Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԼՊԱՏՈՒՄԸ ՕԳՈ՞ՒՏ է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"Բժիշկ-մասնագետները վստահեցնում են, որ այն օգնում է զերծ մնալ քաղցկեղից ու բարձրացնում է տղամարդու պոտենցիան:

Թեպետ թլպատումն ավելի շատ ընդունված է մուսուլմանական երկրներում, սակայն պարզվում է, որ քրիստոնյաներն էլ են թլպատվում: Ի դեպ, հայերը՝ նույնպես: Նշենք, որ ինտերնետային համացանցում էլ տարածված են այն կոչերը, որ թլպատվելն ուղղակի անհրաժեշտ է տղամարդկանց: Կան անգամ ինքնաթլպատումը խրախուսող էջեր: Ըստ թլպատման կողմնակիցների, այն առաջին հերթին արվում է հիգիենայի պահպանման համար: Թլպատվածների մեկ այլ առավելությունն էլ այն է, որ, ի տարբերություն չթլպատված տղամարդկանց, նրանց պոտենցիան պահպանվում է ավելի երկար տարիներ: Սա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Միքայելյան ինստիտուտի ուրոլոգիայի բաժնի վարիչ Իվան Աղաջանյանը: Նրա խոսքերով, պատմության մեջ նշվում է, որ թլպատվել են այն ազգերը, որոնք զրկված են եղել մշտական հիգիենայի պահպանությունից. «Հենց այդ պատճառով էլ նրանց մոտ առաջացել է այդպիսի սովորույթ, քանի որ թլպատման դեպքում տղամարդու սեռական օրգանի վրա չի հավաքվում սմեգմա կոչվող քսուկը, որը քաղցկեղ է առաջացնում։ Այն ազգերը, որոնց մոտ ընդունված է թլպատումը, նրանց կանայք ավելի քիչ են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով, քան չթլպատված տղամարդկանց կանայք: Սեռական հարաբերության ժամանակ է այս քսուկը անցնում կնոջ սեռական օրգանի մեջ եւ առնչվում արգանդի հետ, դա հանդիսանում է քաղցկեղին նպաստող պայման, իսկ տղամարդու մոտ եթե նրա հիգիենան պատշաճ չի պահպանվում, ապա այդ քսուկի հետեւանքով կարող է նա բորբոքումներ ունենալ»։

Ի. Աղաջանյանի ներկայացմամբ, թլպատված տղամարդկանց մոտ սեռական ակտն ավելի երկար է տեւում:

Ինքնաթլպատման մասին պարոն Աղաջանյանն ասաց, որ ինքը եվրոպական եւ ամերիկյան ուրոլոգների ասոցիացիայի անդամ է, իսկ իրենց ասոցիացիան չի ընդունում ինքնաթլպատումը. «Մենք դա անում ենք բժշկական ցուցումներով, երբ սեռական օրգանի հետ խնդիրներ են առաջանում, խնդիրներ են ունենում հատկապես դիաբետով հիվանդները»:

Ըստ բժշկի, ընդհանրապես, մանուկ հասակից ծնողները պետք է տղա երեխայի սեռական օրգանի հետ կապված՝ խնամք տանեն, որպեսզի երեխան հետագայում խնդիրներ չունենա:

Պարոն Աղաջանյանը մեզ հետ զրույցում պատմեց նաեւ, որ երբեմն իրենց դիմում են պլաստիկ վիրահատության ճանապարհով սեռը փոխելու համար. «Օրինակ՝ երեկ մի հիվանդ էր եկել, նա 21 տարեկան երիտասարդ էր, 3 տարեկանից աղջիկների հետ է ընկերություն արել, տիկնիկներով է խաղացել, կանանց շորեր է հագել։ Հիմա նա արդեն մեծացել է եւ սեռական ձգտումներ ունի, ապրում է իր ընկերոջ հետ, որը հոմոսեքսուալ է, սակայն նա չի ցանկանում այդպիսին լինել, ուզում է կին դառնալ։ Մենք պետք է նրան վիրահատենք եւ աղիքներից կնոջ սեռական օրգան պատրաստենք, որպեսզի նա կարողանա սեռական հարաբերություն ունենալ։ Սակայն մենք այնքան էլ պրոֆեսիոնալ չենք այդ գործում, ուստի նրան ցուցակագրել ենք, եւ երբ Սերբիայի եւ Իտալիայի ուրոլոգ բժիշկները մեր համագործակցության շրջանակներում այցելեն Հայաստան, նրանց հետ միասին ենք վիրահատելու: Այս բժիշկները մեծ վարպետներ են այդ ուղղությամբ։ Նրան վիրահատելու են բարեգործական հիմունքներով: Այս շարունակական շփումները մեր բժիշկներին հնարավորություն կտան այդ ոլորտում դառնալ միջազգային կարգի մասնագետներ: Մենք այլ հիվանդներ էլ կպատրաստենք նրանց համար, որոնք ցանկանում են իրենց սեռական օրգանը ձեւափոխել, մասնավորապես՝ մեծացնել: Վերջերս սկսել են նման հարցերով մեզ դիմել։ Դա արվում է հյուսվածքային ինժեներիայի միջոցով: Կան նյութեր, որոնք պատրաստվում են սինթետիկ եղանակով, կենդանիների ներքին օրգաններից կամ սրտից վերցրած նյութերով»։

Պարոն Աղաջանյանը խոսեց նաեւ ինքնավիրաբուժության մասին. «Գաղութներում շատ են լինում դեպքեր, երբ տղամարդիկ վազիլին են սրսկում իրենց սեռական օրգանի մեջ, որպեսզի մեծանա եւ ավելի շատ գրգռի կանանց, սակայն դա բարդություններ է առաջացնում։ Նույնիսկ դեպքեր են եղել, որ օրգանը հեռացրել ենք»։

Պարոն Աղաջանյանը կոչ արեց խնդիրներ ունեցող տղամարդկանց դիմել բժշկի. «Մեզ մոտ կոնսուլտացիաներն անվճար են, մենք կնայենք եւ եթե կարող ենք իր խնդրին լուծում տալ՝ կառաջարկենք մեր օգնությունը, եթե ոչ, ապա մենք այդ հիվանդներին կցուցակագրենք, երբ եվրոպացի մասնագետները գան, նրանք մեզ կօգնեն տվյալ խնդիրը լուծել: Քանի որ տղամարդիկ հիմնականում կանանց միջոցով են սեռական հիվանդություններով կամ ինֆեկցիաներով վարակվում, ապա ես խորհուրդ եմ տալիս, որ տղամարդիկ դատարկ միզապարկով սեռական հարաբերության մեջ չմտնեն: Հարաբերությունից հետո եթե միզեն՝ այդ դեպքում ինչ հավաքվում է միզածորանի մեջ՝ հարաբերության ժամանակ, կմաքրվի- դուրս կգա: Նաեւ պետք է հետեւեն իրենց հիգիենային»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել