Երեկ կառավարության շենքի առաջ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու մի խումբ մարդիկ կրկին բողոքի ակցիայի էին դուրս ելել՝ ընդդեմ Հայ-թուրքական արձանագրությունների: Ցուցարարներն իրենց բողոքի ձայնը վարչապետին եւ կառավարության պաշտոնյաներին հասցնելու համար այս անգամ «Զարթնիր, լաո» էին երգում: Նրանք «Հայկական աշխարհի շահերը միասնական են, եւ դա շատ բնական է», «Հայոց աշխարհի շահը մեկն է՝ ունենալ միասնական պետություն», «Ո՛չ՝ արձանագրություններին», «Աղդամը մեր հայրենիքն է» բովանդակությամբ ցուցապաստառներ էին բռնել, սակայն քանի որ ոստիկանները պատնեշել էին ակցիայի մասնակիցներին, անցորդները հնարավորություն չունեին դրանք տեսնելու: Անցորդներն էլ ստիպված ծիկրակում էին ոստիկանների արանքից, որպեսզի տեսնեն, թե ցուցարարներն ինչ են գրել: Զ. Փոստանջյանը հույս հայտնեց, որ այս անգամ ոստիկանները չեն խոչընդոտի իրենց ակցիային: Նրանք իրենց դժգոհությունը կառավարությանը հայտնելուց հետո շարժվեցին դեպի նախագահական:
Երեկ ցույցի էին դուրս եկել նաեւ խաղաղ պայմաններում հայոց բանակում զոհված զինվորների ծնողները. նրանք արդեն մի քանի տարի է՝ ՀՀ իշխանություններից արդարություն են պահանջում: