Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստելու համար նախարարին պետք է դատի տալ»

Հոկտեմբեր 30,2009 00:00

Կարծում է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ Գյումրիում մամուլի ասուլիս տալով՝ ներկայացրեց Հայաստանի տնտեսության ողբերգական պատկերը, անխնա քննադատեց 2-րդ ու 3-րդ նախագահներին, խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել ֆինանսների նախարարին, նրա «ստերին», ու անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Ըստ տնտեսագետի, վերջին 10-12 տարիներին, հատկապես Ռոբերտ Քոչարյանի օրոք, հանրապետությունում եղած տնտեսական զարգացումը «բացարձակ անպտուղ» է, իսկ Սերժ Սարգսյանին ոչ մի կերպ չի հաջողվում ֆիքսել որեւէ հաջողություն: Պատճառը, ըստ բանախոսի, տնտեսության՝ չափից դուրս կենտրոնացումն է: «Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը 2 մլրդ դոլար է, այսինքն՝ 11 մլրդ ՀՆԱ-ի մեջ չի կարելի երկու միլիարդը մեկին տալ, դա երկիր չէ, եթե ուզում եք իշխանություն լինի, մելիքություն լինի, մելիքին կարելի է տալ իշխանություն: Ամբողջ տնտեսությունը մի 10-15 հոգու ձեռքը չեն տալիս»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ վստահեցնելով, որ իր հնչեցրած խոսքերը ոչ թե մեղադրանք, չարություն կամ չկամություն են, այլ պարզապես արձանագրումն այն փաստի, որ անհնարին է առաջ գնալ: «9 ամսվա կտրվածքով համախառն ներքին արդյունքի 18,3% անկումը համաշխարհային ռեկորդ է: Ռուսաստանում անկումը 9 ամսվա կտրվածքով 11% է, Ուկրաինայում՝ 14%, Վրաստանում՝ 9%, Ադրբեջանում՝ 6% աճ է, Ուզբեկստանում եւս գրանցվել է 8,2% աճ, Տաջիկստանում՝ 2,3% աճ»:

Նա քննադատեց նաեւ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը՝ նշելով, որ ամեն մի «անգրագետ» իրեն իրավունք է վերապահում հակաճգնաժամային գործողություններ մշակելու. «Հայաստանը բերեց մեկ միլիարդ դրամ փող, տարավ-տվեց շինարարներին: Մենք արեցինք հետեւյալ դիտողությունը՝ էդ 12 հազար սարքած բնակարանը առանց էդ էլ չի ծախվում, պատասխան ստացանք. բա որ չօգնենք՝ կսնանկանան: Ո՞վ կսնանկանա, առյուծի բաժինը, էդ նույն շինարարության, Ռոբերտ Քոչարյանինն է, օրինակ, Երեւանի կինոյի տան 22 հարկանոց շենքը իրենն է, Հյուսիսային պողոտայի շենքերի զգալի մասը իրենն է, «Կոնվերսբանկը» ինքն է, «Արդշինինվեստբանկը» ինքն է, «Հայփոստը» իրենն է»: Ըստ տնտեսագետի, հիմա մեր երկրում «ամբողջ կռիվը դրսից ներգրավված 1 միլիարդ դոլարի շուրջ է, քանի որ ընդամենը 10-15 ընտանիք մտածում են, թե այդ փողերը ոնց բաժանեն»: Հ. Բագրատյանի ներկայացմամբ, այդ գումարները օլիգարխները չեն հետ տալիս, այլ՝ ժողովուրդը: «Առավոտի» հարցին, եթե վիճակն այդքան տխուր է, ինչո՞ւ է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտարարում, որ երկրում արդեն կայունացում է նկատվում: Տնտեսագետը խորհուրդ տվեց այդ հայտարարություններին լուրջ չվերաբերվել. «Եթե նորմալ երկրում ապրեինք, նախարարին ստախոսության համար քրեական պատասխանատվության կենթարկեին»: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը, տնտեսագետը ասաց. «Թուրքերը տեսնելով, որ Հայաստանում ամեն ինչ մոնոպոլիզացված է եւ մեր երկիրը օլիգարխների պատճառով առաջ չի գնում, անպայման կօգնեն այդ օլիգարխին: Նրանք շատ շուտ կհասկանան՝ Հայաստանում ո՞ւմ է պետք օգնել, որ Հայաստանը շատ խեղճ լինի առեւտրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել