ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը վստահեցնում է, որ իրենք մտահոգություններ չունեն
– Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման քննարկումների ժամանակ ձեր խմբակցությունը առաջարկություններ անելո՞ւ է, ունե՞ք կոնկրետ մտահոգություններ, որոնք պատրաստվում եք հնչեցնել քննարկումների ժամանակ:
– «Օրինաց երկիր» խմբակցությունը մշտապես եղել է ակտիվ եւ նախաձեռնող: Դրա վկայությունն այն է, որ մենք հեղինակ եւ համահեղինակ ենք մեծ թվով օրենքների եւ օրենքների նախագծերի: «Օրինաց երկիր» կուսակցությունը, մասնավորապես խմբակցությունը, անմասն չի մնում երկրի եւ ժողովրդի անվտանգության խնդիրների, կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի սատարմանն ու լուծմանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման քննարկումներին, այո՛, «Օրինաց երկիր» խմբակցությունը պատրաստվում է այդ քննարկմանը, եւ կարծում եմ, որ կունենա իր առաջարկությունները արձանագրությունների վավերացումից հետո հետագա գործընթացների վերաբերյալ: Ի սկզբանե թե՛ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ թե՛ խմբակցության անդամները հայտնել են, որ կողմ են այս բովանդակությամբ արձանագրությունների վավերացմանը, քանզի այնտեղ որեւէ նախապայման չենք տեսնում: Ավելին, Արթուր Բաղդասարյանը, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, ջատագովն է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակության հարցերի հայանպաստ լուծմանը:
– Ձեր կուսակցությունն ինչպե՞ս է գնահատում իր նախարարների գործունեությունը կոալիցիայի կազմում: Տեղեկություններ կան, որ մտադիր եք փոխել ձեր նախարարներին:
– Մեր նախարարների, ինչպես նաեւ կոալիցիայի կազմում գտնվող մյուս նախարարների գործունեությունը բաց է եւ թափանցիկ: Նախարարների աշխատանքների գնահատականները տալիս է ողջ հանրությունը, իհարկե, նրանք քաղաքական ուժի անդամներ են, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ հետեւողական է իր նշանակած նախարարների կատարած աշխատանքներին: Մեր նախարարները գրագետ են, աշխատասեր եւ պատրաստակամություն են ցուցաբերում իրենց ղեկավարած ոլորտներում նոր բարեփոխումներ կատարելու: Ինչ վերաբերում է հարցի այն մասին, թե իբր մտադիր ենք նրանց փոխել, ասեմ, որ ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, նման քննարկումներ եւ խոսակցություններ երբեւէ չեն եղել: Ընդհակառակը՝ մենք ձգտում ենք օգնել եւ աջակցել, որպեսզի նրանց առջեւ դրված ծրագրերը կյանքի կոչվեն:
– ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս կարծես առավել ակտիվ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ: Ի՞նչ նպատակ է հետապնդում այդ ակտիվացումը:
– ՕԵԿ-ը վերջին ընտրություններից հետո կատարել է ներկուսակցական բարեփոխումներ եւ սկսել է աշխատել նոր ոճով եւ նոր մոտեցումներով: Կուսակցական կազմակերպչական աշխատանքները թե՛ Երեւանում, թե՛ մարզերում ընթանում են բնականոն հունով: Հայաստանում չկա գրեթե այդպիսի բնակավայր, որտեղ ՕԵԿ-ը ներկայացված չլինի իր կառույցներով, եւ այդ հանդիպումները, որոնք տեղի են ունենում տարբեր բնակավայրերում, բնակչության պահանջն է մեր կառույցների միջոցով: Այո, դուք ճիշտ եք նկատել, որ վերջին շրջանում ՕԵԿ նախագահը եւ խմբակցության անդամները ակտիվ հանդիպումներ են ունենում տարբեր մարզերում, մասնավորապես Շիրակի եւ Արագածոտնի մարզերում: Եղել ենք տարբեր գյուղական համայնքներում, լսել գյուղացու հոգսի եւ ցավի, գյուղի խնդիրների մասին: Որքանով որ հնարավոր է՝ աջակցում եւ սատարում ենք գյուղացուն էլ, գյուղին էլ: ՕԵԿ-ը երբեք չի կտրվել իր արմատներից եւ երբեք ընտրությունից ընտրություն չէ, որ հանդիպել է ժողովրդին: