Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐ ՕՐԵՆՔՆԵՐՆ ՈՒՆԻ

Հոկտեմբեր 30,2009 00:00

\"\"ՀԴՄ կտրոնների բոնուս ստացողները վստահեցնում են, որ հարկային տեսչություններում ինքնագլուխ սահմանափակումներ են անում ու ներկայացվող կտրոնների քանակը կրճատում:

Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀԴՄ կտրոնների պարգեւավճարների համակարգի հետ կապված մի որոշում էր ընդունել, ըստ որի՝ 4-րդ եռամսյակում այլեւս մեր քաղաքացիներին ՀԴՄ չշահած կտրոնների դիմաց հասանելիք բոնուսը չեն տալու, բացի այդ, հունվարից սկսած՝ բոնուսը հաշվարկելիս հանելու են հաստատագրված վճարով հարկվող բիզնեսներից, կապի եւ կրթության ոլորտներից վերցրած կտրոնները: Այս առնչությամբ «Առավոտին» են դիմել մի քանի քաղաքացիներ՝ բողոքով, որ «Սպանդարյան» հարկային տեսչությունում վարչապետի այդ որոշումը սկսել են վաղօրոք կիրառել: Օրերս այդ հարկային տեսչությունում 17 հազար դրամի բոնուս է փորձել ստանալ թոշակառու Ռոմեն Մկրտչյանը: Սակայն 6 ժամ հերթ կանգնելուց հետո, երբ մոտեցել է հարկայինի աշխատակցին, վերջինս, տեսնելով ուսման վարձի համար ստացած կտրոնը՝ զգուշացրել է, որ այն չեն հաշվարկելու: Թոշակառուի պատմելով՝ «Ես ստիպված տուն գնացի, որովհետեւ թոռանս ուսման վարձի համար 350 հազար դրամի վճարում կատարած այդ կտրոնը եթե հանեին, չնչին բոնուս կստանայի»: Նույն հարկային տեսչություն դիմած քաղաքացիները նաեւ վստահեցնում են, որ իրենց կտրոններից էլ հանել են բենզինի համար վճարված կտրոնները: Նշենք, որ Հայաստանում բենզինը հարկվում է հաստատագրված վճարով, ուստի այս օրինակները վկայում են այն մասին, որ վարչապետի՝ հունվարից ուժի մեջ մտնող որոշումը «Սպանդարյանում» լիարժեք սկսել են իրագործել հոկտեմբերից՝ 3-րդ եռամսյակի կտրոնների համար: Ռ. Մկրտչյանի խոսքերով՝ «Հերթում կանգնածները հիմնականում ծեր, թոշակառու մարդիկ են, որոնց մեծ մասն այդպես էլ գլխի չի ընկնում, թե ինչու եւ ինչ տրամաբանությամբ են իրենց կտրոնների միջից հանում բենզինի, կրթության եւ այլ կտրոնները»:

Խնդրի հետ կապված Պետեկամուտների կոմիտեից «Առավոտին» հավաստիացրին, որ «կապի ոլորտին առնչվող, կրթության կամ հաստատագրված հարկով վճարվող բիզնեսներից ներկայացվող կտրոններն ուժի մեջ են, եւ հարկային տեսչություններն իրավունք չունեն որեւէ սահմանափակում մտցնել»: Իսկ «Սպանդարյան» հարկային տեսչությունից պարզաբանեցին, որ իրենք քաղաքացիներին անհիմն չեն մերժում. «Եթե չենք վերցրել, ուրեմն կասկածներ ենք ունեցել: Օրինակ, բենզինի դեպքում մարդիկ կտրոններ են բերել՝ 1 վայրկյանի տարբերությամբ ֆիքսված, դուք լինեիք՝ չէի՞ք կասկածի, որ բիզնեսմենը քաղաքացու հետ համաձայնության է եկել եւ կտրոններ է տպել-տվել: Իսկ կրթության կտրոնների համար սահմանափակումներ ենք դնում, որովհետեւ մի մարդը 15 հատ ուսման վարձի կտրոն է բերում, նա 15 ուսանո՞ղ է պահում»: Մեր այն դիտարկմանը, որ Պետեկամուտների կոմիտեն չի արգելում, որ քաղաքացիներն իրենց հարեւան-բարեկամներից կտրոն հավաքեն ու բոնուս ստանան, հնարավոր է՝ բարեկամները շատ ուսանողներ ունեն, հարկայինի աշխատակիցն ասաց. «միեւնույն է` մերժում ենք»:

Բոնուս ստացողների ներկայացմամբ, խնդիրներ են առաջանում նաեւ հարկայինի այլ մասնաճյուղերում: Օրինակ, Արաբկիրի հարկային տեսչությունում բենզինի համար վճարված կտրոնների մասով նույնպես որոշակի սահմանափակումներ են անում. վերցնում են միայն մինչեւ 10 հազար դրամի բենզին գնելու համար տրված կտրոնները:

Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչությունում էլ արդեն 3 օր հերթ կանգնած Լիլյա Իվանյանը մեզ պատմեց այս տեսչությունում տիրող խառնաշփոթի մասին. «Նախորդ օրվանից ենք գնում, հերթ կանգնում, սակայն ՀԴՄ կտրոններ ընդունողներն ընդամենը 3-ն են, որոնք օրական ամենաշատը 35 քաղաքացու են ընդունում, իսկ հերթում 2-3 հարյուր մարդ է լինում: Մեկուկես միլիոն դրամի ՀԴՄ կտրոններ պիտի ներկայացնեի, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում: Երբ վերջապես երեկ հաջողվեց մտնել, իմ ՀԴՄ կտրոնները հաշվեցին, ամբողջությամբ խառնեցին իրար, հետո, իբրեւ թե ճիշտ չեմ հաշվել, ինձ ասացին, որ գնամ նորից դասավորեմ ու վերադառնամ»: Բացի այդ, Լ. Իվանյանն ասաց, որ այս հարկային տեսչությունում ինչ-որ մարդիկ էին շրջում, որոնք հերթում կանգնած քաղաքացիներին առաջարկում էին ՀԴՄ կտրոնները տալ իրենց, որի դիմաց իրենք պատրաստ են նախատեսվող բոնուսից 10-20 հազար դրամ պակաս տալ, իսկ փոխարենը քաղաքացին կազատվի հերթ կանգնելու տհաճ պրոցեսից: Ընդ որում, այդ քաղաքացիները ՀԴՄ կտրոն հաշվողների մոտ են մտնում առանց հերթի, ինչն էլ տեղիք է տալիս մտածելու, որ նրանք հարկայինի աշխատակիցների հետ «լեւի» գործ են անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել