Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԾՎԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 30,2009 00:00

Թերեւս մեր սրտի զգայուն իմացությունը մեզ չի տալիս աշխարհաճանաչություն, քանի որ սրտով ապրած մեր իմացությունը պահանջում է նաեւ խոսք, ձայն, որն էլ հաստատում է, կնքում, վավերացնում՝ մեր ապրածը սրտով: Եվ երեւի թե այդ է պատճառը նաեւ, որ երբ առաջին անգամ հոգեհանգստյան պատարագի ժամանակ հնչեղ լսում ես բառը վեհահայր, ու երբ բակը մութ է, իսկ Գայանե եկեղեցու ներսում պլպլում են մոմերը՝ որպես հեռու թվացյալ անհասանելի աստղեր, անմիջապես էլ զգաստանում ես, մի տեսակ ձգվում: Չէ՞ որ մենք գիտենք, որ Վեհափառից վերեւ միայն Աստված է, այնինչ՝ պարզվում է, որ կա նաեւ վեհահայր… որին երեկ հրաժեշտ էինք տալիս: Տարօրինակ է, որ իրիկնային պահի այս խորհրդավոր հայտնությունն ինձ տարավ- տարավ մեր օրերից արդեն հեռու անցած ժամանակներ, երբ ես երեխա էի ու պատրաստվում էի դպրոց գնալ: Ու այդ պահին էլ անմիջապես հստակ լսեցի եկեղեցու բակում հավաքվածների շշուկաձայն զրույցները, որոնց գլխավերեւով գլորվելով՝ վանքի պարիսպներից դուրս սահեց վեհահայր սրբամերձ բառը: Այդպես շշուկով խոսում էին մեր ծնողները, երբ մենք մեր տնակար պայուսակների մեջ այբուբենը շալակած՝ ակնածանքով սպասում էինք մեր ուսուցչին: Եվ այդ պահին մենք չգիտեինք էլ, որ աշխարհում կա ավելի մեծ մարդ, քան ուսուցիչն է, որի հնչեցրած բարեմաղթանքի խոսքը գլորվելով մեր եւ մեր ծնողների գլխավերեւով՝ դուրս եկավ մեր աղքատիկ դպրոցի բակից ու հալվեց գյուղի տների անտաշ քարերին քսվելով: Ու մեր պատկառանքն այնքան մեծ էր ու սրտառուչ, որ համոզված էինք, թե ուսուցիչները հաց չեն ուտում, ջուր չեն խմում, իրենք մեզ համար մի այլ աշխարհից էին, իսկ մենք ընդամենը հողեղեն: Եվ հիմա, Գայանե եկեղեցու իրիկնաժամում կանգնած՝ ես զգացի, թե ինչպես պատարագիչի հնչեցրած մեկ բառը կպավ իմ հին հիշողությանն ու երազներիս մերկ մարմնին, եւ այդ պահին էլ զարմանքով հասկացա, որ թեեւ մենք կարծում էինք, թե Վեհափառից վերեւ միայն Աստված է, սակայն պարզվեց, որ ընդամենը մոլորյալներ ենք, որովհետեւ Վեհափառից վերեւ վեհահայրն էր, ով միջնորդ էր եղել Աստծո ու Վեհափառի միջեւ, ով որդուն կյանք էր պարգեւել, որպեսզի նա Աստծուն ծառայի…

Մտածում էի նաեւ, որ մարդու էությունը ինքնին անճանաչելի մի ծով է, որը հասու է միայն Աստծուն, իսկ ես՝ հողեղենս, պատարագի այդ խորհրդավոր իրիկնաժամին ինձ համար հայտնաբերեցի ոչ թե ճշմարտությունը, այլ ընդամենը մի ծվեն ճշմարտություն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել