոսե՞լ են, արդյոք, հայ-թուրքական արձանագրություններից: Ըստ Հովհաննես Գրիգորյանի, հայրենակցական միությունը քաղաքականությանը չի խառնվում: Հաճնցիները զուսպ են, հետեւում են զարգացումներին, սահմանի բացմանը կողմ են, բաց սահմանով կարող են գնալ եւ տեսնել Հաճնը: Բայց Ղարաբաղի եւ ցեղասպանության հարցը նժարի վրա չեն դնում ու հավատում են, որ լավ կլինի: