Պետական կառույցներն ու մասնավոր ընկերությունը միասին ու միակամ անտեսում են բնապահպանական աղետի մասին ահազանգերը:
Մեկ անգամ չէ, որ «Առավոտը» անդրադարձել է Կապանում գործող նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ ներկայիս «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության՝ Կապանի բնությանը հասցրած մեծ վնասներին: Տարածաշրջանին հասցված մի շարք վնասներից այսօր կանդրադառնանք միայն մեկին, իսկ մյուսներին՝ հետագա համարներում:
Սկսած 2009 թվականից, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունն իր հարեւանությամբ գտնվող, Կապան համայնքին պատկանող հողատարածքն առանց համապատասխան թույլտվության ծառայեցնում է որպես թափոնավայր՝ այնտեղ 100 հազարավոր խորանարդ մետրերով դատարկ ապարներ եւ թափոններ լցնելով: Գործարանային փողոցի այս հողատարածքի անօրինական օգտագործման եւ աղտոտման վերաբերյալ կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը տեղյակ է պահել համապատասխան բոլոր ատյաններին՝ սկսած Կապանի քաղաքապետարանից, մինչեւ բնապահպանական պետական տեսչության մարզային կառույց ու ՀՀ բնապահպանության նախարարություն: Ի դեպ, հ/կ-ն եւ քաղաքապետարանը բնապահպանական խնդիրների լուծումների հարցում համագործակցության պայմանագիր ունեն: Սակայն, ինչպես նշում են հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, քաղաքի մի հատվածը թափոնավայրի վերածելու կարեւորագույն խնդրի վերաբերյալ ո՛չ բնապահպանական տեսչության տարածքային կառույցից, ո՛չ ՀՀ բնապահպանության նախարարությունից որեւէ արձագանք-պատասխան չեն ստացել:
«Մեր կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Գործարանային փողոցի այս 4 հեկտար տարածքը գտնվում է տվյալ ընկերության հարեւանությամբ: Ընկերությունը ծախսերը կրճատելու նպատակով նախընտրել է պետության կողմից իրենց հատկացված թափոնավայրի փոխարեն դատարկ ապարներն ու թափոնները լցնել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող եւ Կապանի տարածքում գտնվող ոչ թույլատրելի վայրում, դրանով մեծ վնաս հասցնելով էկոլոգիային»,- ասում են հ/կ ներկայացուցիչները:
Մեր զրուցակիցները գտնում են, որ բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչության Սյունիքի մարզային կառույցը միտումնավոր են անտեսում հասարակական կազմակերպության կողմից բազմիցս բարձրացված խնդիրը, դրանով իսկ աջակցելով ընկերությանը, որպեսզի վերջինս ժամանակ ունենա իրականացնելու իր համար շահավետ, բայց տարածաշրջանի բնակչության եւ էկոլոգիայի համար մեծ վտանգ ներկայացնող ծրագիրը: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունը մտադիր է սեփականաշնորհել համայնքային ենթակայության տակ գտնվող նշված չորս հեկտար տարածքը, որից հետո արդեն կկարողանա այն օրինական տարբերակով օգտագործել, ինչից խուսափում է այս ամիսներին: Տարածքը սեփականաշնորհելուց հետո ընկերությունը այն թափոնատեղի օգտագործելիս զերծ կմա ավելորդ պատասխանատվությունից եւ բնապահպանական խնդիրներից:
«Մեր խորին համոզմամբ, վերոհիշյալ ընկերությունը հենց բնապահպանական խնդիրներից խուսափելու համար է ցանկություն հայտնել իր սեփականությունը հանդիսացող Կենտրոնական հանքի շենք-շինությունները տալ Կապան համայնքին, իսկ փոխարենը վերցնել համայնքին պատկանող այդ հողատարածքը: 2009 թվականի օգոստոսին Կապան համայնքի ավագանու որոշմամբ Գործարանային փողոցում գտնվող 4 հեկտար հողատարածքը հանվել էր աճուրդի, իսկ սեպտեմբերին՝ ավագանու մեկ այլ որոշմամբ անվավեր է ճանաչվել հողատարածքը աճուրդի հանվելու որոշումը: Նույն որոշմամբ հողատարածքը փոխանակվելու է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ին պատկանող Կենտրոնական հանքի շենք-շինությունների հետ»,- պարզաբանում են հ/կ-ից:
Հասարակական այս կազմակերպությունը տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելիս, պարզաբանումներ ստանալու նպատակով, դիմել էր նաեւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությանը, սակայն ընկերությունը, ինչպես պետական կառույցները, անպատասխան է թողել գրությունը:
Բացի նշված չորս հեկտար տարածքի մասին ահազանգելուց, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ՀՀ բնապահպանության նախարարությունից խնդրել էր իրեն տրամադրել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունում 2007-2008 թվականներին բնապահպանության նախարարության եւ տեսչության իրականացրած կրկնակի ստուգումների արդյունքները: Այս խնդրանքն էլ է մնացել անպատասխան:
Մի խոսքով, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությունը շարունակում է աղտոտել հողատարածքը, վնասել շրջակա միջավայրը եւ խուսափել որեւէ պատասխանատվությունից, իսկ համապատասխան ատյաններն էլ շարունակում են աչք փակել խնդրի վրա: Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ, ոչ ոք չի ասում: