Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-Ը ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՄ

Հոկտեմբեր 31,2009 00:00

«ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում ընդունվել են մի շարք կարեւորագույն որոշումներ, մասնավորապես՝ ստեղծվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնց առաջին զորավարժությունները տեղի ունեցան Ղազախստանում: Այս ստորաբաժանումները կօգտագործվեն ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում»,- ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստում ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
ՀԱՊԿ շրջանակում կձեւավորվի տեղեկատվական անվտանգության միասնական համակարգ: Միջպետական համագործակցության շրջանակում արդյունավետ իրականացվում է «ՊՐՕՔՍԻ» միջոցառումը, որը հնարավորություն է տալիս բացահայտել տեղեկատվական անվտանգության ոլորտում տեղի ունեցող հանցագործությունները: Ա. Բաղդասարյանը կարեւորել է նաեւ «Կանալ» եւ «Նելեգալ» միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս խստացնել թմրամոլների եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաեւ՝ պայքարել ապօրինի ներգաղթի եւ միգրացիոն երեւույթների դեմ: Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունն ակտիվացնելու նպատակով առաջիկայում կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ: Նիստում քննարկվել են նաեւ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի՝ սեպտեմբերի 30-ին Բրեստում կայացած նիստում ընդունված որոշումներն իրականացնելու հարցերը: Պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2008 թվականի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործման, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ շրջանակում ստորագրված պայմանագրերի եւ համաձայնագրերի վավերացման ընթացքը: Հանձնաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի նախագահության ընթացքը ՀԱՊԿ-ի կողմից դրական է գնահատվել, քանի որ այդ ընթացքում կայացվել են կազմակերպության որակական զարգացմանն ուղղված կարեւոր որոշումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել