Ամենամյա Թեքեյան մրցանակաբաշխությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարին
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը կեսլուրջ կեսկատակ ասաց, որ տնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ մրցանակաբաշխության վրա. նախորդ տարվա 11 անվանակարգի փոխարեն այս տարի հայտարարված է 9՝ գեղարվեստական գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն, ռադիո եւ հեռուստատեսություն, «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակում («Հակոբ Վարդիվառյան» մրցանակ), դպրոցականների եւ մանուկների համար գրված ստեղծագործություն («Արա եւ Մարալ» մրցանակ), սոցիալ-քաղաքական երգիծանք, քանդակագործություն, թատրոն: Պարոն Միրզախանյանի խոսքով. «Սա երեւի թե բոլոր տարիների ընթացքում միակ փոքր նահանջն է, կրճատվել են հանրօգուտ գործունեություն եւ գեղարվեստական լուսանկարչություն անվանակարգերը, բայց հուսով եմ, որ գուցե կարողանանք այս երկու անվանակարգերով եւս մրցույթ անցկացնել»: Պարոն Միրզախանյանը նշեց, որ Թեքեյան մրցանակաբաշխությունը առաջիններից է եւ այս անգամ առանձնահատուկ է լինելու. «Մրցանակաբաշխությունը նոր որակ է ձեռք բերել աշխարհագրական տեսանկյունից, քանզի, բացի Հայաստանից, աշխարհի տարբեր երկրների արվեստագետներ են մասնակցում: Մենք արդեն ունենք հաղթողներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքի երկրներից, այն բոլոր երկրներից, որտեղ կա հայկական սփյուռք, հայ արվեստագետ»: Նրա խոսքով, վերջին երեք տարիներին մրցույթի մասնակիցների աննախադեպ աճ է արձանագրվել. «Տարեցտարի մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն աճում է. եթե նախկինում մասնակիցները 120-130-ին չէին գերազանցում, հիմա արդեն թիվը հասնում է 300-400-ի: Մրցանակաբաշխության մասնակիցները տարբերվում են տարիքային հատկանիշներով, ստեղծագործական բնագավառներով, եւ չկան սահմանափակումներ»,- վստահեցնում է պարոն Միրզախանյանը՝ փաստելով, որ, որպես կանոն, ամեն տարի ամենամեծ թվով մասնակիցներ ունենում են գրականության անվանակարգում. «Բազմաթիվ գրքեր են ներկայացվում թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից»: Մրցույթին մասնակցելու միակ պահանջը սա է. «Այս տարի ներկայացվող ստեղծագործությունները պետք է կատարված լինեն նախորդ տարի»:
Ասուլիսի վերջում պարոն Միրզախանյանը եւս մեկ անգամ նշեց նախորդ տարվա մրցույթի հաղթողների անունները: Գեղարվեստական գրականություն անվանակարգում՝ Հովհաննես Թեքգյոզյանը՝ «Ապակու արեւ» պատմվածքների ժողովածուի համար, հանրօգուտ գործունեություն անվանակարգում՝ Վիվասել-ՄՏՍ-ի տնօրեն Ռ. Յիրիկյանը, գեղանկարչություն անվանակարգում՝ Ռուբեն Աբոյանը՝ «Սիրո այգի» գեղանկարի համար, լավագույն քանդակի հեղինակ ճանաչվեց Էմիլ Գազազը (ԱՄՆ)՝ «Թագուհու նավը» բրոնզե քանդակի համար, ռադիո եւ հեռուստատեսության բնագավառում՝ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ «Օտար ամայի ճամփեքի վրա» հեռուստածրագրի համար, երաժշտությունից՝ Էդուարդ Հայրապետյանը՝ «Կրկնակի կոնցերտ ջութակի, ալտի եւ լարային նվագախմբերի համար» ստեղծագործության համար, սոցիալ-քաղաքական երգիծանք անվանակարգում Լեռ Կամսարը՝ «Մահափորձ օրագիր» գրքի համար, թատրոն անվանակարգում՝ Ժիրայր Փափազյանը՝ 2007թ. թատերական գործունեության համար, «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակման հեղինակ Արա Մարտիրոսյանը, մանկապատանեկան ստեղծագործությունների համար մրցանակ ստացավ «Շողակաթ» հեռուստաընկերությունը՝ «Մանուկների Աստվածաշունչ» հեռուստածրագրի համար եւ «Կեսգիշերին» լուսանկարչական աշխատանքի համար մրցանակ ստացավ Հովհաննես Մարտիրոսյանը: Ռ. Միրզախանյանն ասաց, որ 2010-ին Թեքեյան մշակութային միության գործունեության 20 տարին մեծ շուքով են տոնելու. «Այս հոբելյանը մեզ հնարավորություն կտա անդրադառնալ մեր գործունեության տարբեր ուղղություններին եւ մասնավորապես Վ. Թեքեյան մրցանակաբաշխության անցկացմանը»: Պարոն Միրզախանյանն ասաց, որ նախատեսել են հրատարակել մի գիրք, որտեղ կներկայացնեն տարբեր տարիներին Թեքեյանի անվան մրցանակի արժանացած արվեստագետների գործունեությունը եւ կանդրադառնան Թեքեյանի բարձրագույն պարգեւին՝ ադամանդակուռ «Արարատ» շքանշանին արժանացած 18 մրցանակակիրներին՝ Շ. Ազնավուրին եւ այլոց: