Ամերիկյան բիզնես-կենտրոնում երեկ քննարկվեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ գործող օրենքը, որն ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին:
Առաջարկվում է տեղեկատվության հրապարակման մատչելիություն՝ պաշտոնական տեղեկագրերով, զանգվածային լրատվության միջոցներով, ինտերնետով կամ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներով: Հավանաբար, օրենքի նախագծի հեղինակները մտածեն անվերահսկելի ինտերնետային հնարավոր մեքենայությունների մասին էլ, որովհետեւ այն կարող է միջոց դառնալ ԶԼՄ-ին սխալ տեղեկատվություն փոխանցելու առումով:
Խմբագրվել է նաեւ օրենքի՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտոնապես իրեն տրամադրված տեղեկությունն օգտագործելու, փոխանցելու եւ տարածելու ցանկացած օրինական նպատակով եւ միջոցով» հոդվածը: «Անձ» բառը փոխարինվել է «ոք» բառով: Ի դեպ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջարկում է փոխել նաեւ օրենքի 9-րդ հոդվածը (Տեղեկություն ստանալու կարգը): Առաջարկվում է՝ «Տեղեկությունը փնտրելու եւ (կամ) ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին կարող են ներկայացվել բանավոր, գրավոր եւ էլեկտրոնային հարցումներ: Դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը» հոդվածը։ Չնայած չենք պատկերացնում, թե նախաքննություն, հետաքննություն իրականացնող մարմիններին, քրեակատարողական հիմնարկների պատասխանատուներին ինչպես կարող ես «համոզել» տրամադրել ինֆորմացիա՝ առանց «հիմնավորելու»: Նորամուծությունն այն է, որ բանավոր հարցմամբ դիմողը պարտավոր է նախապես հայտնել իր անուն-ազգանունը։ Այսինքն՝ ներկայանալ: Այս դեպքում, կբացառվի ինքնակոչ «առավոտական» կամ ինքակոչ «լրագրող» ներկայանալու սովորույթներից մեկն էլ: