Հոնդուրասի արտգործնախարարությունը հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ «այդ երկրի ներքին գործերին Բրազիլիայի միջամտության հետ կապված» հարցով: Այդ մասին տեղեկացնում է «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ին: Աղբյուրի մատուցմամբ, Հոնդուրասի իշխանությունների կողմից Հաագա դիմելու առիթ է դարձել այդ երկրում Բրազիլիայի դեսպանատան տարածքում Հոնդուրասի պաշտոնանկ արված նախագահ Մանուել Սելայայի պատսպարվելու փաստը: Վտարանդի նախագահ Սելայան գաղտնի կերպով երկիր էր վերադարձել դեռ սեպտեմբերի 21-ին եւ մինչ օրս թաքնվում է Տեգուսիգալպեում՝ Բրազիլիայի դեսպանատանը: Վերջինը հրաժարվում է նախկին նախագահին հանձնել Հոնդուրասի իշխանություններին՝ չնայած նրանց բազմաթիվ պահանջներին:
«Բրազիլիայի դեսպանատունը չի կարող լինել այն տեղը, որտեղից Հոնդուրասի ազգային անվտանգությանը վնասող քաղաքական գործունեություն է վարվում»,- հայտարարել է Հոնդուրասի ԱԳ նախարար Կարլոս Լոպես Էստեն՝ հավելելով, որ պաշտոնանկ արված նախագահ Սելայան հենց այդ դեսպանատնից է բազմաթիվ անգամ դիմել Հոնդուրասի բնակչությանը՝ անհնազանդության եւ երկրի դե-ֆակտո կառավարության դեմ զանգվածային բողոքներ կազմակերպելու կոչերով:
Բրազիլիայի արտգործնախարարությունն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը՝ վկայակոչելով Հոնդուրասի ԱԳՆ-ի կողմից որեւէ բողոքի նոտա չստանալու հանգամանքը: