Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Վարդան Գրիչենցի՝ Բաբկեն Վարդանյանի «Տարոն, տարոնականություն եւ հայոց բանակ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ:
Աշխատության բուն ասելիքը տարոնականության էության բացահայտումն է եւ հանրության շրջանում այդ էության արմատավորումը, ինչին կարելի է հասնել նոր սերնդին ինքնաճանաչողության մղելու շնորհիվ: Վերաարժեւորելով հայոց բանակի, հայ սպայության դասի դերն ու նշանակությունը հասարակության մեջ՝ հեղինակն անդրադառնում է եւս մեկ կարեւոր խնդրի՝ բանակի եւ դպրոցի փոխադարձ կապին: Պաշտպանության նախարար Ս. Օհանյանն իր խոսքում փաստեց, որ Վարդան Գրիչենցի երկերը նվիրված են մեր բազմադարյան պատմության վերաարժեւորմանը, ազգային ինքնության կնճռոտ խնդիրներին, համազգային գաղափարախոսության, հոգեւոր զարթոնքի առանցքային հարցերին: