ԵԽ մարդու իրավունքների պաշտպանին թուրքական իշխանությունը հայտնել է, թե Թուրքիան ունի «հանդուրժողականության ժառանգված ավանդույթներ»: Թերեւս դրա ապացույցը իրականացված Ցեղասպանությո՞ւնն է:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպան Թոմաս Համմարբերգը նախաձեռնել է երկխոսություն թուրքական իշխանությունների հետ՝ ազգային փոքրամասնությունների, նաեւ ապաստան հայցողների ու փախստականների իրավունքների պաշտպանության հարցերով: Եվ հոկտեմբերի 1-ին հրապարակել է զեկույցներ այս հարցերի վերաբերյալ՝ հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ստամբուլ, Իզմիր եւ Անկարա իր այցելության արդյունքների հիման վրա: Զեկույցներին գրավոր դիտողություններով արձագանքել է Թուրքիայի կառավարությունը:
Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ զեկույցից առանձնացրել ենք Համմարբերգի այն դիտարկումները, որոնք վերաբերում են Թուրքիայում բնակվող հայերին: Ի դեպ, թուրքական իշխանությունը հրաժարվում է ճանաչել երկրում առկա այլ ազգային փոքրամասնություն, բացի «ոչ մուսուլմաններից»՝ հայերից, հույներից եւ հրեաներից: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, թե չկան պաշտոնական թարմ տվյալներ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների թվաքանակի վերաբերյալ: Իսկ 2000-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հայերի քանակն այդ երկրում 50000-93500 է, հույներինը՝ 3270-4000, հրեաներինը՝ 25000-26114:
Զեկույցի այն բաժնում, որը վերաբերում է ազգային փոքրամասնությունների լեզուներին եւ արտահայտվելու ազատությանը՝ արձանագրվել է, որ Թուրքիայի Սահմանադրության 42 հոդվածով նախատեսվում է, թե որեւէ այլ լեզու՝ բացի թուրքերենից, չպիտի դասավանդվի որպես մայրենի լեզու Թուրքիայի քաղաքացիներին ցանկացած կրթական կամ մասնագիտական հաստատությունում, եւ բացառություն են «ոչ մուսուլման» երեք փոքրամասնությունների ուսումնական հաստատությունները: Եվ Թուրքիայում կան ազգային փոքրամասնությունների 42 դպրոցներ: Հանձնակատարը մեջբերել է փորձագետների տեսակետը, թե թուրքական կառավարությունը օգնություն չի ցուցաբերում այդ դպրոցներին, թեեւ դրանցից շատերն ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ ու դժվարություններ: Մասնավորապես նշվում է հայկական ու հունական դպրոցների համար ուսուցիչներ վարձելու եւ դասագրքերի մատակարարման դժվարությունների մասին. «Թուրքիա այցելության ընթացքում Հանձնակատարը մտահոգությամբ տեղեկացել է, որ հայկական համայնքի կողմից արված առաջարկը՝ ապահովել ոչ մշտական միգրանտների ընտանիքների հայ երեխաների ուսուցումը՝ չի արժանացել իշխանությունների հավանությանը»: Թոմաս Համմարբերգն առանձնահատուկ մտահոգություն է հայտնել նաեւ այն առիթով, որ 2007-ի հունիսին Պետական խորհրդի որոշմամբ պաշտոնանկ է արվել Դիարբեքիրի քաղաքապետը եւ լուծարվել քաղաքային խորհուրդն այն պատճառով, որ 2006-ին նախաձեռնել էին մի քանի լեզուներով՝ քրդերեն, հայերեն, արաբերեն, անգլերեն եւ այլն, քաղաքային ծառայությունների տրամադրում:
Ոչ պակաս մտահոգություն է հայտնված «թուրքական ինքնության վիրավորանք» որակմամբ 301 հոդվածի կապակցությամբ, որով 2005-2006-ին հետեւողականորեն հետապնդվում էր Հրանտ Դինքը, որը «փորձում էր ծավալել բաց քննարկում՝ Թուրքիայում ապրող հայերի վերաբերյալ»: Թոմաս Համմարբերգը նաեւ հիշատակում է, որ 2008-ի հունիսին դատարանը թուրք հրատարակչին դատապարտեց 5 ամսվա ազատազրկման, քանի որ տպագրել էր Գ. Ջերիջանի միջազգային տարածում ունեցող «Ճշմարտությունը կազատագրի մեզ. հայերի եւ թուրքերի հաշտեցում» գիրքը՝ մեղադրելով նրան Թուրքիայի Հանրապետությունը վիրավորելու մեջ:
Զեկույցի դավանանքի ազատություն եւ սեփականության իրավունք բաժնում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնում այս անգամ այն լարված ու անհանգիստ մթնոլորտի կապակցությամբ, որը ձեւավորվել է կրոնական փոքրամասնությունների շուրջ: Նրան հաղորդել են 2008-ի սեպտեմբերին «Օրենքի եւ հավասարության կուսակցության» ստեղծման մասին, որն իր թիրախն է հռչակել Թուրքիայում քրիստոնեություն դավանողներին: Սպառնալիքներ են ստացել կրոնական առաջնորդները, մասնավորապես՝ Հայոց պատրիարքը, եւ պրն Համմարբերգը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում արդյունավետ միջոցներ ձեռնարկել կանխելու եւ վերացնելու նման անհանդուրժողականության դրսեւորումները:
Միջանկյալ նկատենք, որ Ստամբուլ մեր այցի ընթացքում արձանագրեցինք, որ Հայոց պատրիարքարան մտնել հնարավոր է միայն մանրակրկիտ զննությունից հետո. ինչպես եւ թուրքական այլ հաստատություններում՝ այստեղ եւս պիտի իրերդ անցնեն մետաղորսիչի միջով: Ի դեպ, այստեղ հայ եկեղեցիների տարածքներում եւս անպայման ծածանվում է թուրքական դրոշը, որն ընդհանրապես ամենուր է:
Թուրքիա այցի ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին տեղեկացրել են, որ հնարավորություն չկա հայկական ուղղափառ եկեղեցու սպասավորների պատշաճ ուսուցում անցկացնելու. «2 տարի առաջ Հայոց պատրիարքարանի արած առաջարկը՝ ստեղծել համապատասխան ամբիոն համալսարանում, մինչ այժմ չի իրականացվել»:
Համմարբերգն արձանագրել է Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցերի առատությունը՝ նախկին կալվածքների նկատմամբ սեփականության իրավունքի առնչությամբ, որոնց մեծամասնությունը ներկայացրել են հայկական եւ հունական համայնքները:
Զեկույցի եզրակացություններ եւ երաշխավորություններ բաժնում եւս ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը Թուրքիայի իշխանությանը կոչ է արել անհապաղ ձեռնարկել միջոցներ ճանաչելու ազգային փոքրամասնությունների համայնքների եւ կրոնական հաստատությունների իրավազորությունը, մասնավորապես թույլատրելով վերաբացել Աստվածաբանական ճեմարանը Հեյբելիադայում եւ հայկական ուղղափառ եկեղեցու սպասավորներին տալով ուսումնառության հնարավորություն:
Թուրքիայի Հանրապետությունը Թոմաս Համմարբերգի զեկույցի առնչությամբ իր պաշտոնական մեկնաբանությունների մեջ նշել է, թե իրենց երկրում ավանդաբար օգտագործվող լեզուների թիվը «հասնում է հարյուրների, եթե ոչ՝ հազարների: Նման բազմազանությունը հաշվի առնելով՝ պետության միջոցների եւ հնարավորությունների սահմաններից դուրս է ապահովել այդ բոլոր լեզուներով ուսուցումը երկրի հանրային կրթական համակարգում»:
Նաեւ նշել են, թե վճռականորեն դատապարտում են բոլոր այն հանցագործությունները, որոնք կատարվել են ատելության հողի վրա. «Սակայն չնայած իրավական հիմքին ու հանդուրժողականության ժառանգված ավանդույթներին՝ Թուրքիան, ինչպես եւ որեւէ այլ բազմադավան հասարակություն, ամբողջապես ապահովագրված չէ առանձին միջադեպերից թուրք հասարակության որոշ անդամների հանդեպ: Այս առումով Հրանտ Դինքի սպանությունը, որը հայտնի հայ լրագրող էր՝ առաջացրեց թուրքական հասարակության բոլոր շերտերի ուժգին հակազդեցությունը»: Նաեւ նշվում է, որ չնայած ռասիստական դրդապատճառը չի դիտարկվում որպես մեղքը ծանրացնող հանգամանք, սակայն այս հանցագործությունը որակվել է որպես կանխամտածված ու ծրագրված սպանություն, որը պատժվում է ցմահ ազատազրկմամբ: