Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոկտեմբեր 30,2009 00:00

Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատի Ադրբեջանի տղամարդկանց ընտրանին առաջին ու առայժմ միակ պարտությունը կրեց Հայաստանի ազգային հավաքականից:

\"\"Սերբիայի Նովի Սադ քաղաքում շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը մոտենում է եզրագծին:

Յոթերորդ տուրում ամենահետաքրքիրը, թերեւս, Հայաստանի եւ Ադրբեջանի տղամարդկանց հավաքականների՝ ավանդաբար, անհաշտ ու սկզբունքային դիմակայությունն էր, որում մեր շախմատիստները հերթական անգամ փայլուն հաղթանակի հասան:

\"\"Մրցակիցը, որ Նովի Սադ էր եկել իր ուժեղագույն կազմով եւ թիմային միջին վարկանիշով (2721) անգամ գերազանցում էր հիմնականում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներով համալրված մեր հավաքականին (2703), հերթական անգամ հարկադրված եղավ անձնատուր լինել:

Առաջին խաղատախտակի առջեւ թիմերի առաջատարներ Լեւոն Արոնյանն ու Թեյմուր Ռաջաբովը ոչ-ոքի արեցին: Նույնպիսի հաշիվ գրանցվեց Վուգար Գաշիմով-Վլադիմիր Հակոբյան պարտիայում (2-րդ խաղատախտակ): Ադրբեջանցիներն այս տուրում դիմել էին ռազմավարական մի խորամանկության՝ իրենց լավագույն գրոսմայստերներից մեկին՝ բազմափորձ Շախրիյար Մամեդյարովին հայտավորելով չորրորդ խաղատախտակի առջեւ՝ վստահ, որ նա կհաղթի երիտասարդ Տիգրան Պետրոսյանին, ինչն էլ կարեւոր ու բացառված չէ նաեւ՝ հաղթական մեկ միավոր կբերի իրենց թիմին: Սակայն աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվանակիցը խառնեց մրցակցի բոլոր խաղաթղթերը՝ Մամեդյարովին ստիպելով բավարարվել ընդամենը կես միավորով: Այս երեք պարտիաներից հետո հաշիվը 1,5:1,5 էր եւ ամեն բան որոշելու էր երրորդ խաղատախտակի առջեւ ծավալված Գադիր Հուսեյնով-Գաբրիել Սարգսյան դիմակայությունը: Եվ հուրախություն բոլորիս, Գաբին, որ թիմային անգերազանցելի խաղացողի համբավ ունի, ապացուցեց, որ իրեն այդպես գնահատողները չեն սխալվել: Գաբրիել Սարգսյանի վաստակած մեկ միավորը պայքարի ելքը վերջնականապես որոշեց մեր օգտին՝ 2,5:1,5:

Այսպիսով, յոթ տուրից հետո վաստակելով թիմային 11,0 (նույնքան, որքան Ռուսաստանն ու Ադրբեջանը) եւ անհատական 17,5 միավոր, Հայաստանի հավաքականը բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: Մեր թիմը միայն անհատական կես միավորով է զիջում նույն օրը առաջատարի դերն ստանձնած Ռուսաստանին եւ մեկ միավորով գերազանցում երրորդ տեղ նահանջած Ադրբեջանին:

Երեկ նախավերջին տուրում կայացավ Հայաստան-Ռուսաստան մրցապայքարը, որի արդյունքով, ամենայն հավանականությամբ, հայտնի պետք է դառնար Եվրոպայի չեմպիոնի անունը:

Տղաներից ետ չեն մնում նաեւ մեր աղջիկները: Նրանք 3,5:0,5 հաշվով համոզիչ առավելության հասան ռումինուհիների նկատմամբ, որի շնորհիվ մտան լավագույն եռյակ:

Թիմ. Անհ.

1. Ռուսաստան 12,0 20,5 միավոր

2. Վրաստան 12,0 18,5

3. Հայաստան 10,0 10,0

Ութերորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականին եւս լուրջ փորձություն էր սպասվում: Նրանց մրցակիցը Ուկրաինայի հավաքականն էր, որի կազմում հանդես են գալիս այնպիսի շախմատիստուհիներ, ինչպիսիք են Կատերինա Լախնոն, Նատալյա Ժուկովան, Աննա Ուշենինան, Իննա Գարպոնենկոն եւ Նատալյա Զդեբսկայան:

Հ. Գ. Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ աղջիկների մեր թիմը ոչ-ոքի է ավարտել տուրը, իսկ, ցավոք, մեր տղաների հավաքականը պարտվել է ռուսներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել