Եվ գիտի՞, որ ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ
«Օլիգարխ հասկացությունը ո՞րն է»՝ ԱԺ-ում լրագրողներին հոկտեմբերի 26-ին հարցրել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Գործարար, որը մտել է քաղաքականության մեջ»՝ պատասխանել էր «ՉԻ»-ի թղթակիցը: Ծառուկյանն էլ ասել էր. «Հիմնականում քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, որոնք ամեն ինչի տեր են, նրանք կարիք չունեն ժողովրդի հաշվին գումար աշխատելու»:
Երեկ ճեպազրույցների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը զարմանք հայտնեց ԲՀԿ ղեկավարի այս հայտարարության կապակցությամբ՝ հիշեցնելով Սահմանադրության 65-րդ հոդվածը, ըստ որի՝ «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Լարիսա Ալավերդյանը նկատեց, թե հնարավոր է փոխել հիմնական օրենքը, բայց մինչ այդ գործում է ա՛յս Սահմանադրությունը. «Եվ ես ակնկալում էի ավելի շատ արձագանքներ գոնե վերլուծաբանների կողմից: Բայց այս անգամ նախանձելի լռությամբ պատասխանեցին ԲՀԿ ղեկավարի այս աշխարհընկալմանը, թե հենց բիզնեսի կարկառուն դեմքերն են, որ պետք է ե՛ւ բիզնեսով զբաղվեն, ե՛ւ քաղաքականությամբ: Այս կարծիքը վերին աստիճանի հարգելի է, բայց անհասկանալի է Սահմանադրության հետ համեմատելու ժամանակ»:
«Առավոտն» ԱԺ այլ ուժերից հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ իրոք որեւէ արձագանք չհետեւեց այս հայտարարությանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյան. «Հավանաբար հասարակությունը պարզապես հաշվի է առնում ռեալությունը: Իսկ մեր երկրում ռեալությունը եւ Սահմանադրությունը միշտ չէ, որ համընկնում են»:
ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյան. «ԱԺ-ն պետք է առաջիկայում ձեռնամուխ լինի Սահմանադրության դրույթն ավելի ճկուն, հստակ դարձնելուն: Բոլորս գիտակցում ենք, որ ունենք բազմաթիվ պատգամավորներ, որոնք ժամանակին զբաղվել են գործարարությամբ»:
ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյան. «Խորհուրդ կտայի «Ժառանգությանն» ընդհանրապես քիչ զարմանալ: Եթե նրանք քիչ զարմանան, ապա շատ ավելի ժամանակ կունենան զբաղվելու իրենց ներքին խնդիրներով: Եվ բացարձակապես իմաստ չունի խեղաթյուրել պրն Ծառուկյանի ասածը: Ինքը նկատի ուներ մարդ, որը եղել է գործարար, կայացել տնտեսական ոլորտում, եւ որը երկրում ունի նաեւ լուրջ ազդեցություն. այն մարդիկ, որոնք արդեն անցել են այդ բոլոր փուլերը, այսինքն՝ քաղաքականությունը բիզնես սարքելու եւ քաղաքականությամբ փող աշխատելու որեւէ խնդիր չունեն, ահա այդ մարդիկ կարող են եւ պետք է զբաղվեն քաղաքականությամբ: Պարոն Ծառուկյանը հրաշալի գիտի մեր Սահմանադրությունը, գիտի, որ ձեռներեցն իրավունք չունի լինել պատգամավոր: Այնպես որ՝ «Ժառանգությանը» խորհուրդ կտամ զբաղվել սեփական ներքին խնդիրներով, այլ ոչ թե այդ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար անընդհատ փորձել ինչ-որ բառերից կառչել եւ համատեքստից կտրված հայտարարություններ անել»:
Ի դեպ, լրագրողների խնդրանքով անդրադառնալով «Ժառանգության» վերստին ներկայացրած նախաձեռնությանը՝ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ, Գագիկ Ծառուկյանն ասել էր. «Ժառանգությունը» դեռ թող իր ներքին ֆունկցիաները կարգավորի, նոր Ղարաբաղի խնդրին անդրադառնա»: «Առավոտի» խնդրանքով արձագանքելով ԲՀԿ ղեկավարի նաեւ այս հայտարարությանը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ցանկացա՛ծ կուսակցություն ունի ներքին խնդիրներ, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստանը»՝ առնվազն այն դեպքի հետ կապված, որը տեղի էր ունեցել իր խմբակցության անդամներից մեկի հետ»: Ակնարկն ակնհայտորեն վերաբերում էր նրան, որ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանը 5 անգամ կրակել էր մի քաղաքացու վրա։ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Դա բացարձակապե՛ս ներքին խնդիր չէ, դա միջադեպ է, որը տեղի է ունեցել: Ներքին խնդիրն իրենց ներսում է, որն արդեն չգիտեմ, թե ինչի է վերածվում: Միջադեպի վերաբերյալ գործն իրավապահների վարույթում է, եւ դա չի կարող կուսակցության հետ կապված այն ներքին խնդիրը լինել, ինչն ակնարկում է «Ժառանգությունը»:
Հ. Գ. Ամենաօրիգինալն, ինչպես միշտ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էր, որը մեր հարցին ի պատասխան ասաց. «Չեմ կարծում, թե Սահմանադրությունը «Ժառանգությունն» է գրել: Ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետ: Նա բաժնետեր է, եւ ձեռնարկատիրությամբ չի զբաղվում: Եվ ի՞նչ վատ է, որ գործարարները լինեն, բայց գործարարությամբ չզբաղվեն»: