Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ

Հոկտեմբեր 31,2009 00:00

Հայ-թուրքական արձանագրությունները Ջավախքի համար վտանգավոր են

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Հայ դատից, Ջավախքից եւ որեւէ երկրում ապրող հայի կամ հայ խմբավորման շահ չի պաշտպանում, ջավախահայությունը հոգեբանական ծանր կացության մեջ է հայտնվելու, քանի որ Ջավախքը իրեն համարում է Հայ դատի բաղկացուցիչ, իսկ արձանագրությունների վավերացումը արագացնելու է Ջավախքի հայաթափումը, երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Արեւմտահայության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն ու «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը:
Ըստ Հայկազուն Ալվրցյանի, հանրապետության նախագահն էլ է հայտարարել, որ արձանագրություններում կան ռիսկեր, բայց «տարօրինակ է, որ զգալով այդ ռիսկերը՝ արձանագրությունները ստորագրվեցին»: Ըստ Վահե Սարգսյանի, Ջավախքում կա 152 հասարակական կազմակերպություն, որից միայն ութն է հայկական, այն էլ կամ թղթի վրա, կամ վրացական հատուկ ծառայությունների ուժեղ հսկողության տակ: Հայկազուն Ալվրցյանը այս առթիվ ասաց, որ Ջավախքում՝ «իր պատմական հայրենիքի մի հատվածի վրա ապրող հայության մեջ» կան եվրոպական, ասիական, ԱՊՀ երկրների տարբեր կազմակերպությունների մասնաճյուղեր, վրացական կազմակերպություններն էլ վրացական պետության աջակցությունն են ստանում, հայաստանյան կազմակերպություն չկա, իսկ տեղի հայկական կազմակերպություններն էլ Հայաստանից օգնություն եւ օժանդակություն չեն ստանում: Վահե Սարգսյանը հավելեց, որ սկսած 1998 թվականից, երբ Հայաստանը ղեկավարել սկսեց Ռոբերտ Քոչարյանը, Վրաստանն ու Հայաստանը միասին ճնշում եւ վերահսկում էին Ջավախքի հայկական կազմակերպություններին: Ըստ բանախոսների, հենց այս նպատակով Հայաստանում ստեղծվեց «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը: Այս համատեքստում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը կարող է դրական լինել: Թուրքիայի հետ բաց սահման ունեցող Հայաստանը ստիպված չի լինի հանուն Վրաստանի հետ բաց սահմանի՝ ճնշել Ջավախքին ու Ջավախքը ազատություն կստանա, բայց ազգային փոքրամասնությունը չի կարող պետությունից հզոր լինել, հաղթել պետությանը, կարծում են բանախոսները:
«Առավոտը» նկատեց, որ այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր են ծնունդով ջավախեցի Հայկ Սանոսյանը, Շիրակ Թորոսյանն ու Տաճատ Վարդապետյանը: Այս գործիչները հանրապետական կուսակցության ցուցակով են պատգամավոր դարձել, կոալիցիայի կազմում ողջունել հայ-թուրքական արձանագրությունները: Ըստ Հայկազուն Ալվրցյանի, «նրանց համար Ջավախքը օրախնդիր չէ: Օրինակ՝ Ջավախքում բազմաթիվ իրադարձություններ են կատարվում եւ ես չեմ տեսել, որ ՀՀ խորհրդարանի մեծամասնությունը կազմող կուսակցությունը որեւէ գործնական քայլ կատարի Ջավախքի վիճակը թեթեւացնելու համար»:
«Կարծես թե 19-րդ դարի Հայաստանի բարենորոգումների ծրագիրն է կրկնվում: Եվրոպացիները թուրքերին ինչ-որ սպառնալիքներ էին ներկայացնում, թե հայերի նկատմամբ ուշադիր եղեք, բարենորոգումներ իրականացրեք: Եվ մենք տեսանք, թե այդ քաղաքականությունը արեւմտահայության համար ինչպես վերջացավ: Այսօր էլ մնում-մնում՝ ինչ-որ հայտարարություններ են անում»:
Վերջում Հայկազուն Ալվրցյանը համաձայնեց այն դիտարկմանը, որ ամեն դեպքում մեղավորը մենք ենք. բոլորը իրենց շահը հետապնդում եւ ըստ այդմ են գործում, մենք՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել