Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԻՐԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդը Իրանի իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատակցի նկատմամբ կայացված դատավճիռը: «BBC»-ի փոխանցմամբ, դեսպանատան աշխատակից, Իրանի քաղաքացի Խոսեին Ռասսամը (նկարում) կալանավորվել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ եւ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Իրանի իշխանությունները Ռասսամին մեղադրել են լրտեսության եւ անկարգություններ սադրելու մեջ:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Միլիբենդն իր հրապարակած հայտարարության մեջ Ռասսամի նկատմամբ կայացված դատավճիռը որակել է որպես՝ «բացարձակապես անարդար»: Իրանի 44-ամյա քաղաքացին Թեհրանում բրիտանական դեսպանատանը զբաղեցրել է քաղաքական գլխավոր վերլուծաբանի պաշտոնը:

Միլիբենդն ասել է նաեւ, թե Ռասսամի դատավճռի վերանայման հարցը Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ զրույցում բարձրացրել է նաեւ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, իսկ Լոնդոնում Իրանի դեսպանը նույն հարցով հրավիրվել է Ֆորին գրասենյակ:

Հիշեցնենք, որ հունիսին Իրանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվել էին բրիտանական դեսպանատան տասնյակ աշխատակիցներ, բայց նրանցից միայն Խոսեին Ռասսամին էր մեղադրանք առաջադրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել