Պաղեստինյան «Համաս» շարժումը կոչով դիմել է Գազայի հատվածի բնակիչներին՝ չմասնակցել Պաղեստինի ինքնավարության ղեկավարի եւ խորհրդարանի ընտրություններին, որոնք կայանալու են 2010 թ. հունվարի 24-ին: Այդպիսի ընտրությունների անցկացման մասին ավելի վաղ հայտարարել էր պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասը: «BBC»-ի մատուցմամբ, «Համասի» ներկայացուցիչներն ասել են, թե ընտրությունների անցկացումը համաձայնեցված չի եղել իրենց շարժման հետ, հետեւաբար՝ դրանք լեգիտիմ չեն: Շարժումը միաժամանակ հայտարարել է, որ Գազայի հատվածի բոլոր այն բնակիչները, որոնք կմասնակցեն այդ ընտրություններին, գործ կունենան ներքին գործերի նախարարության հետ կամ նրանց հարցերը կլուծվեն «այլ մեթոդներով»: Հիշեցնենք, որ «Համաս» շարժումը Գազայի հատվածն իր հսկողության տակ էր առել դեռ 2007թ.-ին, ինչից ի վեր պաղեստինյան երկու շարժումների՝ «Համասի» եւ «Ֆատխի» միջեւ լարվածություն էր առաջացել, որը պահպանվում է առ այսօր: Գալիք հունվարին լրանում է Պաղեստինի օրենսդիր խորհրդի լիազորության ժամկետը, իսկ Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի լիազորության ժամկետն արդեն իսկ սպառվել է, բայց նա շարունակում է ղեկավարել այդ պաշտոնը՝ քանի որ նոր ընտրություններ չեն անցկացվել: