Կամ չնորոգած՝ քանդվում է
Մարգարայի դպրոցը 1960 թվականին է կառուցվել: Մինչեւ 80-ականների սկիզբը այն կենտրոնացված դպրոց էր հարակից եւս երեք գյուղերի համար, որտեղի երեխաները սովորելու էին գալիս ոտքով: Հարեւան գյուղերից յուրաքանչյուրը հիմա իր կրթօջախն ունի, հետեւաբար Մարգարայի դպրոցում այժմ միայն մարգարացիներ են՝ 300 աշակերտ:
Գյուղացիներն ասում են՝ երբ իմացան, որ կառավարությունը գումար է տրամադրելու դպրոցը վերանորոգելու համար, շատ ուրախացան, որովհետեւ կառուցման օրից ի վեր այն երբեք չէր վերանորոգվել: «Ոնց որ վրայով պատերազմ անցած լիներ. միայն պատերն էին, նույնիսկ կարգին դուռ ու լուսամուտ չկար: Հենց եղանակները մի քիչ ցրտում էին՝ դաս անել չէր լինում, երեխաները սրթսրթալով էին նստում դասի»,- ներկայացրեց դպրոցի ուսուցչուհիներից մեկը:
Պետբյուջեից հատկացրած 96 միլիոն դրամով 2008 թվականին իրականացվեց դպրոցի վերանորոգումը: «Դեռ լիարժեք մեկ տարի էլ չկա, որ վերանորոգել են, բայց կրկին նորոգման կարիք ունի»,- «Առավոտին» ասաց շինարար, Մարգարա գյուղի բնակիչ Ժորա Ալեքսանյանը, ում մասնագիտական աչքը նկատել է, «որ այդտեղ 10 միլիոնի գործ էլ չի արվել»: Շինարարը ցավում է, որ անորակ աշխատանքի մեջ փոշիացվել են պետական միջոցները. «Ըստ ամենայնի՝ կապիտալ վերանորոգում են արել, բայց, արդար դատելու դեպքում՝ ոչ մի բան էլ չեն արել: Ավելի ճիշտ՝ սիրողական մակարդակի գործ են արել: Փորձեմ թվել. ասֆալտը փռելուց առաջ նախկինը 7 սմ խորությամբ պետք է քանդվեր, մաքրվեր, ձյութապատվեր, հետո միայն լցվեր ասֆալտի շերտով: Մինչդեռ, բռնել՝ հենց խոտածածկի վրա ասֆալտ են փռել ու հիմա, մի տարի չանցած, էդ թազա ասֆալտի տակից խոտը նորից դուրս է եկել: Դուրս է եկել նաեւ շենքի մանրահատակը: Պատերի գաջը քայքայվել՝ թափվում է, որովհետեւ տանիքը նորոգելիս հաշվի չեն առել, որ պետք է ջրհորդաններ էլ կառուցեն. չէ՞ որ անձրեւաջրերը թափվելու ուղղություն չունենալով՝ որտեղից հասնի թափվում-ծորում են ու նաեւ ներծծվում պատերի մեջ»:
Արտաքուստ բարետես, բայց ներսից «հիվանդ» դպրոցին վերանորոգումը, փաստորեն, այնքան էլ չի օգնել. դպրոցի շենքը նորից քայքայվում, շարքից դուրս է գալիս: Բնակիչների ասելով, այսպես որ գնա՝ մեկ-երկու տարուց դպրոցի շենքը հիմնանորոգման անհրաժեշտություն կունենա:
Որ շինարարները կարող էին գլխառադ անել գործը, Ժորա Ալեքսանյանին այնքան էլ չի զարմացնում. նրան զարմացրել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով այդ անորակ աշխատանքը 2008-ին ստորագրել-ընդունել է: