«Առավոտի» հուլիսի 8-ի համարում տպագրված «Սյունիքում բերքի հույս գրեթե չկա» հրապարակմամբ անդրադարձել էինք Սյունիքի մարզի գյուղատնտեսության վիճակին եւ հենվելով մարզպետարանի տրամադրած տեղեկությունների վրա, արձանագրել, որ հորդառատ անձրեւների արդյունքում գյուղացիները ավելի քան 30 միլիոն դրամի վնաս են կրել, անձրեւները Սյունիքում շարունակվում են եւ չի բացառվում, որ վնասի չափերը մեծանան: Եվ ցավոք այս մռայլ կանխատեսումը իրականացավ:
Սյունիքի մարզում աշնանացանի աշխատանքներ են ընթանում: Նախորդ տարի մարզում 16 հազար 480 հեկտար աշնանացան էր կատարվել, սակայն այս տարի այն զգալի կնվազի: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Քաջիկ Խաչատրյանի` անհրաժեշտ սերմի բացակայության պատճառով ընթացիկ տարում ընդամենը 4 հազար հեկտար ցանքս կկատարվի: Բնակլիմայական վատ պայմանները, գարնանային ցրտահարությունները շատ վատ ազդեցություն թողեցին սերմարտադրության վրա: Զրուցակցիս խոսքերով, յուրաքանչյուր տարի մարզում 3-4 հազար տոննա սերմ էր հավաքվում հաջորդ տարվա համար, այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ընդամենը 600-700 տոննա հացահատիկ է հավաքվել, բերքի զգալի մասը փչացել է եւ անասնակեր ծառայել:
Գերխոնավությունն ու ցրտահարությունը մեծ ազդեցություն ունեցան նաեւ սերմի որակի վրա: Մարզի ալրաղացները հրաժարվում էին ընդունել անորակ հացահատիկը կամ էլ ընդունում էին շատ ցածր գներով, նախորդ տարվա 1 կգ-ը՝ 110-120 դրամի փոխարեն այս տարի՝ արդեն 80-90 դրամով, որն էլ ֆինանսական մեծ կորուստներ բերեց ֆերմերային եւ գյուղացիական տնտեսություններին: Ըստ գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանի, սերմանյութի համար դիմել են կառավարություն, գյուղնախարարություն եւ միջազգային կազմակերպություններին, բայց արդյունք չի եղել: «Եթե այս տարի քիչ թե շատ անորակ սերմանյութ կար եւ դա են ցանում այսօր, ապա եկող տարի ճգնաժամային վիճակ է սպասվում մեր մարզում, քանի որ անորակ սերմանյութի ցանքսից գրեթե սպասելիքներ չունենք: Եկող տարի մենք կառավարության, միջազգային կազմակերպությունների օգնության կարիքը այս առումով խիստ կզգանք»,- ասում է պարոն Խաչատրյանը: