Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՆԴՆԵՐԸ ԿԵՂԾ ՀՈՒՅՍԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ

Հոկտեմբեր 29,2009 00:00

Յուրաքանչյուր աղանդ մարդուն զրկում է սեփական կարծիք ունենալուց

«6 տարեկանից հոգեւոր խմբակ էի գնում, մայրիկս ապաշխարել էր, ինձ ու եղբորս էլ տարավ: Երբ սիրահարվեցի, դեռ դպրոցում էի սովորում, բայց հավատքի տեղն ասում էին՝ ժամանակից շուտ ընկեր չպահես, ես էլ սկսեցի դա ընդունել: Սրանից ինձ մոտ նյարդային խանգարումներ առաջացան, 9-րդ դասարանը կիսատ թողնելով՝ էլ դպրոց չգնացի: 4 տարի է՝ խմբակ չեմ գնում, հիասթափվել եմ, բայց մայրիկս ու եղբայրս շարունակում են գնալ, ինձ էլ ստիպում են»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 19-ամյա Ն. Գ. -ն: Նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ բուժում ստանալու համար այցելում է Նորքի հոգեբուժական կլինիկա: Նույն կլինիկա հաճախող մեր մյուս զրուցակից՝ 16-ամյա Շ.Ն.-ն, ում վիճակը համեմատաբար լավ է, եւս բժիշկների, հոգեբույժների ու հոգեբանների օգնությանն է դիմել՝ աղանդավորական կազմակերպություններից մեկի հավաքներին այցելելու պատճառով: Սիրած տղային մոռանալու համար բարեկամուհու խորհրդով շուրջ մեկուկես տարի հավաքներին հաճախելուց հետո ծնողների օգնությամբ աղջիկը միայն այժմ է հասկացել, որ «Աղանդները շատ վտանգավոր են հասարակության համար: Պետք է տաբատ չկրեի, չհարդարվեի: Ասում էին՝ կինը պետք է տղամարդու հագուստ չհագնի: Ստիպում էին, որ աշխարհիկ մարդկանց հետ չշփվեմ, մի անգամ էլ շալվարով էի գնացել, երեցը ուժեղ գոռգոռաց ու կոպիտ ձեւով վիրավորեց ինձ, ասելով՝ դու սատանայի փայ ես, դժոխքի բաժին…»,- պատմում է մեր զրուցակիցը:

Նորքում գտնվող առաջին պսիխոտիկ էպիզոդիկ կլինիկայում բուժվող հիվանդների թվում զգալի են այս կամ այն աղանդի հետեւանքով ինչ-ինչ խանգարումներ ունեցող անձինք: Աղանդը ոչ միայն հոգեկան շեղումների առաջացման պատճառ է հանդիսանում, այլեւ, գաղտնիք չէ, որ մարդուն մղում է նաեւ ինքնասպանության: Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց նույն կլինիկայի հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս Քրիստինե Թորոսյանի հետ: Ըստ մեր զրուցակցի, յուրաքանչյուր ոչ կայուն մարդ, ով չունի կրոնի նկատմամբ իր համոզմունքները, նյարդային համակարգը թույլ է, չի գտնում եւ իր համար չի ընտրում որոշ հարցերի (ինչո՞ւ են եկել այս աշխարհ, ովքե՞ր են իրենք, ո՞ւր են գնում) պատասխանները, ենթակա է այն վտանգին, որ աղանդավորական կազմակերպությունները իրեն եւ իր նմաններին կարող են ուղղորդել եւ համալրել իրենց շարքերը: «Աղանդների բազմացման համար պարարտ հող ստեղծվել է Խորհրդային միությունից հետո, երբ կրոնական ազատություն ստանալով, հայերը չկարողացան ճիշտ կիրառել տրված ազատությունը կամ Հայ առաքելական եկեղեցու քարոզչական աշխատանքը թույլ եղավ: Մարդուն տարիներ շարունակ սովորեցրել էին, որ պետք է խմբավորվել եւ ունենալ մի գաղափար, եւ երբ հետո այդ գաղափարը վերցնում ու փոխարենը ոչինչ չեն տալիս, մարդու հոգեկանում թափուր տեղ է մնում, այդ պարզ պատճառով մարդիկ սկսում են փնտրել այն մոդելը, որով ապրել են տարիներ շարունակ, այսինքն՝ ուզում են ինչ-որ խմբի մեջ լինել: Պատահական չէ, որ կոմունիստներն ավելի հեշտ են դառնում աղանդավոր, որովհետեւ առաջինը նրանցից գաղափարը վերցրին ու նորը չտվեցին»,- ասաց Ք. Թորոսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ այն հոգեբանական մեթոդները, որոնց միջոցով աղանդավորները մարդուն գրավում ու պահում են, բավականին հմուտ են, եւ երբ ազգը հուսահատված է, եւ ինչ-որ մեկը տալիս է հույս, խոստումներ (կարեւոր չէ, դրանք իրականանում են, թե ոչ), օգնում է նյութական հարցերում՝ մարդը գնում ու ընտանիքի անդամներին էլ է ամեն կերպ փորձում տանել: «Թերապիայի ընթացքում առաջին բացասական հետեւանքն այն է, որ կլինիկայում հայտնված հիվանդները պիտակավորված են այստեղ գալիս, նրանք իրենց համարում են դիվահարված»,- ասում է իր պրակտիկայում զանազան աղանդավորների հետ շփված հոգեբանը ու հիշում դեպքեր. «Հիվանդներից մեկը ինչ-որ աղանդի անդամ էր եւ այնտեղ ուներ ընկերներ, հետո երբ նրա մոտ հիվանդության ախտանիշներ էին առաջ եկել, ասել էին՝ դու դիվահարված ես, մենք քեզ հետ էլ չենք շփվում, այստեղ նրա մոտ երկրորդ սթրեսն էր առաջ եկել: Աղանդավորները, մարդուն իրենց մոտ ներգրավելով, պատասխանատվություն են վերցնում, իսկ խնդիրներ առաջանալիս, խոստումները չկատարելով՝ իրի նման դեն են շպրտում, ուրեմն ի՞նչ աստվածապաշտության մասին են նրանք քարոզում»: Ըստ հոգեբանի, նման դեպքերում մարդու մոտ առաջանում է մեղքի զգացողություն, թե նա այնպիսին չէ, ինչպիսին՝ մյուսները, եթե դիվահարված է, ուրեմն վատն է, այսինքն՝ մարդուն թողնում են մենակ: Մեր զրուցակիցը զարմանում է՝ ո՞րն է այն հավատի իմաստը, երբ Աստծուն դիմում են փող ու «ջիփ» ունենալու խնդիրներով ու համոզում են, եկեք աղոթե՛նք՝ մեր եղբայրը «ջիփ» կունենա: «Աղանդները տալիս են կեղծ հույս, սակայն կարեւոր չէ, այն կիրականանա, թե ոչ: Անձը ընտրելու է այն, որովհետեւ մարդ արարածը ունի խաբված լինելու ցանկություն, դա պաշտպանական մեխանիզմ է, այսինքն՝ չի ընդունում իրականությունն այնպիսին, ինչպիսին կա, այլ վերցնում է այն ռեալությունը, որն իրեն մատուցում են»,- նշեց. Ք. Թորոսյանը: Հոգեբանի խոսքով, մոտեցումը՝ թե հոգեկան խնդիրներ ունեցող անձը թույլ է, ոչ միշտ է այդպես, պարզապես, երբ մարդը միայնակ է, եւ հասարակությունը նրան չի ընդունում, հնարավոր է, որ աղանդներն ընդունեն: Յուրաքանչյուր աղանդ մարդուն զրկում է սեփական կարծիք ունենալուց: Աղանդավորական խմբային արարողությունների հուզական վիճակը եւս հոգեկան ոչ կայուն մարդու վրա իր ազդեցությունը թողնում է, բայց մեր զրուցակիցը նշում է, որ կան մարդիկ, որոնց վրա աղանդավորական շոուն ըմբոստություն է առաջացնում, որովհետեւ դարեր շարունակ հայ մարդն աղոթել է ոչ թե ցուցադրաբար ու բարձրաձայն, այլ ծածուկ: Մեր զրուցակիցը նշեց, որ, օրինակ՝ Ռուսաստանում պատրաստվում են հատուկ հոգեբաններ, ովքեր աղանդավորական խմբերից դուրս եկածներին հոգեբանական ռեաբիլիտացիայի (վերականգնողական աշխատանք) են ենթարկում: Աղանդավորական շարքերից դուրս եկած անձին բուժվելու համար պետք է մեծ կամքի ուժ, մասնագետի համար անհրաժեշտ ու պարտադիր պայման է, որ հիվանդը (ում հետ հոգեբանը աշխատելու է) չպիտի հաճախի որեւէ աղանդի: Ք. Թորոսյանի փոխանցմամբ՝ կան հիվանդներ, որրոնք մասնագետի 10 օր տեւող աշխատանքից հետո հրաժարվում են աղանդից, բայց կան դեպքեր էլ, երբ կրկին նախընտրում են աղանդը: Հոգեբանի կարծիքով՝ շատ բան կախված է ծնողից, անընդունելի է, երբ կրոնական տարբեր կազմակերպություններ հաճախող ծնողները դեռեւս սեփական որոշում չկայացնող երեխաներին տանում են իրենց ետեւից: «Մենք որպես ազգ այսօր շատ գաղափարներ ենք կորցնում: Իսկ հայերիս ոչ թե պետությունն է պահպանել, այլ կրոնը: Մենք սկսում ենք մեր էթնիկ մտածելակերպը կորցնել ու այսպես շարունակելու դեպքում որպես ազգ մի օր կվերանանք»,- եզրափակեց հոգեբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել