Եվրոպայի թիմային չեմպիոնի գավաթը
Սամվել Խաչատրյանի ձեռքում է:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն այս օրերին, համապատասխանաբար, Ծաղկաձորում եւ Գյումրիում նախապատրաստվում են Հարավային Կորեայում նոյեմբերի 17-29-ը կայանալիք աշխարհի առաջնությանը:
Երեկ «Առավոտը» դրանց ընթացքի եւ մեր թիմերի առջեւ դրվող առաջադրանքների շուրջ հարցազրույց ունեցավ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ: Սակայն զրույցն սկսվեց վերջերս Վլադիսլավովոյում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությունում հայ մարզիկների ունեցած մրցելույթներից:
– Մի ամբողջ ուղեբեռ մեդալ՝ 7 ոսկե, 6 արծաթե, 1 բրոնզե, եւ 31 երկրների պայքարում՝ թիմային առաջին տեղ, որը գրվեց հայկական ու եվրոպական ծանրամարտի պատմության մատյանում: Հասկանալի է, որ գոհ եք: Բայց, այնուամենայնիվ……
– Միանշանակ, բավարարված եմ եւ թիմի ընդհանուր մրցելույթը գնահատում եմ գերազանց: Որքան հիշում եմ, առաջին անգամ է, որ Հայաստանը մենապայքարային ձեւերում թիմային հաղթող է դառնում թե վաստակած միավորներով, թե նվաճած մեդալների քանակով: Ինչ վերաբերում է առանձին ծանրորդների մասնակցությանը, եղան սպասվելիք արդյունքներ, հաճելի անակնկալներ ու նաեւ ձախողումներ: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանի ոսկին երրորդն էր այս մրցաշրջանի Եվրոպայի առաջնություններում: Նա 2009-ին մեկ արծաթ էլ նվաճել է աշխարհի պատանեկան առաջնությունում: Հավատացեք, որ մեկ մրցաշրջանում նման հաջող մրցելույթներն ամեն մի մարզիկի համար չէ, այն էլ՝ ընդամենը 16 տարեկանի: Շատ գոհ եմ 62 կգ քաշային Վանիկ Ավետիսյանից, որն առաջին անգամ դուրս գալով միջազգային ասպարեզ, միանգամից նվաճեց բրոնզե մեդալ: Աղասի Աղասյանը (77 կգ), որ Եվրոպայի երիտասարդների անցած տարվա երրորդ մրցանակակիրն է, Լեհաստանում 11 կգ-ով բարելավեց իր ցուցանիշները եւ արժանիորեն նվաճեց չեմպիոնի կոչումը: Ինչ վերաբերում է արծաթե մեդալի արժանացած 94 կգ քաշային Վարդ Դավթյանին, նա Աղասիի հետ միասին բոլորիս հաճելի անակնկալ մատուցող երկրորդ ծանրորդն է: Երիտասարդն այս գարնանն է ավարտել զինվորական ծառայությունը: Մենք նրան անմիջապես ընդգրկեցինք ուսումնամարզական հավաքներում: Եվ մարզիկն իրեն լիովին արդարացրեց: Ավելին ասեմ. նա էր չեմպիոն դառնալու, եթե հրում վարժությունում 202 կգ ծանրաձողը գլխավերեւից չգցեր մինչեւ մրցավարի ազդանշանը: Աղվան Մելիքյանը բարձրացավ 85 կգ քաշայինների պատվանդանի 2-րդ աստիճանին, ինչը վատ չէ, եթե հաշվի առնենք, որ պայքարում էր ձեռքի վնասվածքով: Դե, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը կրկին հիացրեց բոլորին: Պոկումում չորրորդը լինելուց հետո՝ նա հրումի առաջին իսկ մոտեցումով բարձրացրեց 227 կիլոգրամը՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար: Ցավոք, ձախողվեցին Արայիկ Միրզոյանը (77 կգ) եւ Արամ Անդրիկյանը (85 կգ), որոնք հավասարապես հավակնում էին 1-ին տեղերին: Բայց սա սպորտ է, ու ամեն բան կարող է կատարվել:
– Նոյեմբերի երկրորդ կեսին Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում մեկնարկում է մեծահասակների աշխարհի առաջնությունը: Մեր գլխավոր թիմը հիմա ինչո՞վ է զբաղված:
– Աղջիկների հավաքականը նախապատրաստվում է Գյումրիում, իսկ տղաներինը՝ Ծաղկաձորում: Հավաքներն ընթանում են ամենաբարձր մակարդակով: Թիմերը ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով ապահովված են ամեն ինչով, սկսած սննդից՝ մինչեւ ամենաժամանակակից վերականգնիչներ: Նոյեմբերի 4-ին աղջիկները կմեկնեն Թեոդոսիա, իսկ երկու օր անց տղաները՝ Պոդոլսկ:
– Որոշվե՞լ է, թե ովքեր են մեկնելու Գոյանգ:
– Ընդհանուր առմամբ՝ այո: Աղջիկներից՝ Մելինե Դալուզյանը, Նազիկ Ավդալյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ տղաներից՝ Առաքել Միրզոյանը, Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Գեւորգ Պողոսյանը (նա Էջմիածինից է եւ նոր անուն), Արթուր Բաբայանը: Ինչ վերաբերում է, ինչպես մեզ մոտ ասում են, մեծ Տիգրան Մարտիրոսյանին, նա նույնպես մարզվում է, բայց հավաքների ավարտին դեռ պետք է կարողանա անհրաժեշտ կիլոգրամներ բարձրացնել:
– Ռուբեն Ալեքսանյանի անունը չտվեցիք:
– Նա դեռ 19 տարեկան է, եւ նրա հարցում խելամիտ մոտեցում է հարկավոր: Ռուբենը, վստահ եղեք, իր խոսքը դեռ կհասցնի ասել: Այդ տարիքում, այն էլ՝ գերծանր քաշում, մարզիկին մեծ ծանրաբեռնվածության տակ մտցնելը սխալ կլինի, մանավանդ, որ նա այս տարի Ռումինիայում ձեռքը վնասեց: Նրա հարցում մենք չենք շտապում:
– Բայց աշխարհի այս առաջնությունը վարկանիշային է: Երեք աղջիկը քիչ չէ՞ անհրաժեշտ միավորներ վաստակելու համար:
– Ասեմ, որ միջազգային ֆեդերացիան այս տարվա մարտի վերջին Մադրիդում կայացած համաժողովում 187 ազգային ֆեդերացիաներից 145-ի նախագահների պահանջով որոշեց այս տարվա աշխարհի առաջնությունը հանել օլիմպիական վարկանիշային մրցաշարերի ցուցակից: Դժգոհությունն այն էր, որ Հարավային Կորեան հեռու է եւ տղամարդկանց ու կանանց ամբողջական հավաքականներ գործուղելը մեծ ծախսերի հետ է կապված, ինչը ամեն մի երկիր չի կարող իրեն թույլ տալ:
– Մելինե Դալուզյանի առողջական վիճակի մասին ի՞նչ կասեք:
– Փառք Աստծո, նրա հետ հիմա ամեն բան կարգին է: Դեռ անցած տարվանից Մելինեն Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ պարբերաբար բարձրակարգ բուժումներ է ստացել Մոսկվայում: Հիմա նա լիովին պատրաստ է պայքարին:
– Ի՞նչ նպատակներով եք մեկնում Հարավային Կորեա:
– Ամենաբարձր տեղերի համար պայքարելու: Մեր երեք աղջիկներն ու տղաներից մի քանիսը ասելիք ունեն: Բայց ամենամեծ ցանկությունը, ի պատիվ աշխարհի չեմպիոնի, Հայաստանի օրհներգը հնչեցնելն է: