Լրահոս
Օրվա լրահոսը

Անտվերպենում հիշեցին Թումանյանին

Հոկտեմբեր 29,2009 00:00

\"\"

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական մշակութային միությունը հոկտեմբերի 24 -ին կազմակերպել էր երեկո՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին: Երեկոյի մասնակիցները մեծ ուշադրությամբ ծանոթացան բազմաթիվ լուսանկարների, փաստաթղթերի պատճենների, նոր լույս տեսած գրքերի հետ: Թումանյանի կյանքի, գուծունեության եւ ստեղծագործության մասին խոսեց \"\"միության նախագահ, տեղի «Լրագիր» ամսաթերթի գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը: Այնուհետեւ ասմունքեց Սոնա Պետրոսյանը: Միության շաբաթօրյա դպրոցի ասմունքի խմբակը՝ դասվար Լիլիթ Գինոսյանի ջանասիրությամբ, ներկայացրեց Թումանյանի քառյակները: Թումանյանի խոսքերով գրված երգերի հրաշալի կատարումով հանդես եկավ Լենա Բեգլարյանը: Դպրոցի թատերական խմբակը՝ բեմադրիչ Նարինե Շահվերդյանի ղեկավարությամբ, ցուցադրեց «Կիկոսի մահը»: Երեկոյին մասնակցում էին նաեւ Թումանյանի ծոռներ Սոֆյան եւ Ռուբենը: Վերջինս հետաքրքիր դեպքեր պատմեց Թումանյանի մասին: Ավարտին մասնակիցները սիրով կատարեցին Թումանյանի պատվիրանը՝ էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բեր:

\"\"Ի դեպ, «Նուարդ» միությունը մի քանի շաբաթ առաջ անցկացրեց հերթական փառատոնը, որը նվիրվում է Հայաստանի անկախության տարեդարձին: Փառատոնի շրջանակներում շուրջ երեքժամյա ծրագրով ելույթ ունեցավ միության «Բարեկամություն» ժողովրդական պարերի անսամբլը: Վերջերս այս անսամբլը ճանաչվել է Բելգիայի լավագույն երիտասարդական անսամբլ. այն հանդես է եկել բազմաթիվ միջազգային փառատոներում, քաղաքային եւ այլ միջոցառումներում: Անսամբլը, որի ղեկավարն է ճանաչված պարուսույց Ենոք Ստեփանյանը, պատրաստվում է եկող տարի հանդես գալ մայր հայրենիքում:

«Նուարդ» միությունը Բելգիայի ամենաճանաչված հայկական կառույցն է, որը հայապահպանման ու հայաճանաչման նպատակով կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, հայկական մշակույթի օրեր, հայ գրքի, գորգի, գոբելենի ցուցահանդեսներ, Բելգիա է հրավիրել հայ բազմաթիվ երգիչների, միության նախաձեռնությամբ Անտվերպենում տեղադրվել է խաչքար: Այժմ միությունը պատրաստվում է դեկտեմբերին նշել մեծն Կոմիտասի ծննդյան 140-ամյակը:

«Նուարդ» միության նպատակն է համախմբել եւ մեկ նպատակի ծառայեցնել Բելգիայի հայկական կազմակերպությունների ուժերը եւ տարեվերջին ստեղծել հայկական կազմակերպությունների ֆեդերացիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել