Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալվելու իրավունք չունենք»

Հոկտեմբեր 30,2009 00:00

Այսպես է սկսել «Առավոտին» հղած իր նամակը դատապարտյալ Ժիլբերտ Մալխասյանը

Դատապարտյալը գրում է. «Ինչքան էլ մեր երկիրը գտնվում է տնտեսապես ծանր վիճակում, այնուամենայնիվ, չի կարելի ձեռք սեղմել մեր դարավոր թշնամու հետ, այն էլ այն դեպքում, երբ Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում է ձեռք բերել եւ մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն լծակներից մեկն է»: Նամակագիրը գտնում է, որ նախաստորագրված Արձանագրությունների վավերացումից հետո, շատ հնարավոր է, որ Թուրքիան իր «թրքությունն» անի եւ հավանություն է տալիս այն 12 կուսակցություններին, որոնք դեմ են արտահայտվել այդ Արձանագրություններին: Նա նաեւ կոչ է անում չմոռանալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, քանի որ հայ-թուրքական հարաբերություններն ու այդ հարցը փոխկապակցված են: Ըստ մեր նամակագրի, դատապարտյալների մեջ քիչ չեն ղարաբաղյան պատերազմում կռվածները, որոնք նույնպես ցավում են, որ ընդառաջ ենք գնում մեր թշնամուն:

«Մեր երկրի առջեւ ծառացած այսօրվա խնդիրները վաղը պատմություն են դառնալու: Անհրաժեշտ է այնպես անել, որ գալիք սերունդները չդատապարտեն ներկա սերնդին: Մի՞թե այդպես շուտ կարելի է մոռանալ Դեր Զորը, Եփրատի՝ արյունով ներկված ջրերը, որտեղից դեռ լսվում են հառաչանքի ձայներ»,- հարցնում է Ժ. Մալխասյանը:

Նամակագիրը մեզ հայտնում է, որ բնավ չի ուզում խոսել քաղաքականությունից, բայց չի էլ կարող անտարբեր անցնել այնպիսի կուսակցությունների վարքագծի կողքով, որոնք, դեմ գնալով իրենց որդեգրած սկզբունքներին, հիմա այլ բաներ են ասում: Ըստ Մալխասյանի՝ նման կուսակցություններից այսօր միայն անունն է մնացել: Նա հավատացած է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին այդ կուսակցությունները նորից կհայտնվեն խաղից դուրս վիճակում:

Նամակն ավարտվում է այս խոսքերով. «Մեր երկրի այսպիսի վճռական եւ բախտորոշ ժամին անհրաժեշտ է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ ուշիմություն: Այս հարցում մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետեւ այն ոչ միայն Հայաստան երկրի հարցն է, այլեւ Ղարաբաղի, որի ազատագրմանը մեր ժողովուրդը հասավ մեծ զոհերի ու անկոտրում կամքի շնորհիվ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել