Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը պատրաստ է, բայց…

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"Իրանը պատրաստ է միջուկային վառելիքի փոխանակման եւ ատոմային ոլորտին առնչվող հարցերում համագործակցել գերտերությունների հետ: Այդ մասին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է երեկ՝ իրանական հեռուստատեսության եթերում: Նա ողջունել է Իսլամական հանրապետության ուրանը արտերկրում հարստացնելու՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը: Հինգշաբթի Թեհրանն արդեն պետք է ՄԱԳԱՏԷ-ի այդ առաջարկին պաշտոնական պատասխան տար, բայց փորձագետները պնդում են, որ Իրանը մասամբ կհամաձայնի առաջարկված ծրագրին՝ պնդելով, որ դրանում էական փոփոխություններ կատարվեն: «Միջազգային հանրությունը փոխել է իր վերաբերմունքը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ»,- «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, երեկ շեշտել է Ահմադինեջադը՝ հավելելով, որ եթե նախկինում Իրանից պահանջվում էր դադարեցնել միջուկային ծրագրի իրականացումը, ապա հիմա միջազգային հանրությունը համաձայնել է միջուկային վառելիքի փոխանակմանը, եւ պատրաստ է համագործակցել ռեակտորների եւ ատոմակայանների կառուցման հարցում:

Հիշեցնենք, որ ինչպես Թեհրանը, այնպես էլ Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը համաձայնել են ՄԱԳԱՏԷ-ի առաջարկին, ըստ որի, Իրանի ուրանի ողջ պաշարի 3/4 մասը՝ 1,2 տոննա, պետք է հարստացվի Ռուսաստանում եւ Ֆրանսիայում, ապա վերադարձվի Իրան՝ արդեն որպես ատոմային վառելիք: Արեւմտյան տերությունները ձգտում են, որպեսզի ուրանի հիշյալ քանակությունը Իրանից դուրս բերվի միաժամանակ, ինչը, նրանց կարծիքով, կզրկի Թեհրանին՝ ատոմային ռումբի մշակման վրա աշխատելու հավանականությունից: Թեհրանն իր հերթին չի վստահում միջնորդներից ոմանց եւ հատկապես Ֆրանսիային ու մտադիր է փոփոխություններ մտցնել նախատեսված ծրագրում՝ մասնավորապես առաջարկելով, որ ուրանը Ռուսաստան ուղարկվի ոչ մեծ խմբաքանակով, եւ որ այդ գործընթացին միանա նաեւ Չինաստանը: Իրենց հերթին Ֆրանսիան եւ եվրոպական մյուս երկրները նախազգուշացնում են, որ նման փոփոխությունները կարող են տապալել ձեռք բերված համաձայնությունն ընդհանրապես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել