Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում գործ ունենք

Հոկտեմբեր 30,2009 00:00

Մեր մարզպետարաններն այդպես էլ չսովորեցին թափանցիկ աշխատել

«Առավոտը» այս տարվա օգոստոսի 19-ին էլեկտրոնային հարցում էր ուղարկել ՀՀ բոլոր 10 մարզպետարաններ: Խնդրել էինք մեզ տրամադրել տեղեկություններ, թե ինչպես են ծախսվել ՀՀ պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» տողով մարզպետարանների ստացած 20-ական միլիոն դրամները: «Առավոտի» օգոստոսի 28-ի համարում «10-ից 9-ը խախտեց օրենքը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մեր հարցմանը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում, պատասխանեց միայն Արագածոտնի մարզպետարանը: Հրապարակումից մեկ օր անց ստացանք Արմավիրի մարզպետարանի պատասխանը:

Հրապարակումից հետո Տավուշից եւ Սյունիքից պատասխանեցին, որ նամակը չեն ստացել՝ «Առավոտի» հետ կապ չունեցող տեխնիկական պատճառներով եւ պատասխանեցին մեր հարցերին: Սեպտեմբերի 17-ին՝ հարցումից երկու ամիս անց, ստացանք Արարատի մարզպետարանի պատասխանը: Կոտայքն էլ պատասխանեց սեպտեմբերի 24-ին՝ նշելով, որ հարցումը չի ստացել:

Պատասխանները միանման են: Բոլոր մարզպետարաններն էլ տեղեկացրել են, որ «Այլ նպաստներ բյուջեից» տողով ստացած 20 միլիոնը բաժանել են կարիքավորներին որպես օգնություն: Ու քանի որ մեր քաղաքացիները հատկապես մարզերում առանձնապես տեղյակ չեն բյուջեի մանրամասներին ու չգիտեն, որ մարզպետից ստացած օգնությունը պետական փողեր են, եզրակացրել ենք, որ մարզպետները պետության հաշվին «լավամարդ» են դառնում:

«Առավոտը» որոշել է հարցմանը որեւէ կերպ եւ որեւէ ժամկետում չպատասխանած մարզպետների հետ «գործ ունենալ դատարանում»: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության օգնությամբ դատական հայցեր ենք ներկայացրել Լոռու, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզպետների դեմ, խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել նրանց անգործությունը, որն արտահայտվել է հարցված տեղեկատվությունը չտրամադրելով եւ պարտավորեցնել 5-օրյա ժամկետում սպառիչ տեղեկատվություն տալ այն մասին, թե ի՞նչ նպատակներով են ծախսվել «Այլ նպաստներ բյուջեից»՝ մարզպետարաններին 2005, 2006, 2007, 2008 եւ 2009 թվականներին հատկացված գումարները, ամեն տարի քանի՞ որոշում է կայացվել, ինչքա՞ն գումար է ծախսվել ամեն որոշմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել