Հոկտեմբերի 28-ին Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական քոլեջի դահլիճում կազմակերպված հոբելյանական երեկոն նվիրված էր Կոմիտասի 140-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Լոռու մարզպետարանը՝ «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի հովանավորությամբ: Լեփ-լեցուն դահլիճը վկայում էր, որ Կոմիտասը մշտարդի է, դասականն էլ միշտ իր երկրպագուներն ունի:
Մասնակցում էին Վանաձորի քաղաքապետարանի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուդոլֆ Վարդազարյան), երգիչ Մհեր Մելիքյանը (վոկալ), Սյուզաննա Փոթինյանը (դաշնամուր), Նաիրա Գրիգորյանը (ջութակ), Էդիկ Ղեւոնդյանը (թառ), Նարեկ Կազազյանը (քանոն) եւ ուրիշներ: Ողջ երեկոյի ընթացքում հնչեցին հիմնականում Կոմիտասի ստեղծագործությունները, Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից «Ղողանջ ավետիսի» եւ «Ղողանջ ներման» հատվածներն ասմունքեց Ջիվան Սարգսյանը: