2009 թ. սեպտեմբերի 23-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հ/կ-ների մտավախությունից դատելով, դժվար չէ հասկանալ, որ օրենքի փոփոխությունները ի վնաս հ/կ-ների են:
Օրերս օրենքում կատարված փոփոխությունները քննարկելու համար «Հ/կ Կենտրոն» կազմակերպությունում էին հավաքվել Լոռու մարզի շուրջ 25 հ/կ-ների ներկայացուցիչներ: «Հաշվետվություն ներկայացնելուց անձամբ ես չեմ վախենում»,- շեշտեց «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հ/կ-ի նախագահ Գեւորգ Մանուկյանը, ով առանց դրա էլ մարզային մամուլում պարբերաբար ներկայացնում է հաշվետվություն: Նա միեւնույն ժամանակ նաեւ տարակուսանք հայտնեց, թե փոփոխություններն անցկացնելուց հետո հ/կ-ների քանակը դառնալու է մի քանի հարյուր. «Ինչո՞ւ պետական որեւէ պաշտոնյա իմ հ/կ-ում ընդհանուր ժողով անի»: «Ինտերնյուս» հ/կ նախագահ Նունե Սարգսյանն առաջարկեց ձեռնպահ մնալ ռուսական փորձից եւ օրինակ վերցնել Ֆինլանդիայում գործող հ/կ-ների մասին օրենքից:
«Ուրեմն բյուջեն էնքան ճեղքվածք է տվել, որ ամենքս պիտի 5000 դրամ մուծենք, որ դզվի,- կարծիք հայտնեց «Ոսկե միջին» հասարակական նախաձեռնությունների կենտրոն հ/կ-ի նախագահ Հովհաննես Ղազարյանը,- երեւի պաշտոնյաներից մեկի տղայի հարսանիքն է եւ բյուջեին փող ա պետք, որ հարսանիքը բարով-խերով անեն»:
«Լուրջ խնդիր է կամավորության ինստիտուտի ամրագրումը: Մենք չենք կարող առանց կամավորական ներուժի՝ լիարժեք գործել»,- համոզված է Գ. Մանուկյանը: Քննարկման ավարտին հնչեցին առաջարկություններ, որոնք կներառվեն ՀՀ վարչապետին (պատճենը՝ ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին) հասցեագրվելիք նամակում, որում կոչ է արվում հետ կանչել «Հ/կ-ների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այս նպատակով կազմակերպվեց նաեւ ստորագրահավաք, որտեղ ստորագրեցին ներկա հ/կ-ների ներկայացուցիչները: