Պատճառը, թերեւս, այն է, որ Սուրենյանցը՝ նախկին, իսկ Փաշինյանը «գործող» քաղբանտարկյալ է
Երեկ հայտնի դարձավ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրել են նրա՝ որպես ԱԺ պատգամավորի թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այն, որ Փաշինյանը մտադիր է առաջադրվել այդ ընտրատարածքում՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ ուժերին հայտնի էր դարձել միայն նախօրեին՝ հոկտեմբերի 29-ին: Իսկ երեկ առավոտյան նրա առաջադրման հարցը կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ առաջադրման որոշումը քննարկվել է ՀԱԿ-ի խորհրդի նիստում: Հանրագումարի բերելով քննարկումների արդյունքը` ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Կոնգրեսը պաշտպանելու է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը «եւ ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար»։
ՀԱԿ-ի հայտարարության մեջ փորձ է արվել նաեւ պատճառաբանել «իմիտացիոն» կոչված ընտրություններին մասնակցելու մոտիվը: Մեկ այլ պոտենցիալ թեկնածուի՝ ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցի առաջադրմանն առարկելու պայմաններում դա անելն իմաստ ուներ, մանավանդ, որ ինչպես հայտարարության նախաբանում է ասված՝ Կոնգրեսը «երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ Կոնգրեսը որոշում էր կայացրել չմասնակցել ԱԺ թափուր մնացած տեղերի համար մեծամասնական ընտրություններին եւ չպաշտպանել որեւէ թեկնածուի՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ կերպ հնարավոր է վերականգնել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները»։ Իհարկե, մինչեւ երեկ ընտրություններին մասնակցելու ՀԱԿ-ի միակ վերապահումը վերաբերել էր ոչ թե ընդհանրապես քաղբանտարկյալների, այլ կոնկրետ՝ իրենց պատգամավորական մանդատներից զրկված քաղբանտարկյալների առաջադրմանը: Դա, ըստ էության, հաստատեց նաեւ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ երեկ հրավիրած իր ասուլիսում. «Մենք այս ընտրություններին չպետք է մասնակցեինք, եթե դրանք չօգտագործվեին որպես քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք: Օրինակ՝ եթե Խաչատուր Սուքիասյանը կամ Հակոբ Հակոբյանը որոշեին առաջադրվել, վերականգնել իրենց մանդատը, որն ապօրինաբար նրանցից խլել էին, մենք նրանց նույնպես կաջակցեինք: Այսինքն՝ այնտեղ, որտեղ մենք տեսել ենք ոտնահարված իրավունքի վերականգնման պայքարի միջոց, որոշել ենք օգնել եւ դրա մասին նախօրոք ենք հայտարարել»: Թերեւս, հենց այս նրբության պատճառով էլ Կոնգրեսը հարկ է համարել իր հայտարարության մեջ շեշտել, որ «ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում», եւ Կոնգրեսը՝ «հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք»։
«Առավոտի» այն հարցին, թե Փաշինյանի առաջադրման դեպքում նրա ո՞ր ոտնահարված իրավունքն է ՀԱԿ-ը փորձում վերականգնել, Զուրաբյանն ասաց. «Այն իրավունքը, որ այդ մարդն իր քաղաքական հայացքների, քաղաքական պայքար տանելու պատճառով այսօր ապօրինաբար գտնվում է բանտում եւ շինծու մեղադրանքներով: Փաշինյանի առաջադրմամբ հնարավոր է բազմապատիկ ընդլայնել մեր պայքարի ճակատը՝ լայն հասարակության ուշադրության կենտրոնում պահելով քաղբանտարկյալների ազատ արձակման, «Մարտի 1»-ի պատասխանատուների հարցերը, ինչպես նաեւ՝ ժողովրդավարական ազատությունների ու սահմանադրական կարգի վերականգնման եւ այսօր առկա բազմաթիվ այլ խնդիրներ: Կարծում եմ, ավելի լավ թեկնածություն՝ այս խնդիրը լուծելու համար, ուղղակի դժվար էր գտնել»։ ՀԱԿ-ը իր հայտարարության մեջ նաեւ կոչ է արել իր «բոլոր համախոհներին ու համակիրներին՝ ակտիվորեն ներգրավվել այս գործին՝ այն դարձնելով մեր պայքարի կարեւոր ու արդյունավետ փուլերից մեկը»:
Սա, անշուշտ, շատ ծանրակշիռ փաստարկ է ընդհանրապես եւ նույնիսկ «իմիտացիոն» ընտրական գործընթացներին մասնակցելու համար, որովհետեւ դա լավ հնարավորություն է մեկ անգամ եւս օգտագործելու ե՛ւ հասարակության հետ ինտերակտիվ շփումների, ե՛ւ նախընտրական քարոզչության ու հեռուստաեթերից օգտվելու պատեհ առիթն ու հնարավորությունը՝ քաղբանտարկյալների խնդիրների, նաեւ երկրի առջեւ ծառացած այլ մարտահրավերների մասին բարձրաձայնելու համար, բայց դրա համար ընդդիմության թեկնածուի քաղբանտարկյալ լինելը պարտադիր չէ:
Զուրաբյանի ասելով, անկախ այդ ընտրությունների պաշտոնական արդյունքից, Կոնգրեսն ամեն ինչ անելու է հաղթանակի համար եւ այդ նպատակով կենտրոնացնելու է իր բոլոր ռեսուրսներն ու պայքարելու է մինչեւ վերջ, թեեւ որեւէ պատրանք չունի, «որ այս իշխանություններն ընդունակ են ազնիվ պայքարի»:
Ինչ վերաբերում է թիվ 10-ում առաջադրվելու մտադրություն ունեցող ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին, ապա Զուրաբյանը վստահեցրեց, որ նա Փաշինյանի նման որոշումից հետո իր այդ մտադրությունից կհրաժարվի. «Այս գործընթացի նպատակներն ու գաղափարները պարզ են բոլորի համար, եւ չեմ կարծում, որ որեւէ պարկեշտ մարդ ցանկանա խանգարել այս պրոցեսին»:
Լ. Զուրաբյանի կանխատեսումն արդարացավ: Երեկ հայտնի դարձավ, որ այսօր արդեն նախկին քաղբանտարկյալ Ս. Սուրենյանցը որոշել է չառաջադրվել: Ավելին, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ պաշտպանելու է Փաշինյանի թեկնածությունը: Սուրենյանցը, որը թեեւ ավելի վաղ էր հայտարարել իր առաջադրման մասին, երեկ այդ որոշումը բացատրել է Փաշինյանի կարգավիճակով եւ նրա հետ իր ընկերական հարաբերություններով ու նաեւ նկատել է. «Ճիշտ չէր լինի նույն դաշտից երկու թեկնածուների առաջադրումը»:
Ի դեպ, ներկոնգրեսական անակնկալ զարգացումների առնչությամբ երեկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը. «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր ԱԺ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին: Անցած օրերին կուսակցության ղեկավար մարմինը քննարկում էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրա համատեքստում՝ Ս. Սուրենյանցի հայտի բովանդակությունն ու իրականացման միջոցները: Հատուկ ընդգծում ենք, որ քննարկումները չեն վերաբերվել Սուրենյանցի նախաձեռնությունը սատարել-չսատարելու խնդրին. ի սկզբանե մեզ համար ընկալելի եւ ընդունելի են եղել մեր քաղխորհրդի անդամի հայտարարության եւ նախաձեռնության մոտիվները, հետեւաբար՝ կուսակցությունը հարգելու էր իր քաղխորհրդի անդամի որոշումը: Այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել թիվ 10 ընտրատարածքում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին: Հաշվի առնելով Ն. Փաշինյանի ներկա կարգավիճակը՝ Ս. Սուրենյանցը հրաժարվում է առաջադրման մտադրությունից, կուսակցությունն ի գիտություն է ընդունում ՀԱԿ հայտարարությունը»: