Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ»

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, Ավան եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ին կսկսվի Սիրիայի քաղաքացի Ավետիս Կալայջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի «Քաղաքական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածով: Մեր աղբյուրի պնդմամբ, խոսքը հանրապետության նախագահի մասին է: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման՝ միայն նրա համար, որ թերթի միջոցով միջնորդավորված փոխանցել էր, թե նախապատրաստվում է մահափորձ ՀՀ նախագահի դեմ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, դրամատուր գ, հասարակական գործիչ Ա. Կալայջյանը, որը 2002-ին հայրենադարձվել է Ֆրանսիայից եւ ստացել ՀՀ քաղաքացիություն, «Հայոց հաղթական ուղի» հայրենասիրական կազմակերպության նախագահն է:

Նա եղել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ, Փարիզի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, ՀՅԴ, ապա՝ ՀՀԿ անդամ:

Ի դեպ, Կալայջյանը եղել է Փարիզի պարափսիխոլոգիայի կենտրոնում, գրել է «Գերհոգեբանությունը եւ կարմիր իշխանը» գիրքը: Այն դեռ անտիպ է: Նրա վերջին աղմկահարույց գիրքը «Թուրք թուրանական ծավալապաշտությունը եւ 70 նահատակ ազգերը» 572 էջանոց աշխատությունն է, որի վրա հեղինակն աշխատել է 12 տարի:

Ներկայումս Ա. Կալայջյանը պահվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել