Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկության պատճառած վնասները

Հոկտեմբեր 30,2009 00:00

Ո՞վ չի լսել Ալպյան լեռների գեղեցկության, սքանչելի բնության մասին: Հենց այդտեղ էլ ապրում է Ալպերի արքայազնը՝ Կարմիր եղջերուն:

Վերջինիս մասին է ռեժիսոր Քլաուս Ֆայխթենբերգերի եւ պրոդյուսեր Օթմար Փենքերի՝ «Ալպերի արքայազնը» վավերագրական ֆիլմը, որի ցուցադրությունը օրերս կայացավ «Մոսկվա» կինոթատրում՝ «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում:

Ֆիլմի հեղինակը ներկայացնում է, թե մարդու «թեթեւ ձեռքով» ինչպես կարող են փշրվել եղջերուների «երջանկությունը» եւ խաթարվել անդորրը:

Կենտրոնական Եվրոպայում ամենամեծ ու ամենատարածված կենդանատեսակ հանդիսացող կարմիր եղջերուները գոյատեւում են իրենց բնազդի շնորհիվ: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է մարդկությունը ներխուժում նրանց բնական միջավայրը, ու կարմիր եղջերուն հարմարվողականության շնորհիվ կարողանում է ապրել:

Արու կարմիր եղջերուները դարձյալ սկսում են պայքարել էգերի ուշադրությանն արժանանալու համար, ձագեր են ունենում, փայփայում նրանց: «Ալպերի արքայազնը» բնազդորեն գիտի՝ ինչպես պաշտպանվել վտանգավոր կենդանիներից, երբ մայրը կողքին չէ:

Ցավոք, բեռնափոխադրող մեքենաների համար նախատեսված ճանապարհներն անցնում են Ալպերով: Զգայուն կենդանական աշխարհը դրանց ձայներից լարվում է: Հաճախ մեքենաների տակ են ընկնում խեղճ կենդանիները: Որսորդներն ու սովորական մարդիկ, որոնք նաեւ իրենց հանգիստն են փնտրում Ալպերում, խրտնեցնում են կենդանիներին, ստիպում հեռանալ անտառի խորքերը, ավելի մոտ՝ գիշատիչների կողմից սպառնացող վտանգին:

Ֆիլմը կենտրոնանում է կարմիր եղջերուի եւ այծյամի տարբերության վրա, որոնց հաճախ շփոթում են: Նկարն անդրադառնում է բոլոր այն վտանգներին, որոնք սպառնում են «Ալպերի արքայազնին» ամեն քայլափոխի՝ գայլերի ոհմակ ու արջեր, մարդու գերիշխող ներկայություն: Հեղինակը նկարագրում է, թե ինչպես ցուրտ ձմռանը եղջերուները կարող են սայթաքել ու բարձր գագաթներից գահավիժել կամ կայծակի զոհ դառնալ:

Չնայած ֆիլմի ցուցադրությունը չանցավ լեփ-լեցուն դահլիճում, բայց այն հուզեց ներկաներին: Մասնագիտությամբ քիմիկոս 49-ամյա Հերիքնազը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ֆիլմն ուներ ենթատեքստ՝ որքա՜ն անհագ ու անկուշտ է մարդը… Դա նկատում է անգամ կենդանական աշխարհը: Մարդն ուզում է տիրել երկրագնդի վրա ամեն ինչին»: 28-ամյա իրավաբան Մարգարիտայի խոսքով՝ «անգամ աչքի համար հաճելի տեսարան չէ Ալպերի միջով անցնող տրանսպորտային ճանապարհը, երբ դրանից մի քանի մետր հեռավորության վրա եղջերուներ կան»: Մանկավարժական համալսարանի ուսանող Դավիթն էլ նշեց. «Պետք չէ միայն մարդուն քննադատել, բնությունը եւս վտանգավոր խաղեր է խաղում կենդանիների հետ՝ անձրեւ, կարկուտ, կայծակ…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել