Լրահոս
Օրվա լրահոսը

3G ցանցը՝ մարզերում

Հոկտեմբեր 30,2009 00:00

Մարզերի բնակիչներն էլ կարող են հեռախոսով խոսելիս իրար տեսնել

Տարիներ առաջ չէինք էլ կարող պատկերացնել, որ երբեւիցե Մեղրիի այգիները մշակող մարդը կարող է զանգել Բագրատաշենի տոնավաճառում աշխատող իր առեւտրական ընկերոջն ու այդքան հեռավորությունից ոչ միայն խոսել նրա հետ, այլեւ տեսնել: Այժմ արդեն դա իրողություն է, եւ Հայաստանի ամենահեռավոր մարզի բնակիչը կարող է զանգելով մայրաքաղաքի անգամ թունելում կամ գետնանցումում գտնվող իր բարեկամին՝ շփվել նրա հետ տեսազանգի միջոցով: Մնում է միայն ձեռք բերել 3G հեռախոսներ՝ այս բացառիկ ու հետաքրքիր ծառայությունից օգտվելու համար: Նման հնարավորություն իր բաժանորդներին ընձեռել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, որն արդեն ավարտել է հանրապետության ողջ տարածքում երրորդ սերնդի (3G) ցանցի ներդրման հերթական նախաձեռնությունը: «Մենք դեռեւս ապրիլին, երբ փորձարկում էինք 3G ցանցը մայրաքաղաքում, խոստացել էինք, որ շուտով մեծացնելու ենք ծածկույթը բոլոր մարզերի համար: Խոստացանք եւ կատարեցինք»,- երեկ Սեւանում հրավիրված ասուլիսում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ վստահեցնելով, որ 3G ցանցն այսօր ծածկույթ է ապահովում մեր բնակչության գրեթե 65 տոկոսի համար: Ընդ որում, չնայած դեռ նոր է այս ցանցը ներդրվել մեր երկրում, բայց արդեն բաժանորդների ավելի քան 17 տոկոսն օգտվում է այդ ցանցի հնարավորություններից: Ավելի քան 600 հազար բաժանորդ էլ օգտվում է բջջային հեռախոսի կամ «ՄՏՍ-Կոնեկտ» անլար USB-մոդեմի միջոցով տվյալների փոխանցման գերարագ շարժական ինտերնետից:

«ՄՏՍ»-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովի խոսքերով՝ «ՎիվաՍելի» հաջողության գաղտնիքն այն է, որ ընկերության մենեջմենթը խոսում եւ մտածում է հայերեն: Այն կառուցված է հենց հայ բաժանորդների պահանջների հիման վրա»: Օ. Ռասպոպովը նաեւ ընդգծեց, որ «ՎիվաՍել-ՄՏՍ» այցելած «Vodafone»-ի մասնագետների կարծիքով, ընկերության սպասարկման մակարդակը համապատասխանում է արեւմտաեվրոպական ստանդարտներին, անգամ գերազանցում է եվրոպական չափանիշները:

Նշենք, որ այս օրերին բջջայինի երրորդ օպերատոր «Օրանժ-Արմենիա» ընկերությունն իր ինտերնետային կայքում գրանցում է իր պոտենցիալ բաժանորդներին: Ընկերության ներկայացմամբ՝ այնքան քաղաքացիներ են գրանցվել կայքում, որ այն վթարվել է: Այս առնչությամբ «Առավոտի» հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ «Օրանժ-Արմենիայի» մուտք գործելուց հետո բաժանորդ կկորցնեք՝ պարոն Յիրիկյանը պատասխանեց, որ ոչ. «Մենք ակնկալիքներ ունենք, որ որոշ բաժանորդներ կուզենան նաեւ նրանց բաժանորդը լինել: Բայց մենք պիտի ամեն ինչ անենք, որ կարողանանք պահել մեր բաժանորդներին: Հնարավոր է ունենանք բաժանորդ, որն իր ձեռքում կունենա երեք համար, այսինքն՝ միանգամից 3 օպերատորների բաժանորդը կլինի: Ամեն դեպքում մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր այսօրվա ունեցած բաժանորդների բազան պահպանենք ու դեռ ավելացնենք: Մրցակցության համար մեր պահեստը մեծ զինանոց ունի, եւ չկա մի այնպիսի բան, որ մեր մրցակիցներից մեկը կկարողանա առաջարկել, մենք՝ ոչ: Հատկապես, երբ մենք ունենք զարգացող գերարդիական ցանց»: Ռ. Յիրիկյանը նաեւ նշեց, որ գործունեության սկզբից մինչ օրս կապի համակարգում ընկերությունը ներդրել է ավելի քան 350 մլն դոլար, նախատեսված է, որ 2010-ին կներդրվի եւս 55 մլն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել