Մոտ օրերս «խոզի գրիպի» պատվաստանյութը կբերվի Հայաստան եւ առաջնահերթ կպատվաստվեն ռիսկային խմբերը՝ բուժաշխատողները, 1-24 տարեկան անձինք, քրոնիկական հիվանդություն ունեցողները եւ հղի կանայք: Երեկ ասուլիսում այս մասին նշել է հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: «Ա1+»-ից տեղեկանում ենք, որ պարոն Ասոյանը ասել է նաեւ, որ այս պահին Հայաստանում կա որոշակի քանակությամբ «Տամիֆլյու» դեղամիջոց՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար: Վարակաբանի հավաստմամբ, ուժեղացված հսկողությունը «Զվարթնոց» եւ «Շիրակ» միջազգային օդանավակայաններում շարունակվում է: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների՝ աշխարհում գրիպի H1N1 վիրուսային վարակի շուրջ 414 հազար դեպք է գրանցվել, որից 4500-ը՝ մահացության դեպք:
Պարոն Ասոյանը խնդրել է նաեւ աչքաթող չանել սովորական գրիպը եւ դրանից պաշտպանվելու մի քանի միջոցներ է նշել. տեղի-անտեղի չհամբուրվել, չօգտագործել ուրիշի շրթներկը: «Թե չէ մեր տղաները սովորություն ունեն ամեն դասամիջոցի համբուրվել»,- ասել է վարակաբանը: