Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"Որ սպասվում է անակնկալներով մենահամերգ

Երգիչ Ռազմիկ Ամյանը առաջիկա իր մենահամերգին խոստանում է անակնկալներով լի օր եւ նոր երգեր: Նոյեմբերի 4-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգից առաջ երգիչը երեկ լրագրողների հյուրն էր: Հանդիպման ժամանակ Ռ. Ամյանն անկեղծացավ. «Նման լայնամասշտաբ համերգի պահանջն արդեն զգացվում էր ու համերգով ներկայանալու պահը հասունացել էր»: Հանդիսատեսին երգիչը կներկայանա իր հին ու նոր երգերով. «24 երգ եմ կատարելու, որից 8-ը նոր ու հանդիսատեսին անծանոթ երգեր են լինելու: Համերգին սպասվում է հետաքրքիր շոու-ծրագիր, ռուսական երգեր, դուետներ՝ Արսեն Գրիգորյանի, Հայկոյի եւ Հռիփսիմե Հակոբյանի հետ»:

Համերգի օրը հանդես կգա 13 պարային խումբ: Երգչի խոսքով. «Մենք հետեւում ենք, թե ինչպես են կազմակերպվում այլ երգիչների համերգները, հաշվի ենք առել, թե ինչն է հաճելի աչքի համար: Այնպես որ, իմ համերգը տարբերվելու է եւ ասելիքով, եւ յուրօրինակ մոտեցմամբ»:

Համերգի կազմակերպչական նախաձեռնությունը «Ժպիտ» մշակութային ակումբինն է: Ակումբի նախագահ Գարիկ Իսրայելյանն ասաց, որ իրենց ակումբը առաջին անգամ չէ, որ համերգային ծրագրեր է կազմակերպում: Ըստ Գ. Իսրայելյանի, վերջին շրջանում մարզահամերգային համալիրում, հայ երգիչներից բացի, արտասահմանցի տաղանդավոր երգիչների տարափ է եղել, սակայն ի տարբերություն արտասահմանցիների, հայ երգիչներն ավելի մանրակրկիտ են պատրաստվում. «Նրանք հիմնվում են երգերի, ոչ թե զուտ շոուի վրա: Մենք փորձում ենք ավելի ճոխ ու հետաքրքիր անցկացնել»:

Տոմսերի՝ 1500-8000 դրամ արժողությունը, կազմակերպչի կարծիքով, կնպաստի հանդիսատեսի ակտիվ մասնակցությանը. «Համերգին մեծաթիվ հանդիսատես ենք ակնկալում: Նկատեմ, որ հանդիսատեսի մեծամասնությունը՝ մոտ 60 %, մեծահասակներ են լինելու»: Ռ. Ամյանն ասաց, որ համերգից հետո էլ հանդիսատեսին անակնկալ է սպասվում, թե ինչպիսի՝ «փակագծերը» չբացեց:

Առայժմ Ամյանն աշխատում է երգացանկում ոճային զանազանություն մտցնել. «Ես նախագիծ ունեմ, ըստ որի՝ իմ ճանաչված ռաբիս երգերը ներկայացնելու եմ ջազային ոճով: Խոսքը, բնականաբար, չի վերաբերում թուրքական երգերին»:

Մինչեւ տարեվերջ Ռ. Ամյանի երկրպագուները կվայելեն երգչի ու նրա կնոջ համատեղ կատարումներն ու նոր տեսահոլովակները:

Երգչի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանն էլ ասաց, որ Ռազմիկի մենահամերգը նախատեսել էին կազմակերպել դեռ նախորդ տարիներին, բայց այն ձգձգվեց արտերկրյա հրավերների պատճառով. «Արդեն երկրորդ տարին է՝ երգիչը մասնակցում է ԵԽ մշակույթի բաժնի նախաձեռնած «Երուսաղեմ» ծրագրին, որի շրջանակում տարբեր երկրների երգիչներ հավաքվում ու ներկայացնում են իրենց երկրների խնդիրները: Մենք էլ ներկայացնում ենք մեր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել