Այս օրերին Հայաստանի տարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային խորհուրդների եւ նախագահների ընտրություններ են ընթանում: Երեկ այդ նպատակով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում ՀՀԿ խորհրդի նիստ պետք է գումարվեր: Նիստը գումարվել էր, բայց ընտրությունները չէին կայացել: Այդ նիստին մասնակցած սիսիանցի հանրապետականներից մեկը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ ինչպես Կապանում ու Գորիսում, Սիսիանում էլ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձել է «գրպանային» խորհուրդներ ձեւավորել, բայց՝ անհաջող: Մեր աղբյուրի ասելով, երեկ առավոտվանից մարզպետը Սիսիան է գործուղել փոխմարզպետ Արա Դոլունցին՝ խորհրդի նիստը եւ մարզպետ Խաչատրյանի այցը նախապատրաստելու համար, ու նաեւ փորձել է խորհրդի համայնքի ղեկավար անդամներին եւ պետական համակարգում աշխատողներին ստիպել խորհրդի նախագահի պաշտոնում քվեարկելու մարզպետի թեկնածու Սամվել Թանգյանի օգտին: Վերջինս, ի դեպ, աղբյուրի ասելով, մեկ տարի առաջ մասնակցել էր Սիսիանի քաղաքապետի ընտրություններին եւ գրավել էր ընդամենը 4-րդ տեղը: «Նախատեսված ժամին մարզպետը ժամանեց ՀՀԿ տարածքային գրասենյակ ու զգալով, որ իր թեկնածուն չի անցնում, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծեց՝ փորձելով հորդուբորդ անելով լրացնել բացն ու ընտրել տալ ցանկալի թեկնածուին: Խորհրդի գործող նախագահը եւ ավելի փորձառու մյուս հանրապետականները՝ տեսնելով, որ կոնֆլիկտն անխուսափելի է, չմասնակցեցին նիստին՝ ստեղծելով քվորումի պակաս, եւ խորհրդի նիստը ձախողվեց: Դրանից հետո մի քանի ժամ անընդհատ տարբեր ճնշումներով Ս. Խաչատրյանը փորձում էր քվորում ապահովել: Տեսնելով, որ դա իրեն չի հաջողվում, խիստ բարկացած լքեց Սիսիանը»,- պատմեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, որը չցանկացավ մամուլում հրապարակել իր անունը: